Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենուհի Կյուրեղյան․ «Մենք տեր ենք մեր սահմանադրությանը, տեր ենք մեր սահմանադրության անփոփոխելի հոդվածներին»

Հուլիս 05,2024 16:04

ՀՀ ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը «Հայելի» ակումբում շնորհավորելով ՀՀ սահմանադրության եւ ՀՀ պետական խորհրդանշանների օրը՝ նշեց, որ օրվա իշխանությունն ամեն ինչ արեց, որ մեր գործող սահմանադրության սահմանադրական կարգը խախտվի։ «Սահմանադրությունը եւ նրանց գործողությունները լրիվ հակասում են իրար։ Բայց ամեն դեպքում մենք միմյանց շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ՝ ուղերձ ենք հղում միջազգային հանրությանը, միմյանց եւ առավել եւս, այս իշխանությանը, որ մենք տեր ենք մեր սահմանադրությանը, տեր ենք մեր սահմանադրության անփոփոխելի հոդվածներին։ Եվ մենք պետք է հասկանանք, որ սահմանադրություն փոխելը ընդամենը Ալիեւի հանձնարարությունը, առաջարկն է, ինչը երեք-չորս օր առաջ նա նորից կրկնեց։

Ալիեւի ու Ադրբեջանի հատուկ հանձնարարություններով դեսպան Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհավորական խոսքում նշեց, թե հանրությունը կարիք ունի նոր սահմանադրության։ Ոչ, հանրությունը կարիք չունի նոր սահմանադրության։ Նոր սահմանադրության կարիք ունի Ալիեւը եւ դուք որպես նրա հատուկ հանձնակատար դեսպան»,-ասաց պատգամավորը։

Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ մեր սահմանադրությունը ունի անփոփոխելի հոդվածներ։ Եվ դրանք ընթերցեց, որպեսզի հասկանալի լինի, թե ինչու է նման պահանջ դրել Ալիեւը եւ ինչու է այսպես գլուխը կախ, «Ալիեւի առաջ մինչեւ գետինը խոնարհվող Փաշինյանը» նույն բանը կրկնում։ «Եթե հիմա խոսում են սահմանադրությունը փոխելու մասին, նշանակում է՝ նրանք խնդիր ունեն այս անփոփոխելի հոդվածների հետ։ Այս իշխանությունը այս հոդվածների հետ խնդիր ունի, որովհետեւ Ալիեւն է պահանջել դրանք փոխել»,-ասաց տիկին Կյուրեղյանը եւ չբացառեց, որ Ալիեւը նաեւ պահանջած լինի նոր հոդվածներ ավելացնել։ «Օրինակ, նա շատ հստակ ասել է, որ 300 հազար ադրբեջանցի պետք է վերաբնակեցվի Հայաստանում եւ սահմանադրությամբ պետք է ամրագրվի, որ նրանց անվտանգությունն ապահովելու համար պետք է լինեն արտաքին ուժերի կողմից ներգրավված եւ իրենց հետ համաձայնեցված հատուկ խաղաղապահներ։ Պարզ է չէ՞, որ խոսքը Թուրքիայի «խաղաղապահների» մասին է»,-ասաց Արմենուհի Կյուրեղյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը այս ամենը փորձում է մատուցել որպես ժողովրդի կամք, չնայած երբեք ժողովուրդը այս հոդվածների փոփոխությանը կողմ չի եղել եւ դրա անհրաժեշտությունը չկա։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031