Լրահոս
Օրվա լրահոսը

«Զգուշացեք, թե ինչի կարող է բերել միավորումը Պուտինի ՌԴ-ի հետ»․ ԱՄՆ սենատորը՝ Ադրբեջանին

Հուլիս 05,2024 14:08

«Մենք հասկանում ենք, որ ՌԴ-ն այս տարածքում ակտիվորեն ներգրավված է, Իրանը անմիջապես ՀՀ-ի հարևանությամբ է գտնվում, և երևի չէին ցանկանա տեսնել ազատություններ, ժողովրդավարություն, առաջընթաց այն ուղղությամբ, որ ունեցել են մեր հայ բարեկամները»,- ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը։

Նա հայտնեց՝ իր գլխավորած պատվիրակությունը Ռումինիայում մասնակցում էր ԵԱՀԿ ԽՎ-ին և առաջին վայրը, որ այցելել են, Հայաստանն է։ Սենատորը նշեց՝ արձանագրել են՝ ՀՀ-ն դժվարին մարտահրավերներ ունի բոլոր ուղղություններով․ «Հիմա առավել քան երբևէ հստակ է, որ այստեղ կառավարությունը ՀՀ-ում, ՀՀ-ի ժողովուրդը ցանկանում են խաղաղության համաձայնագիր տեսնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, որ այն ամբողջականացվի և ստորագրվի, որ սահմանազատումն ու սահմանագծումն ավարտվի, որ վերջին պատերազմների ռազմագերիներն ազատ արձակվեն։ Ցանկություն կա այս երկրի ղեկավարների շրջանում, որ սահմանները վերաբացվեն։ Մենք ձեր կողքին ենք այս հարցում»։

Դիմելով ադրբեջանական գործընկերներին՝ ասաց․ «Ուզում եմ Ադրբեջանի մեր գործընկերներին և ԵԱՀԿ մյուս անդամներին ասել՝ զգուշացեք, թե ինչի կարող է բերել միավորումը Պուտինի ՌԴ-ի հետ։ Մեր բարեկամներին Ադրբեջանում ուզում եմ խորհուրդ տալ, որ փորձեն հասկանալ ազատության գինը, և մենք քանիցս դա տեսել ենք։ Այս զգուշացումն ուզում եմ փոխանցել բոլոր նրանց, որոնք Ադրբեջանում են, զգուշացեք, որ ռուսական մեծ արջը ևս մեկ անգամ չփորձի գերիշխող դիրք զբաղեցնել նախկին ԽՍՀՄ երկրի նկատմամբ»։

Press conference of members of the Congress delegation led by NA Speaker Alen Simonyan and US Senator Roger Wicker in the National Assembly. Yerevan, Armenia

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բին Քարդենը վստահեցրեց՝ այստեղ են ցույց տալու, որ Հայաստանի բարեկամն են․ «ՀՀ-ն այս դժվարին տարածաշրջանում առաջատարն է ժողովրդավարության ասպարեզում։ Ուզում ենք մեկ անգամ ևս ընդգծել մեր երկու երկրների միջև ամուր կապերը։ Այս բարեկամությունը շարունակելու է աճել։ Ընդունում ենք, որ այս պահին ձեր ամենամեծ մարտահրավերը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն է․ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները։ Մենք աջակցում ենք այդ համաձայնագրի կայացմանը, հասկանում, որ կան խոչընդոտներ, որ ՌԴ-ն բարեկամ չէ ՀՀ-ին Ադրբեջանի հետ համաձայնության գալու հարցում։ Տեղում տեսնում ենք անվտանգային մարտահրավերները, որ կան ձեզ համար։ Ագրեսիան ու էթնիկ զտումը, որն իրականացվել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ում, հասկանում ենք, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտություն է, բայց նաև պետք է լինի հաշվետվողականություն փախստականների առումով, պետք է լինի մշակութային ժառանգության պահպանման հարցը»։

Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Վիլսոնն էլ հավաստիացրեց՝ մենք բոլորս միասնական ենք, երբ խոսքը վերաբերում է հայ ժողովրդին աջակցելուն․ «Տեսել ենք տարածաշրջանային մարտահրավերները Հարավային Կովկասում, նաև ՀՀ-ի վերջին քայլերը, որ փորձել է իրեն հեռու պահել Պուտինի ազդեցությունից ու ավելի մոտենալ արևմուտքին։ Տեսել ենք նաև ՀՀ-ի անկախ արտաքին քաղաքականություն վարելու ցանկությունը և ՌԴ-ի կողմից ԽՍՀՄ-ը վերականգնելու նկրտումներին հակազդելու առումով քայլերը։ Անվտանգային համագործակցությունը խորացնելով՝ կարող ենք ապահովել, որ ՀՀ-ն լինի դիմակայուն արտաքին ճնշումների նկատմամբ։ Սա երկուստեք շատ լավ կլինի ՀՀ-ի ժողովրդի և տարածաշրջանի համար»։

Ջո Վիլսոնը հորդորեց Ադրբեջանին հնարավորինս արագ ամփոփել խաղաղության գործընթացը, իսկ Թուրքիայի՝ իրենց գործընկերներին հորդորեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն։

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031