«Մենք եղել ենք ՀՀ-ի բարեկամը, կանք և կլինենք։ Նոր ստեղծվող կառավարության շրջանակում հարաբերությունները ՀՀ-ի հետ առավել կզարգանան»,- Երևանում՝ Իրանի դեսպանատանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով լրագրողների հարցին՝ ինչպիսի՞ն կլինի Իրանի քաղաքականությունը նոր կառավարության օրոք, քանի որ մտահոգություններ կան, որ առաջատար թեկնածուներից Մասուդ Փեզեշքիանն ունի ադրբեջանական արմատներ։
Այսօր ժամը 08։00-ից մեկնարկել է Իրանի նախագահական 14-րդ ընտրությունների երկրորդ փուլը։ Երևանում ընտրատեղամասերից մեկը դեսպանատանն է, մյուսը՝ Երևանի Կապույտ մզկիթում, և մեկ շրջիկ քվեատուփ է նախատեսված Իրանի քաղաքացիների համար, որոնք առողջական պատճառներով չեն կարող այցելել ընտրատեղամաս, կամ գտնվում են քրեակատարողական հիմնարկներում։
Իրանի դեսպանը վստահեցրեց՝ իրենց քաղաքականությունն է զարգացնել և ընդլայնել համագործակցությունը հարևան երկրների՝ այդ թվում ՀՀ-ի հետ։ Նա հավաստիացրեց՝ այս սկզբունքային քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում։
Կարդացեք նաև
Լրագրողների հիշեցմանը՝ ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարները բազմիցս կարևորել են Ադրբեջանի տարածքով հյուսիս-հարավ ճանապարհի իրագործումը և հարցին՝ ինչքանո՞վ եք իրատեսական համարում, որ ՀՀ-ն մաս կդառնա այս միջազգային տրանսպորտային միջանցքի, Իրանի դեսպանը պատասխանեց․ «Այդ տրանսպորտային միջանցքային հատվածը, որն անցնում է ՀՀ-ով, լուրջ այլընտրանք է և հնարավորություն է ընձեռում դեպի Սև ծով դուրս գալ, որն ավելի կարճ ճանապարհ է համարվում։ ՀՀ-ով անցնող այդ հատվածի շինաշխատանքներն Ագարակ-Քաջարան հատվածում արդեն սկսվել են, և սա հստակ ծրագիր է, որը պետք է իրականացվի։ ՀՀ կառավարությունը բավականին լուրջ բյուջե է հատկացրել հարավային հատվածում շինաշխատանքները իրականացնելու համար, և դա դրական քայլ ենք համարում։ Այդ ճանապարհները մեկը մյուսի փոխարեն չեն, այլ մեկը մյուսին լրացնող։ Ուղղակի ՀՀ-ի տարածքով դեպի սև ծով ճանապարհը երկու օրով նվազեցնում է ճանապարհի տևողությունը մինչև Սև ծով հասնելու համար»։
Փաստմանը՝ ԱՄՆ-ն ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է անում հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքել և հարցին՝ արդյոք Իրանը տեղեկացվա՞ծ է այս հարցով ընթացող բանակցությունների մասին, Մեհդի Սոբհանին պատասխանեց․ «Մենք ողջունում և աջակցում ենք այն ջանքերը, որոնք գործադրվում են ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից խաղաղության հասնելու համար։ Մենք դեմ ենք պատերազմին և կողմ ենք խաղաղությանը։ Մեր սկզբունքային դիրքորոշումն է՝ տարածաշրջանում խաղաղությանն այլընտրանք չկա։ Նրանք փոխանակ հենվեն տարածաշրջանում ժողովուրդների խաղաղության, անվտանգության և հանգիստ ապրելու վրա, այլ նպատակներ են հետապնդում։ Եթե նրանք ցանկանում են այսպիսով դուրս թողնել այս բանակցություններից որոշ երկրների, դա նշանակում է՝ նրանց ցանկությունն ինքնատիպ չէ։ Ցանկանում ենք, որ համապարփակ խաղաղություն տիրի»։
Լրագրողների դիտարկմանը՝ դեսպանը նշեց, որ Արևմուտքը որոշ երկրների ցանկանում է դուրս թողնել բանակցություններից և հարցին՝ 3+3 ձևաչափում ի՞նչ ապագա է տեսնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար, Մեհդի Սոբհանին պատասխանեց․ «Ես չեմ ասում, որ ուզում են մի երկրի դուրս թողնել։ Խաղաղության հաստատման գործում ինչին նրանք հետամուտ են լինում, իրենց նպատակներն են հետապնդում տարածաշրջանում։ Տարածաշրջանում ժողովրդի կայունության և հարատև խաղաղության համար նրանք ունեն երկարաժամկետ նպատակներ և այդ հիմքով գնահատականներ են ներկայացնում խաղաղության հասնելու նպատակների համար։ Նրանք փորձում են Կովկասը վերածել մի պլատֆորմի՝ հաշվեհարդար տեսնելու այլ երկրների հետ։ Այն փորձը, որ մենք ունենք մեծ սատանայի՝ ԱՄՆ վարքագծի նկատմամբ վատատես ենք տրամադրված նրանց կողմից արտահայտված մտքերի ու արտահայտությունների առիթով։ Մենք չենք հավատում, որ նրանք տարածաշրջանի ժողովրդի բարին են ցանկանում։ Նրանք այնքան հեռու են, որ երբևիցե այդ լարվածության ազդեցությունը նրանց վրա ազդի։
Գտնում ենք, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում։ Ցանկացած պատերազմ, եթե տեղի ունենա տարածաշրջանում, դրա հետևանքներն անդրադառնալու են տարածաշրջանում ապրող ժողովուրդների վրա։ Ուստի եթե ասում ենք՝ 3+3, դա տարածաշրջանի երկրների և այն երկրների մասին է, որոնք իրար հետ ունեն հակամարտություն, այդ շրջանակի ընդգրկումն է, որի միջոցով մենք պետք է հասնենք խաղաղության։ Սա պետք է դիտարկել մի փաթեթի շրջանակում՝ առևտրի, տնտեսական հարցերի, այդ տարածաշրջանում ապրող ժողովուրդների փոխադարձ այցելությունների համատեքստում․ միայն քաղաքական հարցերը չպետք է դիտարկել»։
Սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին էլ Մեհդի Սոբհանին ասաց․ «Մեր դիրքորոշումը նախկինում էլ հայտարարել ենք՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին է։ Այն փաստաթղթերը, ըստ որոնց երկրներն իրենց անկախությունը ճանաչել են, մեր դիրքորոշումն այդ հարցի մասին այդպիսին է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ