Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյունիկ Աղաջանյան․ «Այս իշխանությունը մշտապես փորձում է հանդես գալ ժողովրդի անունից, սակայն գործում է հակառակ ժողովրդի շահերի»

Հուլիս 05,2024 17:05

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում շնորհավորելով Սահմանադրության օրվա առիթով՝ նշեց, որ դա այն հիմնարար փաստաթուղթն է, որը, ցավոք սրտի, այսօր էապես վտանգված է այս իշխանությունների ձեռամբ։

«Թեեւ նրանք նախկինում բազմիցս փորձ են արել եւ իրականացրել են սահմանադրական դրույթների էական խախտումներ, սակայն այսօր, ինչպես կառավարության ղեկին նստած անձի այսօրվա հայտարարության մեջ է ասվում, հավակնում են ուղղակի ջնջել այս սահմանադրությունը եւ փոխարինել մի ինչ-որ ձեւական փաստաթղթով, որը բացարձակապես չի բխելու մեր պետության հիմնաքարային նպատակներից, սկզբունքներից, մեր ժողովրդի շահերից։

Հատուկ կուզենայի շեշտել, որ այս իշխանությունները մշտապես փորձում են հանդես գալ ժողովրդի անունից, սակայն գործում են հակառակ ժողովրդի շահերի։ Եվ այստեղ պատահական չէ, որ դա զուգակցվում է մեր թշնամի երկրի ղեկավարի կողմից համապատասխան պահանջներով։

Այսօր սահմանադրությունը վտանգ է ներկայացնում այս իշխանության համար, քանի որ հղում ունի մեր Անկախության հռչակագրին, որը հաստատում է Արցախի հետ միավորման մեր ազգային նպատակը, նաեւ նշում է մեր ազգային նկրտումները, պահանջատիրությունը, որոնք մենք ունենք։

Սրանց կողմից փորձ արվող սահմանադրություն կոչվածը պետք է ձերբազատվի իրենց տերերի եւ թելադրողների համար մի քանի խնդիրներից։ Առաջինը Անկախության հռչակագրից հրաժարումն է, երկրորդ փորձը լինելու է Հայոց ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելու խնդրից հրաժարումը, երրորդը՝ Հայ Առաքելական եկեղեցու առանձնահատուկ դերից հրաժարումը, չորրորդը՝ Հայաստանը որպես չեզոք երկիր հռչակելը, ինչը ճանապարհ կհարթի այստեղից ռուսական ներկայությունը դուրս մղելուն եւ հետագայում արեւմտյան ու ՆԱՏՕ-ական ներկայությանը։ Այս ճանապարհով Ուկրաինան արդեն անցել է, եւ մենք տեսել ենք դրա նախադեպային գործողությունների հետեւանքը, ինչը հանգեցրել է այսօր Ուկրաինա պետության բացարձակ ավերմանը եւ պետության ու պետականության գրեթե բացառմանը։

Սահմանադրական դրույթների այս շարքը, որ այս իշխանության համար, ցավոք սրտի, խոչընդոտ է՝ իրականացնելու թուրք-ադրբեջանական տանդեմի հանդեպ իրենց հանձնառությունները, իրոք, դեռեւս ապահովում են մեր պետության, այսօրվա Հայաստանի Հանրապետության գոյությունը եւ մեր ազգային շահերի պաշտպանությունը։ Այս առումով ես կոչ կանեմ մեր ժողովրդին՝ բացարձակապես տուրք չտալ գործող իշխանությունների հայտարարություններին»,-ասաց դեսպանը։

Ձյունիկ Աղաջանյանը նշեց, որ մեր գործող սահմանադրության մեջ կան դրույթներ, որոնք ամբողջապես պետք է փոխվեն։ «Սակայն դա ամենեւին էլ չի նշանակում նոր սահմանադրություն եւ ամենեւին չի նշանակում այդ սահմանադրության մեջ մեր ազգային հիմնարար սկզբունքների բացառում, ինչը փաստացիորեն վտանգելու է մեր ինքնությունը»,-ասաց դեսպանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031