103 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1921թ.հուլիսի 5-ին, Արցախի լեռնային մասը բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին:
1921թ.հուլիսի 4-ին Թիֆլիսում հրավիրվել է Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի պլենում, որտեղ, բացի բյուրոյի ութ անդամներից, ներկա է գտնվել նաև Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Իոսիֆ Ստալինը։
Արցախի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ ի հայտ է եկել լուծման երկու տարբերակ՝
1.Ղարաբաղը թողնել Ադրբեջանի սահմաններում, հանրաքվե անցկացնել ամբողջ Ղարաբաղում ողջ բնակչության մասնակցությամբ ինչպես հայերի, այնպես էլ մահմեդականների։
Կարդացեք նաև
2.Ղարաբաղի լեռնային մասն ընդգրկել Հայաստանի կազմի մեջ, հանրաքվե անցկացնել միայն Լեռնային Ղարաբաղում, այսինքն՝ հայերի շրջանում։
Վերոնշյալ երկու տարբերակներից քվեարկության արդյունքում ընդունվել է երկրորդ տարբերակը, այն է՝ Լեռնային Ղարաբաղն ընդգրկել Խորհրդային Հայաստանի կազմի մեջ, հանրաքվե անցկացնել միայն Լեռնային Ղարաբաղում, այսինքն՝ հայերի շրջանում։
Որոշման ընդունումից անմիջապես հետո Խորհրդային Ադրբեջանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Նարիման Նարիմանովը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ․ «Նկատի ունենալով այն կարևորությունը, որն ունի ղարաբաղյան հարցն Ադրբեջանի համար՝ անհրաժեշտ եմ համարում նրա վերջնական որոշման համար այն տեղափոխել Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե»։
Նարիմանովի հայտարարության հիման վրա որոշվել է հետևյալը.«Նկատի ունենալով, որ Ղարաբաղի վերաբերյալ հարցն առաջացրել է լուրջ տարաձայնություն՝ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոն անհրաժեշտ է համարում նրա վերջնական որոշման համար այն տեղափոխել Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե»։
Սակայն, հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին, կովկասյան բյուրոյի անդամներ Օրջոնիկիձեն և Նազարեթյանը բարձրացնում են բյուրոյի՝ նախորդ օրը տեղի ունեցած նիստում Ղարաբաղի վերաբերյալ ընդունած որոշումը վերանայելու մասին հարցը:
Դատելով կովկասյան բյուրոյի հուլիսի 5-ի պլենումի արձանագրությունից` կարող ենք պնդել, որ բարձրացված հարցի վերաբերյալ քննարկում և ապա քվեարկություն, որպես այդպիսին, տեղի չի ունեցել: Հարցն առանց քննարկելու և քվեարկության դնելու, որոշվել է հետևյալը.
«1.Ելնելով մահմեդականների և հայերի միջև ազգային խաղաղության և Ստորին ու Վերին Ղարաբաղի տնտեսական կապի, Ադրբեջանի հետ նրա մշտական կապի անհրաժեշտությունից՝ Լեռնային Ղարաբաղը թողնել ԱդրԽՍՀ սահմաններում՝ տալով նրան լայն մարզային ինքնավարություն ք.Շուշի վարչական կենտրոնով, որը մտնում է ինքնավար մարզի կազմի մեջ։
2.Հանձնարարել Ադրբեջանի կենտրոնական կոմիտեին որոշել ինքնավար մարզի սահմանները և ներկայացնել Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի հաստատմանը։
3.Հանձնարարել կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի նախագահությանը խոսել Հայաստանի կենտրոնական կոմիտեի և Ադրբեջանի կենտրոնական կոմիտեի հետ Լեռնային Ղարաբաղի արտակարգ կոմիսարի թեկնածության վերաբերյալ։
4.Ադրբեջանի կենտրոնական կոմիտեին․ որոշել Լեռնային Ղարաբաղի ինքնավարության ծավալը և ներկայացնել Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի հաստատմանը»։
Հարկ է նշել, որ Խորհրդային Ադրբեջանը դեռևս 1920թ.նոյեմբերին ճանաչել էր Արցախի լեռնային մասի պատկանելությունը Խորհրդային Հայաստանին:
1920թ.նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետությունում հաստատվում են խորհրդային կարգեր: Ի նշան Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման, Խորհրդային Ադրբեջանի հեղափոխական կոմիտեի նախագահ Նարիման Նարիմանովը շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ հայտնել է, որ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Հեղկոմն ընդունել է որոշում, ըստ որի «Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերը հայտարարվում են վերացված: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մասը»:
Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի վերոնշյալ որոշումը, ստորագրված Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի և արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովի կողմից, 1920թ.դեկտեմբերի 7-ին տպագրվել է Երևանում լույս տեսնող «Կոմունիստ» թերթի 2-րդ համարում հայերեն թարգմանությամբ:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման առթիվ 1920թ.դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը հրապարակել է նաև հռչակագիր, որտեղ վերջինս Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որոշակիորեն խմբագրել է Ադրբեջանի Հեղկոմի ընդամենը մեկ օր առաջ՝ 1920թ.նոյեմբերի 30-ին ընդունած որոշումը:
Հռչակագրում Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահը, մասնավորապես, հայտարարել է, որ «…Զանգեզուրի և Նախիջևանի գավառները հանդիսանում են Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը, իսկ Լեռնային Ղարաբաղի աշխատավոր գյուղացիությանը տրվում է ինքնորոշման լիարժեք իրավունք…»:
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, հռչակագիրը տպագրվել է Բաքվում լույս տեսնող ռուսալեզու «Կոմունիստ» թերթի 178-րդ համարում:
Հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի 1920թ.դեկտեմբերի 1-ի հռչակագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունների կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնությունը՝ Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը 1921թ.հունիսի 12-ին ստորագրել է դեկրետ, որով հայտնել է, որ այսուհետ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը.«Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Յեղկոմի դեկլարացիայի եվ Հայաստանի ու Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւնների կառավարութիւնների մէջ եղած համաձայնութեան հիման վրայ յայտարարւում է, որ Լեռնային Ղարաբաղը այժմեանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան անբաժան մասը»:
Դեկրետը հրապարակվել է Երևանում լույս տեսնող «Խորհրդային Հայաստան» թերթի 1921թ.հունիսի 19-ի համարում: Նույն թվականի հունիսի 22-ին դեկրետը տպագրվել է նաև Բաքվում լույս տեսնող «Бакинский рабочий» ռուսալեզու թերթում:
Փաստորեն, չնայած նրան, որ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի հուլիսի 4-ի նիստում քննարկման և քվեարկության արդյունքում որոշվել էր Լեռնային Ղարաբաղն ընդգրկել Խորհրդային Հայաստանի կազմի մեջ, իսկ այնուհետև Նարիմանովի հայտարարության հիման վրա էլ որոշվել էր հարցի վերջնական լուծման համար այն տեղափոխել Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե, հուլիսի 5-ին, հարցն առանց քննարկելու և քվեարկության դնելու, որոշվել է Լեռնային Ղարաբաղը մտցնել Խորհրդային Ադրբեջանի սահմանների մեջ։
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Արցախի հարցը վերջնական լուծման նպատակով չի տեղափոխվել Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե, ինչպես որոշվել էր կովկասյան բյուրոյի հուլիսի 4-ի նիստում:
Այսպիսով, 1920թ․ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հեղափոխական կոմիտեի որոշմամբ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մաս համարված և Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի 1921թ.հունիսի 12-ին ընդունած դեկրետի համաձայն Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղը, Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի՝ տարածքային հարցեր լուծելու իրավունք չունեցող երրորդ երկրի կուսակցական մարմնի չքննարկված և քվեարկության չդրված, այսինքն՝ ըստ էության չընդունված, անօրինական որոշմամբ, մտցվել է Խորհրդային Ադրբեջանի սահմանների մեջ։
Նկատի ունենալով վերոնշյալը՝ կարող ենք պնդել, որ Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի անօրինական որոշմամբ Արցախի տարածքը բռնի կցվել է Խորհրդային Ադրբեջանին՝ առանց հաշվի առնելու Արցախի ժողովրդի կամքը։
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
Քաղաքագետ