Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանկուց սեր ունեմ պատմական ֆիլմերի հանդեպ». Անդրանիկ Բերբերյան

Հուլիս 05,2024 13:30

Կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Անդրանիկ Բերբերյանը, որ երեք տարի առաջ հիմնադրել է «Բերբերյան Պրոդաքշն Ստուդիոսը», Aravot.am-ի հետ զրույցում նշեց, թե ինչպես են օգտագործում «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում ստացված դրամաշնորհը եւ ինչ յուրօրինակ նախագծեր են իրականացնում:

«Բերբերյան Պրոդաքշն Ստուդիոսը», որը միտված է զարգացնել կինոերաժշտությունը, մասնագիտացած կենտրոն է՝ տարբեր միջոցառումների երաժշտության ստեղծման, հնչյունային հետարտադրական աշխատանքների իրականացման համար: Մենք թիմային ձեւաչափով ենք աշխատում, ինչի համար մեզ պետք էր որոշակի աջակցություն: Դրա համար դիմեցինք Artbox -ին, որը մեզ հնարավորություն տվեց ութշաբաթյա դասեր անցնել ու հմտանալ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմավարական եւ բիզնես մտածողության:

Այնուհետեւ ծրագրի վերջում ստացանք դրամաշնորհ, որը կկարողանանք կիրառել մեր ստուդիայի զարգացման համար: Փորձելու ենք եւ նոր աշխատակիցներ ներգրավել, կարողացել ենք նաեւ որոշակիորեն թարմացնել մեր սարքավորումները: Այդ առումով կարեւոր էր այդ դրամաշնորհը, որի շնորհիվ կկարողանանք դուրս գալ միջազգային շուկա, համագործակցություններ ունենալ շուկայի մեծ խաղացողների հետ»,-ասաց Անդրանիկ Բերբերյանը:

Հիշեցնենք, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, համագործակցելով Creative Armenia-ի հետ եւ ԵՄ ֆինանսավորմամբ, նախաձեռնել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանում ստեղծարար արդյունաբերությունը։ Եվ «Բերբերյան Պրոդաքշն Ստուդիոսը» դրամաշնորհ ստացողներից մեկն է:

Անդրանիկ Բերբերյանն ասաց, որ այս պահին աշխատում է մի քանի ֆիլմի վրա, որոնցից 3-ը լիամետրաժ վավերագրական ֆիլմեր են. «Աշխատում եմ պրոդյուսեր Լեւոն Մանասյանի եւ ռեժիսոր Վագա Վարդանյանի հետ, ում հետ իրականացվում են պատմական ֆիլմի ստեղծման աշխատանքները: Արտավազդ Երկրորդի վերաբերյալ ֆիլմ է նկարահանվում, մյուս նախագիծը՝ երկու մասից բաղկացած ֆիլմաշար է՝ Տիգրան Մեծ արքայի մասին: Այս թեմաները շատ կարեւոր են ինձ համար, որովհետեւ այսպիսի մոտեցումներով, վիզուալներով ու սցենարական գծով մեր պատմությունը ներկայացնելը եւ ճանաչելը առաջնային է, նաեւ կարեւոր է դասեր քաղելը մեր անցյալից:

Ես մանկուց մեծ սեր ունեմ պատմական ֆիլմերի հանդեպ, դրա համար ուրախությամբ եմ այս ֆիլմերի վրա աշխատում: Իրենց հետ համագործակցել եմ նաեւ «Ուրարտու. Մոռացված թագավորություն» վավերագրական ֆիլմի շրջանակում:

Միեւնույն ժամանակ աշխատում ենք ռեժիսոր Աննա Հարությունյանի հետ՝ «Մեդալի հակառակ կողմը» գեղարվեստական ֆիլմի վրա: Դա սպորտային դրամա է՝ մեր ծանրորդուհի, չեմպիոն Նազիկ Ավդալյանի կարիերայի եւ կյանքի մասին: Նման ֆիլմերը նույնպես կարեւորում եմ՝ մենք պետք է ճանաչենք մեր կողքին ապրող հերոսներին, որոնք աշխարհի տարբեր երկրներում իրենց հաղթանակների շնորհիվ ծածանում են Հայաստանի դրոշը: Այսօր, առավել քան երբեւէ, մեր ազգին պետք են հերոսներ՝ մոտիվացնելու, ոգին բարձրացնելու համար»:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ «Անահիտ» մրցանակաբաշխությանը, որին մեր զրուցակիցն առաջադրված էր «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում՝ երկու ֆիլմերով (Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» եւ Էդգար Բաղդասարյանի «Յաշա եւ Լեոնիդ Բրեժնեւ»): «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար Անդրանիկ Բերբերյանը ստացել է «Անահիտ» մրցանակ:

Մեր զրուցակիցը խոսեց նաեւ այլ նախագծերից. «Գրել եմ ՎԶԵԲ-ի գործարար համաժողովի բացման գալահամերգի երաժշտությունը: Միջոցառումը ժամանակակից բեմադրություն ուներ, խորեոգրաֆը՝ Հովհաննես Սարգսյանն էր, ռեժիսորը՝ Նաիրե Ստեփանյանը: Նախագիծն իրականացավ մեր ստուդիայի եւ «Բեգրաունդ Փրոդաքշնի» հետ համագործակցությամբ:

«Նախորդ տարի էլ «Բեգրաունդ Փրոդաքշնի» հետ համագործակցությամբ իրականացրել էինք Եվրոպայի ծանրամարտի առաջնության շոուն: Նման նախագծերը եւս շատ պատասխանատու են, որովհետեւ դու ներկայացնում ես հայկական մշակույթը՝ ստեղծելով նոր ստեղծագործություններ»,-ընդգծեց կոմպոզիտորը:

Մանուկների համար նկարահանված «Սեւանիկ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ-հեքիաթից էլ խոսեցինք, որի ստեղծման ժամանակ «Բերբերյան Պրոդաքշն Ստուդիոսը» համագործակցել է On/Off Studio-ի հետ: Նախագծին աջակցել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Անդրանիկ Բերբերյանը նշեց, որ հնարավորություն կա ֆիլմի այլ մասեր եւս նկարելու. «Նախագիծը կրթական բնույթ ունի, էկոլոգիապես մաքուր Հայաստանի գաղափարն է շեշտադրվում, շատ կարեւոր է երաժշտությունը, որը մատչելի պետք է կլինի մանուկների համար եւ կրթական կոդ ունենա՝ ամփոփելով մեր ֆոլկլոր մտածելակերպը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Լուսանկարները տրամադրել է Անդրանիկ Բերբերյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031