«Հրապարակի» զրուցակիցը Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանն է:
– Առաջին ատյանի դատարանը վճռել է Ձեզնից և Ձեր տիկնոջից բռնագանձել 1 միլիարդ 286 միլիոն դրամ, 2 գույք: Պատրաստվո՞ւմ եք վճարել այդ գումարը:
– Իհարկե` ոչ, չեմ պատրաստվում:
– Իրավապահ համակարգը հաղորդագրություններ է տարածում, որից տպավորություն է ստեղծվում, որ այդ վճիռն արդեն ուժի մեջ է մտել և Դուք գումարը փոխհատուցելու եք:
Կարդացեք նաև
– Նման բան չկա, Վերաքննիչ, Վճռաբեկ՝ բողոքարկելու ենք, հարկ եղած դեպքում դիմելու ենք ՄԻԵԴ։
– Քանի որ Դուք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան եք, կա տեսակետ, որ այս վճիռն ունի քաղաքական երանգներ: Հնարավո՞ր է, որ իշխանություններն այս քայլով փորձում են իրենց քաղաքական հակառակորդներին չեզոքացնել:
– Ես այս հարցն ընդհանրապես չեմ ցանկանում քաղաքականացնել: Լրատվամիջոցներն են առավել շատ այս հարցը քաղաքականացնում, բայց չեմ հասկանում ինչի՞ համար, ի՞նչ կապ ունի Գագիկ Ծառուկյանն առհասարակ այս գործի հետ: Ասում են, որ 1997 թվականից ապօրինի գույքեր են հայտնաբերել, ի՞նչ կապ կարող է ունենալ Ծառուկյանը դրա հետ: Ես հասկանում եմ, որ բոլորին քաղաքական ենթատեքստ է պետք, բայց 1997-ից տասը տարի անց եմ ես Գագիկ Ծառուկյանի հետ բարեկամացել:
– Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ 1997 թվականին ձեռք բերված գույքի օրինականությունը մինչ օրս չեք կարողացել ապացուցել:
– Դե նայած թե ում կարծիքով չեմ կարողացել ապացուցել: Ես ամբողջովին ամեն ինչ ապացուցել եմ, այնտեղ կա իքս գումար, որին կանդրադառնան փաստաբանները: 2003 թվականին հայրս դրսից մեծ գումար է բերել, որից մի մասն է ընդամենը տրամադրել ինձ, բանկային ողջ գործարքն էլ երևում է: Նոտարով երդում- հավաստագիրը տրված է, դատարանում ամեն ինչ կա:
– Դա նշանակում է, որ հաջորդ ատյաններում, կամ գուցե միջազգային ատյաններում կարողանալու եք հասնե՞լ դատարանի որոշման չեղարկմանը:
– Հույս ունեմ, որ արդարադատությունը դեռ չի սատկել Հայաստանում, ինձ համար անհասկանալի է, որ ես թաք (մինուճար) տղա լինելով, ստացել եմ գումարը հորիցս, բայց իրենք չեն հավատում, որ թաք տղա լինելով այդ գումարը ինձ է տվել, այդ ժամանակ, ես 23 տարեկան տղա եմ եղել: Չեմ կարողանում հասկանալ, թե ո՞ր 23 տարեկան տղան կարող է 3 միլիոն դոլար գումար հայթայթել: Դա հնարավոր է միայն հանցագործություն կատարելու դեպքում, իսկ եթե 3 միլիոնի հանցագործություն արած լինեի, հիմա բերդում մեռած կլինեի:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: