«ՀայաՔվե» նախաձեռնությունը շնորհավորում է բոլորիս ՀՀ պետական տոնացույցի կարևոր օրերից մեկի` Սահմանադրության տոնի կապակցությամբ, և հիշեցնում, որ դեռևս այս տարեսկզբին հանձնառություն է ստանձնել՝ պայքարելու գործող վարչախմբի հերթական հակազգային ու հակապետական գործընթացի դեմ։
Փորձեր են արվում` իրականացնելու սահմանադրական հեղաշրջում, ինչի մասին անթաքույց հայտարարել են գործող վարչախմբի ղեկավարը և նրա տարաբնույթ կամակատարները։ Սահմանադրական բարեփոխումների կեղծ քողի տակ փորձ է արվում վերացնելու հայկական անկախ պետականությունը՝ այն վերածելով Թուրքիայից ու Ադրբեջանից բացահայտ կախման մեջ գտնվող կիսապետական ինչ-որ կազմավորման։ Գործող վարչախմբի ներկայացուցիչներն իրենք են խոստովանել, որ այս ամենն արվում է Բաքվի և Անկարայի պարտադրանքով։
«ՀայաՔվեն» կտրականապես դեմ է այսպես կոչված «նոր սահմանադրության», իրականում` ալիևյան պարտադրանքի գաղափարին: Դրա նպատակը Հայաստանի անկախության հռչակագրի փաստացի չեղարկումն է, որով սահմանված են հայության հիմնական ազգային նպատակները՝ ազգային հզոր պետության կառուցում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում և դատապարտում, Հայաստանի և Արցախի վերամիավորում:
Անկախության հռչակագիրը սահմանադիր փաստաթուղթ է և հիմք է ծառայել Սահմանադրության ընդունման համար։ ՀՀ-ում չի կարող ընդունվել և գոյություն ունենալ մի Սահմանադրություն, որը կհակասի Անկախության հռչակագրի սկզբունքներին և պահանջներին։
«ՀայաՔվե» նախաձեռնություն