Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը «Հայելի» ակումբում ասել էր, որ նամակով դիմել է Մայր աթոռին` խնդրել օրհնել իր «Վերա» ֆիլմը եւ հոգեւորական խորհրդատու տրամադրել, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել Մայր Աթոռից, բայց դրանից իր հավատը Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ չի սասանվել:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանության խնդրանքով դիմեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանին: «Բոլոր նամակները, որոնք ուղղվում են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին, հավուր պատշաճի ստանում են իրենց պատասխանները»,-մեզ փոխանցեց տեր Եսային:
Հովհաննես Գալստյանը նույն ասուլիսում նաեւ ասել էր, որ բացի Մայր Աթոռից՝ նամակով դիմել էր նաեւ Ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի նկարահանումների համար իրեն մեքենա տրամադրեն, իրեն զանգել ու ասել էին, որ պարեկային մեքենան չի սազում ֆիլմին, փոխարենը ճանապարհային ոստիկանության մեքենա են առաջարկել: Ռեժիսորի ձեւակերպմամբ, ինքը ճշմարտությունը հայտնելու կողմնակից է, եւ միշտ «սեւին սեւ է ասում, սպիտակին՝ սպիտակ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ