«Ազատություն». Հայերի բռնի տեղահանման պահից Արցախում ադրբեջանական բուլդոզերների ակտիվ գործունեությունից հետո Ստեփանակերտ է այցելում Իլհամ Ալիևը՝ հողին հավասարեցված հայկական ժառանգության տեղում Ադրբեջանի ներկայության հերթական հիմքերը դնելու։
Իլհամ Ալիևի մասնակցությամբ ադրբեջանական անվան ներքո այսօր շահագործման հանձնվեց Ստեփանակերտի վերածննդի հրապարակի հարևանությամբ գտնվող «Վալեքս» գարդեն երբեմնի շքեղ հյուրանոցը՝ կառուցված 2000-ականներին։
Դատելով Ադրբեջանի նախագահականի հրապարակած լուսանկարներից՝ նոր սեփականատերերն այստեղ շատ բան չեն փոխել։
Կարդացեք նաև
Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում գտնվող «Արցախբանկի» շենքը ևս ադրբեջանական հյուրանոցի է վերածվել, Ալիևն այսօր այստեղ էլ էր լուսանկարվում։
Մի քանի քայլ հեռու՝ նախագահական նստավայրի դիմաց, որտեղ ուղիղ մեկ տարի առաջ շրջափակման ծանր պայմաններում գտնվող հազարավոր արցախցիներ հուսահատ օգնություն էին հայցում աշխարհից, այժմ Բաքուն հատուկ միջազգային նշանակության միջոցառումների համար «կոնգրես կենտրոն» է կառուցում։
Վերածննդի հրապարակից բացի Ադրբեջանի իշխանությունները վերացրել են նաև այլ հատվածներում հայերի հետ կապ ունեցող կառույցներ։ Թեև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը Ալիևի վարչակազմից պահանջել է պահպանել հայերի վերադարձի իրավունքը, շատերը հնարավոր վերադարձի դեպքում կարող են չճանաչել այն վայրերը, որտեղից տեղահանվել էին ամիսներ առաջ։
Ադրբեջանական աղբյուրների հրապարակած, ինչպես նաև արբանյակային լուսանկարների համաձայն, Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը։ Այս հատվածը հարում է Արցախի պետհամալսարանի տարածքին։
Լուսինե Մուսայելյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: