Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

070 կոդով ՀՀ անձնագրերը խտրական վերաբերմունքի են արժանանում

Հուլիս 05,2024 21:40

ՀՀ անձնագիր ունեցող արցախցիների համար բռնի տեղահանումից հետո խնդիր էր դարձել նաև շենգենյան երկրներ մեկնելու համար անհրաժեշտ մուտքի արտոնագրի՝ վիզայի հարցը։ Տարբեր երկրների դեսպանատներ հրաժարվում էին անգամ ընդունել նրանց գործերը՝ մուտքի արտոնագրի համար, ասելով, որ մինչ այդ պետք է փոխեն անձնագրի 070 կոդը։ Խոսքը, մասնավորապես, Գերմանիայի, Չեխիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի դեսպանատների մասին է։

Գերմանիայի դեսպանատնից, օրինակ, նման բան են պատասխանել մերժման ժամանակ. «Դեսպանատունը ցավով տեղեկացնում է, որ ներկայումս հնարավոր չէ վիզա տրամադրել 070 ծածկագրով անձնագրերին: Այս թեմայով Հայաստանի իշխանությունների կողմից հրապարակված տեղեկատվության հիման վրա դեսպանությունը ներկայումս ենթադրում է, որ 070 ծածկագրով անձնագիրը փաստացի չի համարվում Հայաստանի քաղաքացու անձնագիր»։

Խնդրի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ էին ծավալվել ֆեյսբուքյան տարբեր խմբերում, որտեղ կոնկրետ օրինակներով մարդիկ իրենց բողոքն էին բարձրացնում:

Թեմային անդրադարձել էր արձագանքել է նաեւ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ խնդրի առնչությամբ քաղաքացիները նրան են դիմել։ «Մի շարք դեսպանատների կողմից արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու դիմումի մերժումը խախտում է Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի դրույթները»․ -գրել է Ստեփանյանը։

«Առավոտը» խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար դիմեց թեմային առնչվող տարբեր կառույցների: Գերմանիայի դեսպանատնից մեզ գրավոր պատասխանել են. «Առայժմ  և մինչև «070» գրասենյակի կողմից տրված անձնագրերի կարգավիճակի մասին պատկան մարմինների պարզաբանումները այսպիսի անձնագրեր ունեցող անձանց վիզայի դիմումները կընդունվեն»:

ԱԳՆ-ն մինչ այդ Փաստերի ստուգման հարթակին պատասխանել էր, որ ՀՀ կառավարությունը Հայաստանում գործող դեսպանատներին երբեք չի ներկայացրել որևէ պահանջ՝ 070 կոդ ունեցող անձնագրերի դեպքում եվրոպական երկրներ մուտքի արտոնագիր չտրամադրելու համար։

Հարցի պարզաբանման համար դիմեցինք նաեւ Ներքին գործերի նախարարություն: Նախարարության մամուլի քարտուղար, նախարարության հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանին:

– Ի՞նչ խնդիր կա Արցախից բռնի տեղահանված մեր համաքաղաքացիների՝ շենգենյան գոտու երկրների մուտքի արտոնագիր ստանալու համար, քանի որ շատ են բողոքները, որ 070 կոդով անձնագրերի դեպքում պարզապես չեն ընդունում գործերը:

-Այո, մեր նախարարությունում էլ ենք նման ահազանգեր ստանում, որ 070 կոդով անձնագրեր ունեցող մեր հայրենակիցներին, որոշ դեսպանատներ մերժել են մուտքի արտոնագիր տրամադրել, կան նաեւ, որ տրամադրել են: Կարող եմ ասել, որ ցանկացած երկիր ինքն է որոշում՝ մուտքի եւ ելքի կանոնակարգերը եւ, ըստ այդմ, նաեւ մուտքի արտոնագրի տրամադրումը, ուստի, այս առումով էլ ՆԳՆ-ն կամ ենթակա՝ Միգրացիայի կամ քաղաքացիության ծառայությունը որեւէ իրավասություն չունի մեկնաբանություններ անելու: 070 կոդով անձնագիր ունեցող մեր շատ հայրենակիցներ կան, որ ստացել են մուտքի արտոնագրերը, շատերն էլ՝ չեն ստացել: Այնպես որ, անկախ կոդից, ցանկացած քաղաքացի կարող է դիմել՝ ստանալ կամ մերժվել, տվյալ դեսպանատան կողմից:

-ՀՀ կառավարության որոշմամբ՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ՀՀ քաղաքացիություն է շնորհվում ու դրա համար պարտադիր պայման է 070 կոդով անձնագրերի փոխարինումը նոր անձնագրերով: Ի՞նչ հիմքով 070 կոդով անձնագրերը չեն համարվում Հայաստանի հանրապետության անձնագրեր:

-1999 թվականին, ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ կնքված համաձայնագրով, ԼՂՀ բնակչությանը տրամադրվել է 070 կոդով ՀՀ անձնագրեր՝ ազատ տեղաշարժ ապահովելու համար, սակայն, դա չի ենթադրել ՀՀ քաղաքացիություն: Ուստի, ԼՂՀ մեր հայրենակիցները պետք է դիմեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:

-Մինչ այս պահը քանի՞ մարդ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:

-Այս պահի դրությամբ, ԼՂՀ-ից բռնի տեղահանված 2701 անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, իսկ 1878 անձի արդեն իսկ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Քաղաքացիությունը ստանալուց հետո, տվյալ անձը մոտենում է անձնագրային ստորաբաժանում, վերցնում է անձնագիրը՝ արդեն ոչ 070 կոդով:

-ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը ի՞նչ առավելություն է տալիս տեղահանված մեր հայրենակիցներին:

-ՀՀ քաղաքացիությունը ենթադրում է ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներից օգտվելը եւ, այսպես ասած, ավելի ամուր կապ է ստեղծվում պետություն-քաղաքացի հարաբերություններում: Թյուր կարծիքներ կան ինչ-որ խոչընդոտների մասին. ոչ մի խոչընդոտ չկա: Ավելին, բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար, տվյալ անձինք պարտավոր են դառնալ ՀՀ քաղաքացի:

-Մյուս սոցիալական ապահովության ծրագրերից օգտվելու համար ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի՞ խանգարում:

-Ոչ, որեւէ խնդիր չկա: Թե 40+10, թե 100 հազարական դրամների տրամադրման ծրագրի պարագայում որեւէ խնդիր չի առաջանում, քանի որ խոսքը վերաբերվում է ոչ թե ԼՂՀ կամ ՀՀ քաղաքացիներին, այլ կոնկրետ տեղահանվածներին. նրանք բոլորը տեղահանվածներ են, եւ բոլորն իրավունք ունեն օգտվել սոցիալական ապահովության ծրագրերից:

-ՀՀ քաղաքացիության ձեռքբերումն արդյոք արդեն իսկ խոչընդոտ չի հանդիսանա հետագայում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ Արցախ հնարավոր վերադարձի եւ Արցախում իրենց իրավունքները պաշտպանելու համար:

-Որեւէ խոչընդոտ չկա. ցանկացած անձ, ցանկացած պահի կարող է դիմել ցանկացած ատյան, ընդհուպ մինչեւ ՄԻԵԴ:

Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ–ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ։

Ասպրամ Ավանեսյան

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031