Լրահոս
Օրվա լրահոսը

Նմանը չունեցող փառատոն՝ Գյումրու սրտում․ մանրամասնում է փոխքաղաքապետը

Հուլիս 05,2024 21:01

Հուլիսի 20-ին Գյումրիում կանցկացվի պանրխաշի համաքաղաքային փառատոն, որը նորույթ է հայկական իրականության մեջ, երբևիցե չի կազմակերպվել։

Գյումրու համայնքապետարանն  իր պաշտոնական էջում  հաղորդագրություն է տեղադրել՝ սննդի ծառայություն մատուցող կազմակերպություններին հրավիրելով մասնակցության։

Այն բավական լայն արձագանք է ստացել․ դարձել է վերջին օրերի ամենաքննարկվող թեման գյումրեցիների կողմից։ Նրանցից ոմանք հարց են հնչեցրել, թե ինչո՞ւ պանրխաշի փառատոնն անցկացնել  Գյումրիում, ոչ գյուղական համայնքներում։

Ու չնայած համայնքապետարանի պաշտոնական էջում նշված է նպատակը, այդուհադերձ Aravot.am-ը թեմայի շուրջ պարզաբանում խնդրեց Գյումրու համայնքապետի առաջին տեղակալ  Լուսինե Սանոյանից։

Համայնքապետարանի ֆեյսբուքյան  էջում գրված է ․ «Պանրախաշը յուրահատուկ նշանակություն ունի: Այս կերակրատեսակը առավել բնորոշ է Շիրակի մարզի բնակչությանը և մինչ օրս պատրաստվում է հայ ընտանիքներում, շատ ռեստորաններ ևս իրենց ճաշացանկերում ներառում են այս կերակրատեսակը: Հաշվի առնելով կերակրատեսակի արդիականությունը և յուրօրինակությունն՝ այն կարող ենք ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկի մեջ»:

Aravot.am- հետ զրույցում Լուսինե Սանոյանն ասաց, որ գաղափարը ծնվել է քննարկումների արդյունքում․ այն առաջարկել է «Մարիամ և Երանուհի  Ասլամազյան քույրերի պատկերասրահի» աշխատակցուհի Անի Հակոբյանը։

Գյումրու քաղաքային իշխանությունը մտադրված է եղել  որևէ գաստրո փառատոն անցկացնել Գյումրիում։ Երկար մտորելուց հետո եկել են այն եզրահանգման, որ մրցույթ-փառատոնը հնարավոր կլինի իրագործել  սրճարանների ու ռեստորանների ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությամբ, որոնք տեղում կկարողանան յուրովի պատրաստել Շիրակի մարզին բնորոշ այս ուտեստը։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն իր հրատարակած ուղեցույց-գրքում Շիրակի մարզին վերաբերող  հատվածում առանձնացրել է  այս դաշտավայրին բնորոշ  5 ուտեստներ՝ չանախը, թաթար բորանին, պանրխաշը, քյալլան և յաղլին։

«Պանրխաշն ընտրեցինք այն պարզ պատճառով, որ պատրաստելն ավելի հեշտ է, սննդի ծառայություններ մատուցող ընկերությունները կկարողանան  տեղում պատրաստել։ Բացի այդ, հարցում ենք  անցկացրել, թե ինչ կցանկային պատրաստել, նրանք ողջունել  են պանրխաշի գաղափարը։

Այս գաղափարը ընտրվեց նաև այն պատճառով, որ պանրխաշը բաղկացած է լավաշից ու չեչիլ պանրից։ Բոլորիս է հայտնի, որ չեչիլ պանիրը Շիրակի մարզի, այդ թվում Գյումրիի այսպես ասած՝ հպարտությունն է, որովհետև շատերն են գալիս Գյումրի, որպեսզի այցելեն շուկա և գնեն մեր չեչիլ պանիրը, որը անվանում են հայկական ռոկֆոր՝ իր կանաչ գույնի պատճառով։

Երկրորդ հանգամանքը, որն ի նկատի ենք ունեցել ընտրություն կատարելիս,  այն է, որ լավաշը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, իսկ չեչիլը ընդգրկված է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Լավաշը՝ 2014 թվականից, իսկ չելիլը՝ 2022։

Կա միտում, որ չեչիլն էլ պիտի մտնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ։

Այս դեպքում ուզում եմ հարց տալ՝ չարժե՞ր մեկ անգամ ևս հանրահռչակել չեչիլը, հիշեցնել մեր ուտեստի մասին։

Եթե հիշում եք, իմ պաշտոնավարման առաջին օրերին ուշադրություն դարձրեցի  դարբինների մեծարմանը, նրանց արհեստի հանրահռչակմանը․ Գյումրու դարբնագործությունը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Հիմա հերթը չեչիլինն է, թող գան զբոսաշրջիկները, համտեսեն, խոսեն մեր ուտեստի մասին, իսկ մենք հարստացնենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը»։

Փոխքաղաքապետն ասաց, որ մասնակցելու հայտ ներկայացրած սննդի օբյեկտների ցանկը բավական մեծ է, հայտատուներից բոլորը կարող են  պատրաստել պանրխաշ։ Ըստ նրա, եթե յաղլին առանձնահատուկ է․  կարող են պատրաստել մեկ կամ երկու սննդի ծառայություն մատուցող կազմակերպություններ, ապա պանրխաշը ընդգրկված է բոլորի ճաշացանկում։

Մեր զրուցակիցը մանրամասնեց, որ փառատոնը կլինի Գյումրու սրտում՝ Աբովյան կամ որ առավել հայտնի է՝ Ալեքսանդրովսկի ճեմափողոցում, կտեղադրվեն տաղավարներ։

«Մեծ հետաքրքրություն է ներկայացրել փառատոնը, այս պահին հայտագրված ընկերությունների թիվը հասնում է 20-ին։ Նրանք շատ խանդավառված են, ընդհուպ որոշները զգեստներ են պատվիրել, որպեսզի տարբերվեն մյուսներից։

Մենք փառատոնի նախորդ օրը վիճակահանություն կանցկացնենք, թե ով որ տաղավարում տեղավորվի։ Միջոցառումը կսկսենք ժամը 16․00-ին, նրանք մոտ մեկ ժամ պանրխաշ կպատրաստեն, որից հետո տեղի կունենա համտես, քվեարկություն ու «Գրան Պրի» կշնորհվի հաղթողին, դա կլինի աստղի տեսքով։

Մտածում ենք « Քաղաքացիների աստղ» անվանել,  երբ  այդ «Գրան Պրին»  փակցնեն սրճարանում կամ ռեստորանում,  մարդիկ տեսնեն, որ աստղի է արժանացել։ Կունենանք 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր՝ ըստ հավաքած ձայների, և բոլոր մասնակիցներին կհանձնենք շնորհակալագրեր»,-մանրամասնեց Լուսինե Սանոյանը։

Այս ամենը կուղեկցվի ազգային երգ-երաժշտությամբ ու պարերով։ Հանդես կգան ազգային պարային խմբեր, բենդեր։

Քաղաքային իշխանությունն ակնկալում է նաև զբոսաշրջիկների ակտիվ մասնակցություն, աշխատանք են տանում զբոսաշրջային ընկերությունների հետ։

Փոխքաղաքապետը նաև տեղեկացրեց, որ կառանձնացվի մեկ տաղավար, որտեղ քաղաքացիները  իրենց ձեռքով կպատրաստեն պանրխաշ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031