Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրախությամբ ընդունեք այն երեխաներին, որոնց Տերը տալիս է ձեզ որպես օրհնություն. Արմեն Հարեյան

Հուլիս 05,2024 16:34

Հայ առաքելական եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանն ընդգծում է՝ տիեզերքում չկա պատահականություն. «Աբորտով սպանելը մեղք է, ու դու չես կարող երջանիկ կյանք ունենալ դրանից հետո։ Օրինակ՝ կծնես մյուսին, ով կարող է 20 տարի հետո մի այլ արհավիրքից զոհվել»,-ասում է նա։

-Կիսասարկավագ, Դուք երբեմն բարձրաձայնում եք աբորտի մասին` նշելով, որ այն կատարելը մեղք է: Խնդրում եմ բացեք փակագծերը` ի՞նչ մեղքի մասին է խոսքը, երբ բժշկական տեսանկյունից սաղմը դեռևս ձևավորված մարդ չէ և կանանց իրավունք է տրված մինչև տասներկու շաբաթական հղիության ժամանակահատվածում առանց պատճառի ընդհատել հղիությունը:

-Երեխային սպանելը մեղք է։ Կարծում եմ՝ սա ոչ ոք չի վիճարկում, առավել ևս՝ սեփական երեխային սպանելը։ Դուք հարցի մեջ ասում էք՝ «բժշկական տեսանկյունից սաղմը դեռ ձևավորված մարդ չէ», իսկ Աստծո տեսանկյունի՞ց։ Ո՞վ կարող է ասել, թե հղիության որ պահից է կյանքը գոյանում կնոջ մարմնում։ Նաև ասում էք, որ՝ «կանանց իրավունք է տրված», այդ իրավունքը տրված է մարդկանցից։ Իսկ երբ սեփական երեխային աբորտով սպանող կինը իր Դատաստանի օրը կանգնի Քրիստոս Աստծո առաջ, ապա այն մարդիկ, ովքեր իրեն այս երկրի վրա իրավունքներ էին տվել, ի՞նչ եք կարծում, արդյոք կարո՞ղ են որևէ բանով օգնել այդ կնոջը իր մեղքից ազատվելու համար։ Իհարկե, չեն կարող։ Ուրեմն այս երկրի վրա, մարդը պետք է իմաստուն լինի ու իր ներսում ձևավորի Տիրոջ նկատմամբ սուրբ երկյուղն ու ակնածանքը, այլ ոչ թե հիմնվի մարդկային ունայն իրավունքների վրա, քանի որ իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է։

Աբորտը ահավոր մեղք է, որովհետև ձեռք է բարձրացնում սեփական երեխայի կյանքի վրա։ Դա անասելի դավաճանություն է սեփական երեխայի նկատմամբ՝ զուտ այն պատճառով, որպեսզի ծնողը փախչի կարճ հաճույքից հետո ստանձնած պատասխանատվությունից։ Սիրելի ընթերցողներ, աբորտ մի արեք, այլ ուրախությամբ ընդունեք այն երեխաներին, որոնց Տերը տալիս է ձեզ, որպես օրհնություն։ Իսկ եթե արդեն արել էք նման ոճիր, արտասուքով զղջացեք ու խոստովանեք ձեր մեղքը, փոխեք ձեր կյանքը և ապաշխարության կյանք ապրեք։

-Քիչ չեն դեպքերը, երբ կանայք իրենց նորածիններին եկեղեցիների բակում են թողնում, կամ էլ աղբարկղների մոտակայքում: Չունե՞ք մտահոգություն, որ աբորտներն արգելելու պարագայում այս տեսակ դեպքերի թիվը կաճի, և ավելի մեծ մեղք չէ՞ երեխայից այս եղանակով հրաժարվելը, քան վաղ ժամկետներում աբորտ կատարելը

-Դուք ինչպե՞ս եք կարծում, ո՞րն է ավելի լավ՝ սպանել երեխային ու ամբողջ կյանքում երեխայասպանի խարանը կրել ու այդպես կանգնել Աստծո Դատաստանի առջև՞, թե՞ ծննդաբերել այդ երեխային ու գոնե նրան կյանքի շանս տալ։ Մի՞թե սպանվելը, այն էլ սեփական մոր, հոր, տատիկի կամ ազգականի դրդմամբ ավելի լավ է, քան թե որբ ապրելը։ Դուք այդ երեխային արդյոք հարցրե՞լ եք, թե որ տարբերակը կընտրեր։

Բայց վերադառնանք առաջին հարցին։ Սա այն պատճառով է, որովհետև այս սերնդի մեջ չի նկատվում Աստծո նկատմամբ սուրբ երկյուղը։ Մարդիկ այնպես են ապրում ու մտածում, որ կարծես ոչ մահ կա, ոչ էլ Դատաստան։ Բայց հո սրանցից չե՞ս խուսափի։

Բայց այս հարցին պատասխանեմ նման մի հարցով։ Ո՞րն է ավելի մեղմ մեղք (եթե ծնողն անզգամ է ու մեղսասեր), ծնունդից հետո երեխայից հրաժարվե՞լը, թե՞ դեռ չծնված երեխային աբորտով սպանելը։ Ախր սարսուռ է անցնում մարդու միջով, երբ նա նույնիսկ մտածում է սեփական երեխային կտրել ու սպանելու մասին։

Եկեք մի բան լավ հիշենք՝ սաղմը կյանք է։ Ու ոչ ոք չգիտի, թե հղիության ո՞ր պահից է այդ կյանքը ձևավորվում։ Իսկ եթե հանկարծ պարզվի, որ Աստված իր հոգին այդ երեխայի ձևավորվող սաղմում դնում է հղիության հենց սկզբի՞ց՝ ապա ի՞նչ խղճով ու հանգստությամբ է ծնողը 5-րդ կամ 4-րդ շաբաթում աբորտով սպանելու այդ կյանքը։

-Որոշ երկրներում կան կազմակերպություններ, որոնք կանանց առաջարկում են աբորտի դիմելու փոխարեն ծննդաբերել ու անանուն հրաժարվել երեխայից։ Սակայն նման մոտեցումը հնարավոր է հետագայում ավելի մեծ մեղք դառնա, քանի որ երեխան չճանաչելով իր ազգականներին՝ նրանց հետ կարող է սեռական հարաբերությունների մեջ մտնել: Ի՞նչ լուծումներ եք տեսնում երեխաներին իրենց կենսաբանական ծնողների մոտ պահելու հարցում

-Այս հարցից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ արդարացվում է մի մեղք, մի այլ մեղքից խուսափելու համար։ Բայց դա ճիշտ ճանապարհ չէ։ Մենք պետք է հրաժարվենք մեղքից։ Իսկ ո՞վ է ասում, որ ծնողը պետք է հրաժարվի իր երեխայից։ Բայց մի մեղքը, այո, կարող է մի այլ մեղք ծնել։ Որպեսզի դա չլինի, պետք է կտրել մեղքի շղթան ու հրաժարվել չար կյանք ապրելուց։

Այս հարցը 20 տարի հետո թե ինչ է լինելու մասին չէ, այլ հենց այսօր բերել այն գիտակցությունը, որ երեխային աբորտով սպանելը մեղք է, ու դու չես կարող երջանիկ կյանք ունենալ դրանից հետո։ Օրինակ՝ կծնես մյուսին, ով կարող է 20 տարի հետո մի այլ արհավիրքից զոհվել։

-Ֆրանսիայում, թեպետ օրենքով ամրագրված է մինչև 12 շաբաթական հղիությունն ընդհատելու կնոջ իրավունքը, այնուամենայնիվ, այս տարի որոշվեց, որ անցանկալի հղիությունն ընդհատելու կանանց իրավունքը պետք է ամրագրվի նաև Սահմանադրությամբ: Այսպիսով` Ֆրանսիան աշխարհում առաջին երկիրն է, որն աբորտ կատարելու կնոջ իրավունքն ամրագրում է Սահմանադրությամբ: Ըստ երկրի ղեկավարության` կնոջ մարմինը կնոջ իրավունքն է, և ոչ ոք չի կարող նրանց փոխարեն որոշում կայացնել: Ինչո՞ւ է Ֆրանսիան գնացել այս քայլին և ըստ Ձեզ ի՞նչ խնդիրներ է լուծում:

-Ֆրանսիայի մասին չեմ կարող պատասխանել։ Ավելի լավ կլինի որ իրենք մտածեն, թե Աստծո Դատաստանի օրը ինչպես են կանգնելու Քրիստոս Աստծո առաջ։ Ես Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ եմ, Տեր Հիսուս Քրիստոսի հետևորդ, և ինձ համար ավելի կարևոր է, թե ինչպես ենք պատասխանատու լինելու Աստծո առաջ, քան թե որևէ այլ երկրի Սահմանադրությունը։

Կնոջ մարմինը՝ կնոջ մարմինն է, բան չունեմ ասելու, բայց այդ մարմնի Տերն Աստված է, ու երբ այդ մարմնի վրա հիվանդություններ ու ցավեր գան, կնոջ մարմինն իրեն պատկանելու պնդումը չի օգնի։

Մի գինեկոլոգ ինձ մի անգամ ասաց, որ իր բժշկական փորձառության մեջ, բոլոր այն կանայք, ովքեր տառապում էին արգանդի ուռուցքով, անխտիր մեկ և ավելի անգամներ աբորտ էին արել իրենց երեխաներին։ Քանի՞ հոգի է կարծում, թե այս բաները պատահական են։ Տիեզերքում չկա պատահականություն։

Բայց վերջում մի պատմություն պատմեմ, որը շատ մայրերի ու ծնողների պետք է մտածելու տեղիք տա։ Սա իրական դեպք է։ Մի կին պատմեց, որ 2000 թվականների սկզբին, երբ նոր էր ամուսնացել, առաջին անգամ հղիացավ ու աբորտ արեց, մտածելով, որ դեռ երեխաներ ունենալու ժամանակը չէ։ Ուզում էր կյանքը վայելել։ Հետո 2-րդին էլ աբորտ արեց։ Հետո երրորդին ծնեց՝ մտածելով, որ հիմա արդեն կարելի է։ Սիրով, ահով ու դողով բամբակի վրա մեծացրեց երրորդին։ Ու երբ երրորդը դարձավ 18 տարեկան, հանկարծամահ եղավ։ Պատկերացրեք կնոջ վիշտն ու տառապանքը։ Նա անաստված կյանք էր վարել ու ասում է՝ «Սողալով գնացի եկեղեցի աղոթելու», երբ դարձի եկա ու զղջացի՝ Աստված ողորմություն արեց և երազիս տղաս եկավ։ Ասաց, «մամ, մի տխրի, Քրիստոսով ապրի։ Իսկ ես լավ տեղ եմ, Աստծո մոտ։ Այստեղ են նաև իմ փոքրիկ երկու եղբայրները։ Ու նրանք սպասում են մի օր քեզ հետ հանդիպմանը։» Դե հիմա մտածեք, սիրելի ծնողներ, մի օր դուք ինչպե՞ս եք կանգնելու ձեր աբորտովսպանած երեխաների առաջ ու նայելու նրանց անմեղ աչքերին։ Էլ չեմ ասում, թե ինչպե՞ս էք կանգնելու Քրիստոսի առաջ՝ առանց այս ահարկու մեղքը զղջալու և առանց խոստովանության։

 

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031