Սերժ Սարգսյանի նախագության մեկնարկը, ժամանակային առումով, բարեհաջող չէր․ անգամ, կարելի է ասել, խիստ անբարենպաստ էր տնտեսության համար։ Այն համընկավ 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ, որը հետագայում վերածվեց խոր տնտեսական ճգնաժամի։
Միացյալ Նահանգների բանկային համակարգում սկսված և համաշխարհային տնտեսության մեջ տարածված ճգնաժամից, անշուշտ, անմասն չէր կարող մնալ նաև Հայաստանը։ Հետագայում մեծ ջանքեր պահանջվեցին այդ ճգնաժամի հետևանքները վերացնելու համար։ Իրականացվեցին մի շարք բարեփոխումներ, որոնք ուղղված էին ինչպես կարևոր տնտեսական, այնպես էլ՝ սոցիալական խնդիրների լուծմանը։
Առանձնացնենք դրանցից մի քանիսը։
Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին մեկնարկեց հայտնի եկամտային հարկի վերադարձով հիփոթեքային վարկերի տրամադրման բնակարանային ապահովության ծրագիրը, որը շարունակվում է մինչև այժմ։
Կարդացեք նաև
Ի սկզբանե ծրագիրն ուներ սոցիալական նշանակություն և ուղղված էր հասարակության անապահով հատվածի բնակարանային կարիքների բավարարմանը։ Բայց 2018-ի «հեղափոխություն» կոչվածից հետո այն վերանայվեց և ամբողջությամբ հարմարեցվեց հասարակության ապահով հատվածի շահերին՝ ծրագրից դուրս մղելով սոցիալապես անապահով խավին։
Ծրագրի շահառուները դարձան բարձրաստիճան պաշտոնյաներն ու նորօրյա իշխանավորները, ինչպես նաև՝ հասարակության համեմատաբար ապահով խավը, ովքեր պետության հաշվին բնակարանի, երբեմն՝ բնակարանների տեր դարձան։
Այսօր, երբ իշխանությունները հպարտանում են այդ ծրագրով, մոռանում են, որ դրա հիմքերը դրվել են Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ։
Հետագայում, սակայն, այսօրվա իշխանություններն այդ ծրագիրը ևս ամբողջությամբ ձևախեղեցին և ծառայեցրին իրենց բնակարանային խնդիրների լուծմանը՝ պետական բյուջեն դնելով լուրջ ծանրության տակ։
Սպասվում է, որ արդեն այս տարի հիփոթեքային վարկերի եկամտային հարկի հետվերադարձը բյուջեի վրա կնստի առնվազն 200 մլն դոլար։
Սրանով կարելի էր լուրջ սոցիալական խնդիրներ լուծել, այդ թվում՝ անապահովների բնակարանային ապահովության առումով, բայց գործող իշխանություններն այնպես արեցին, որ այն ամբողջությամբ ծառայեցրին իրենց շահերի սպասարկմանը։
Եկամտային հարկի գործոնը չսահմանափակվեց միայն բնակարանային ապահովության ծրագրով։ Կարևոր նախաձեռնություններից մեկը դարձավ դրա շրջանակներում տնտեսական ծրագրերի խթանումը, որն արտահայտվեց հատկապես ՏՏ ոլորտում։
Խոսքը նորաստեղծ ՏՏ ոլորտի ընկերություններին եկամտային հարկի արտոնության տրամադրման, ինչպես նաև շահութահարկից ազատելու մասին է, որն այժմ էլ շարունակում է գործել։
Նախաձեռնությունը հետագայում լուրջ ազդեցություն ունեցավ ու շարունակում է ունենալ տնտեսության այդ առանցքային ճյուղի զարգացումների գործում։ Մինչև վերջերս արձանագրվող բարձր աճերը հիմնականում դրա արդյունք էին։
2015թ. ԱՄՆ-ը և Հայաստանը կնքեցին Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը՝ Trade and Investments Framework Agreement, որով նախատեսվում էր ձևավորել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որը քննության կառնի երկկողմ առևտրին, ներդրումներին ու հարակից խնդիրներին վերաբերող հարցերը և կուսումնասիրի երկու երկրների միջև առևտրի ու ներդրումների ամրապնդման ուղիները:
Հիմնվեց ՀՀ-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհուրդը, առաջին անգամ ԱՄՆ-ի հետ տնտեսական թեմատիկայով միջկառավարական մակարդակով սկսվեցին քննարկումներ տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ, իրականացվեցին կոնկրետ ոլորտային զարգացման շուրջ քննարկումներ:
Ի վերջո, Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում արձանագրված ամենակարևոր նախաձեռնություններից մեկը, որը դարձել է Հայաստանի տնտեսության բարձր աճերի հիմքը։ Համաշխարհային տնտեսական աճերից գլուխները կորցրած գործող իշխանությունները մոռանում են, որ այդ աճերն ապահովվում են Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ։
Ժամանակին քննադատում էին Սերժ Սարգսյանին, որ Հայաստանը մտցրել է ԵԱՏՄ, իսկ այսօր վայելում են այդ կառույցի տված արդյունքները, լիաթոք օգտվում են դրա ընձեռած հնարավորություններից։
Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ
Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում