Aravot.am-ի տեղեկություններով, հուլիսի 3-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ից հաղորդում է ստացվել, որ Քոբայր հուշարձանի տարածք հերթական ստուգայցի ժամանակ արձանագրվել է, որ Զանգակատուն-տապանատան պատերին կարմիր ներկով գրառումներ կան:
Ըստ նույն աղբյուրի, ՀՈԲ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել, որ պետական պահպանության ներքո գտնվող հուշարձանի պատերին կարմիր ներկով գրառումներ կատարելու փաստն առերևույթ պարունակում է հանցագործության տվյալներ, ուստի անհրաժեշտ է ՀՀ քր. դատ. օր.-ի 42-րդ, 173-րդ և 176-178-րդ հոդվածների պահանջներով նախաձեռնել քրեական վարույթ ու կատարել նախաքննություն:
Հաղորդումը եւ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու եւ հետագա ընթացքը որոշելու համար:
Նշենք, որ վանքը հիմնադրվել է 1171թ․ Կյուրիկե II թագավորի դստեր՝ Մարիանեի կողմից: Վանական համալիրի ընդլայնվել է XII-XIII դդ, երբ վանքը Կյուրիկյաններից անցել է Զաքարյաններին:
Կարդացեք նաև
Այժմ մասամբ պահպանվել են համալիրի երեք եկեղեցիները, զանգակատուն-տապանատունը, սեղանատունը, մատուռների, խաչքարերի եւ բերդապարսպի մնացորդները: Զանգակատուն-տապանատունը թվագրվում է 13-րդ դար: Զանգակատան գմբեթը վերականգնվել է 2012-2014թթ.: Կառույցն իր տիպով դասվում է հազվագյուտ շինությունների շարքին. առանձնահատուկ է զանգակատան և տապանատան միատեղումը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ hushardzan.am-ի