Անցած մեկ տարվա ընթացքում, ՀՀ 40 հազար քաղաքացուց՝ յուրաքանչյուրից 25-հազարական դրամ, ընդհանուր առմամբ՝ մեկ միլիարդ դրամից ավել գումար, օրենքի խախտման արդյունքում, գանձվել է պետական բյուջե. Aravot.am-ի հետ զրույցում ահազանգում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
Նիկոլ Փաշինյանին, որը ժամանակին հայտարարում էր՝ «քաղաքացին տուգանքի մատերիալ չի», Մեսրոպ Առաքելյանը հակադարձում է.
«Փաստորեն, քաղաքացին ոչ միայն տուգանքի մատերիալ է, այլ տուգանքի մատերիալ է՝ անգամ օրենքի խախտումով եւ թեեւ մեկ ամսի առաջ օրենքում փոփոխություն արվեց, բայց մինչ այդ, մոտ մեկ տարի 40 հազարից ավելի քաղաքացիներ տուգանվել են 25 հազարական դրամներով»:
Խնդիրը սկսվեց նրանից, որ 2023 թվականի հունիսի 1-ից գործողության մեջ դրվեց Վարչական իրավախախտումների մասին օրենքով սահմանված նորմը, այսպես կոչված, մգեցված ապակիներով երթեւեկության արգելքի մասով: Խախտման համար տուգանքը սահմանված էր նվազագույն աշխատավարձի 25-ապատիկի չափով:
Կարդացեք նաև
«Կա ԵԱՏՄ համապատասխան ակտ, որին միացել է ՀՀ-ն եւ ընդունելի է համարել մգացվածության ստանդարտ չափը»,- այդ ժամանակ հիմնավորել էր ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը:
«Դեռ այդ ժամանակ ակնհայտ էր, որ իրավախախտման կարգավորումները բավական թերի են»,- ասում է Մեսրոպ Առաքելյանը՝ հավելելով, որ իր մեքենան այս ընթացքում, մեկ անգամ մարզում, մեկ անգամ Երեւանում, տուգանել են՝ ապակիների համար:
«Ես դիմեցի դատարան: Երկու դեպքում էլ վճիռ հրապարակվեց, որ սխալ է եղել ոստիկանության տուգանքը եւ հենց այն հիմնավորմամբ, ինչը ես ասում էի: Այսինքն, իրավունք չկար տուգանելու, քանի որ կառավարության որոշմամբ տուգանքի չափ սահմանված չէ եւ ԵԱՏՄ կարգավորումներ չեն կարող տուգանքի հիմք հանդիսանալ: Սա խոսում է այն մասին, որ կառավարությունը իրավական փնթությամբ, քաղաքացիների դեմ հերթական նորմն է կիրառել»,- մանրամասնեց մեր զրուցակիցը, որն ավելի վաղ դիմել էր ՆԳ նախարարին՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը չափի խախտմամբ տրանսպորտային միջոցներ վարելու դեպքում նախատեսվող տուգանքը չկիրառելու առաջարկով՝ հաշվի առնելով, որ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 123-րդ հոդվածով նախատեսված է, որ ապակիների, արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափերը սահմանում է ՀՀ կառավարությունը: Սակայն ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում oգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 289-Ն որոշումը 13.01.2022թ.-ին թիվ 27-Ն որոշմամբ ուժը կորցրել է:
«Այլ իրավական ակտերով սահմանված կարգավորումները չեն կարող տուգանք առաջացնել, քանի որ նման կարգավորում չկա ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, և անհրաժեշտ է ընդունել կառավարության որոշում կամ կատարել փոփոխություն օրենքում»,-առաջարկել էր Մեսրոպ Առաքելյանը։
Փոփոխությունը կատարվեց միայն մեկ ամիս առաջ:
«Իրավաբանները, կարծում եմ լուծումներ կարող են գտնել, որպեսզի մարդկանց գումարները վերադարձնեն, քանի որ շատերը կարգավորումներին չեն տիրապետել եւ ավելորդ խնդիրներից խուսափելու համար, վճարել են այդ գումարները»,- ասում է մեր զրուցակիցը:
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ