Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչու «ժողովուրդը» չի ուզում իշխանափոխություն

Հուլիս 05,2024 10:00

«Եթե Հայաստանի ժողովուրդը ցանկանա ինձնից ազատվել, նա կազատվի». – սիրում է կրկնել վարչապետ Փաշինյանը: Ինչպես արդեն առիթ եմ ունեցել ասելու, ես կաշկանդված չեմ նրա հետ բոլոր դեպքերում չհամաձայնելու պարտադրանքով: Կարծում եմ, որ այս դեպքում նա միանգամայն իրավացի է: Պարզապես «ժողովուրդ» վերամբարձ արտահայտությունը ես կփոխարինեի «ՀՀ քաղաքացիների մեծամասնություն» իրավական բովանդակություն ունեցող հասկացությամբ:

Իսկ ինչո՞ւ այդ մեծամասնությունը չի ուզում ներկայիս իշխանությունից ազատվել: Փաշինյանն ասում է, որ այդ մեծամասնությունը (իր եզրաբանությամբ, «ժողովուրդը») խիստ մտահոգված է հայոց պետականությամբ, «իրական Հայաստանով», 29 հազար 743 քառակուսի կիլոմետրով եւ այլն: Այ, դա արդեն սուտ է՝ դա ուղղակի «փաթեթավորում» է՝ իրական եւ շատ ազդեցիկ քարոզչական թեզերի համար:

Որոնք են իրական պատճառները, որ «ժողովուրդն» իշխանափոխություն չի ցանկանում: Իհարկե, մի մասը շարունակում է երկրպագել Փաշինյանին՝ որպես հեղափոխության առաջնորդի, «պարկեշտ», «հայրենասեր» մարդու, որն իբր վերջ է տվել կոռուպցիային: Կան մարդիկ, որոնք անկեղծորեն ուրախանում են, որ ներկայիս իշխանությունը հանգիստ է թողել մանր ու միջին բիզնեսը, կամ՝ որ Երեւանում նոր, գեղեցիկ ավտոբուսներ են շրջում: Այդ ամենը կարելի համարել քիչ թե շատ «օբյեկտիվ» բացատրություններ:

Մնացածը քարոզչության արդյունքն է: Քաղաքացիների զգալի մասն ուրախ է, որ Փաշինյանը վիրահատական ճանապարհով լուծել է Արցախի խնդիրը, ու այլեւս անհրաժեշտություն չկա այդ հարցի շուրջ, ինչպես նաեւ մեր արցախցի հայրենակիցների մասին մտածելու: Այդ զգացողությունն ուժեղանում է «ղարաբաղցիների» հանդեպ պաշտոնական քարոզչության կողմից ատելության բորբոքմամբ, ինչպես նաեւ, իմ կարծիքով, հրեշավոր (ու հակապետական) թեզերով, որ 1988-ի շարժումը պետք չէր սկսել, պետք չէր «աչք դնել ուրիշի հողի վրա եւ զավթել այդ հողը»: Այս հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը խորը ներդաշնակության մեջ է, բայց մեր երկրում կան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք այդ, ես կասեի, մարդակեր թեզերին հավատում են:

Սակայն «ժողովրդական տրամադրությունների» կենտրոնական տեղը շարունակում է զբաղեցնել «թալանը»: «Ժողովուրդը» որոշ չափով նաեւ դժգոհ է Փաշինյանից, բայց ոչ այն պատճառով, որ նա պարտվել է պատերազմում, ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս եւ դուռ բացել հայերի նոր ցեղասպանության համար, այլ՝ որովհետեւ… նա չի պատժել «թալանչիներին»: «Ժողովրդի ներկայացուցիչները» չեն հասկանում, որ «նախկիններին» քաղաքական ասպարեզում թողնելն այս իշխանության հարատեւության գործոններից մեկն է:

Կան հազարավոր մարդիկ, որոնց ինտելեկտը միանգամայն բավարար է՝ ամեն ինչ շատ լավ հասկանալու համար, բայց նրանք չեն ուզում դուրս գալ հարմարավետության գոտուց եւ ձայն չեն հանում կամ, ավելի վատ, փառաբանում են Փաշինյանին: Դա, իմ համոզմամբ, խայտառակություն է՝ նույնքան մեծ խայտառակություն, որքան պատերազմում պարտվելը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    «Կան հազարավոր մարդիկ, որոնց ինտելեկտը միանգամայն բավարար է՝ ամեն ինչ շատ լավ հասկանալու համար, բայց նրանք չեն ուզում դուրս գալ հարմարավետության գոտուց եւ ձայն չեն հանում կամ, ավելի վատ, փառաբանում են Փաշինյանին: Դա, իմ համոզմամբ, խայտառակություն է՝ նույնքան մեծ խայտառակություն, որքան պատերազմում պարտվելը:» – շատ տեղին է ասված և հենց գիտակից շերտի կողմից հարմարավետության գոտուց դուրս չգալու մորթապաշտությունն է մեր ազգի անհաջողությունների գլխավոր պատճառը: Ի՞նչ կարելի է անվանել սրան, եթե ոչ ինտելեկտուալների ստոր պահվածք: Եթե բավարար ինտելեկտ ունեցողները իրենց պահում են այսպես, ապա ումի՞ց նեղանանք՝ անբավարար ինտելեկտ ունեցողների՞ց, «զոմբիացած» շերտի՞ց, «աբիժնիկների՞ց», անգրագետ խավի՞ց:
    Փառապանծ Գարեգին Նժդեհը պատահաբար չի նամակով դիմել հայ մտավորականությանը և հիշեցրել նրան իր անելիքների մասին: Ներկայիս մեր բոլոր հայ գիտակից մարդիկ ոչ թե ցանկալի է, այլ պարտավոր են Նժդեհ կարդալ և հասկանալ, թե ինչպես պետք է իրեն պահի մտավոր ունակություն ունեցող յուրաքանչյուր մարդը և ի՞նչ արժեք պետք է ունենա Հայրենիքը նրա համար:

  2. Gohar says:

    Ինչպես տարիներ շարունակ օրս սկսել եմ ” Առավոտ”-ով եվ այդպես էլ շարունակում եմ ։ Գիտեք ինչու՞։ Որովհետեվ միա՛յն այստեղ են, որ իմ հայացքները , մտքերը համընկնում են օբյեկտիվորեն լուսաբանող իրավիճակի արտացոլումը ներկայացնող Արամ Աբրահամյանի արտահայտած մտքերին ։ Այսօրվա “՛Հայ Մարդու” ընդգծած պարագրաֆը ե՛ս էի ուզում առանձնացնել ։ Եվ ինչքան խորություն է պարունակում այսօրվա շեշտադրումը։

  3. Հայ says:

    Ինչու Ադրբեջանն ու Թուրքիան չեն սեղմում օղակը: Ճիշտն ասած չեմ կարծում որ ինձնից են վախենում կամ Նիկոլի, կամ Քոչարյանից։
    Ռուսները ձեռքերը լվացել են,Իրանը նույնպես չի ներքաշվի պատերազմի մեջ մեր համար։
    Կարծում եմ,որ արևմտյան ուժերն են
    սանձերը վերցրել իրենց ձեռքը։
    Ես կոնկրետ իշխանափոխություն այս պահին չեմ ուզում,որովհետև Նիկոլը որպես ղեկավար այս պահին գոյություն չունի և անվերապահորեն հնազանդվում է այն կառույցներին,որոնք զսպում են թուրքական ագրեսիան մեր հանդեպ։
    Նոր ղեկավարը կարող է ինքնուրույնություն դրսևորել և դա չափազանց վտանգավոր կարող է լինել։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031