Անվանի հայագետն ու «Սասնա Ծռեր»-ի անզուգական ասացողը
1959թ. սեպտեմբերի 5-ին Հայաստանի գրողների միության վարչության նախագահությունը մի նամակ է ստանում. հեղինակներն անվանի հայագետ, պրոֆեսոր Կարապետ Մելիք-Օհանջանյանն ու ազգագրագետ Արամ Ղանալանյանն էին: Նամակը վերաբերվում էր «Սասնա Ծռեր» էպոսի անզուգական ասացողներից մեկին` Մանուկ Թորոյանին: Ո՞վ էր այդ մարդը, ի՞նչն էր դրդապատճառը, որ երկու երեւելի գիտնականներ խնդրանքով դիմում էին վերադաս մարմիններին:
Մանուկ Թորոյան անունը գուցե շատերին ոչինչ չի ասի, բայց մեր ժողովրդական էպոսին բանիմաց եւ քաջատեղյակ մարդիկ, որոնք ծանոթ են դրա ասացողների շարքին՝ ճանաչում են եզակիորեն առանձնացող այդ անունը: Ուշագրավ փաստ. նա եղել է Հայաստանի գրողների միության միակ անգրագետ անդամը:
Նամակի բովանդակությունը հետեւյալն էր. «1958թ. վախճանվեց ծերունազարդ ասացող Մանուկ Թորոյանը: Շրջապատված իր համագյուղացիներով` խաստուրցի-ալաշկերտցիներով եւ երեւանցի հարեւաններով` նրա աճյունը հանձնվեց հողին: Ո՛չ մի մտավորական, ո՛չ մի գրչի մարդ, գրականագետ չմասնակցեց նրա հուղարկավորությանը` չնայած այն հանգամանքին, որ նա Գրողների միության անդամ է եղել (անգրագետ տեղով) եւ մեր անմահ ժողովրդական վեպի ամենատաղանդավոր ասացողներից մեկը: Նրա պատումը ծավալով ամենաընդարձակն է (3.400 տող), բայց բովանդակությամբ` ամենահարուստը, գաղափարայնությամբ` ամենադեմոկրատականը, գեղարվեստականությամբ` ամենաարժեքավորներից մեկը:
Կարդացեք նաև
Մանուկ Թորոյանի պատումը «Սասունցի Դավիթ» հոբելյանական համահավաքի հենքն է եղել, որի վրա հագցրել են այլ պատումներից քաղած զանազան միջադեպեր, հատվածներ, հաճախ խանգարելով Թորոյանի պատումի միաձույլ կառույցքը, դեպքերի հոգեբանական զարգացումը: Մանուկ Թորոյանի պատումի հիշյալ հատկությունները նկատի առնելով` այդ պատումը թարգմանված է ամբողջությամբ ռուսերեն, հանձնարարված է թարգմանելու չեխերեն, անգլերեն ու ֆրանսերեն: Այսպիսով նրա պատումը դառնալու է միջազգային բանագիտության գիտահետազոտական մտքի առարկա: Հայ ժողովրդի մեծագույն ստեղծագործության մեծատաղանդ ասացող Մանուկ Թորոյանը համաշխարհային գիտության ասպարեզն է դուրս գալիս, իսկ նրա աճյունը-գերեզմանը` դիպվածի բերմամբ` պիտի անհայտության մեջ կորսվի, ինչպես մեր բազմավաստակ խորենացիների, եղիշեների, Ֆրիկի եւ բազմաթիվ այլ, հայ ժողովրդի փառքը հանդիսացող կուլտուրական վաստակավորների:
Անցյալի համար մենք պատասխանատու չենք: Այսօրվանը, մեր օրերինը` մեր խղճի պարտքն է: Մենք վայելում ենք նրանց վաստակը, մենք էլ պետք է մեր հարգանքը մատուցենք նրանց, երախտագետ լինենք: Այս խնդրում մեծ դեր ունի կատարելու Հայաստանի գրողների միությունը, որի անելիքը պիտի մի «նշանգա»-հուշարձանքար` գերեզմանաքար դնել բազմավաստակ ասացողի գերեզմանի վրա հետեւյալ մակագրությամբ`
Հայ ժողովրդական վեպ
«Սասնա Ծռերի» ասացող Ալաշկերտցի Մանուկ Թորոյան (1864-1958թթ.)
Հուսով ենք` Հայաստանի գրողների միության վարչության նախագահությունը հատուկ ուշադրությամբ քննության կառնի այս մեր համեստ եւ սրտանց առաջարկությունը»:
Արդեն մեկ տարի վախճանված Մանուկ Թորոյանի գերեզմանն առանց հուշաքարի էր: Նպատակային, առաջարկությունը հանրայնացվում է երկու մտավորականների կողմից (անշուշտ, առաջին նախաձեռնողը ասացող Մանուկ Թորոյանին 1932թ. հայտնաբերող` Կ. Մելիք-Օհանջանյանն էր):
Բանասացի մահից չորս տարի եւ Գրողների միության վարչությանն ուղղված նամակից` երեք տարի անց, 1962թ. նոյեմբերի 11-ին, հուշարձան-շիրմաքարը կանգնեցվում է Գրողների մության վարչության նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղսովետի օգնությամբ: Բացման ժամանակ Կ. Մելիք-Օհանջանյանը հանդես է գալիս սրտառուչ խոսքով. «Դարերի ընթացքում առաջին անգամն է, որ հայ ժողովուրդը շիրմաքար-հուշարձան է դնում իր ազգային վեպի` «Սասնա Ծռերի» լավագույն ասացողներից մեկի գերեզմանի վրա: Դա նշանակալից եւ շատ բնորոշ երեւույթ է: Հայ ժողովուրդը շիրմաքար է դնում անգրագետ ասացող խաստուրցի Մանուկ Թորոյանի գերեզմանի վրա: Շիրմաքար հուշարձանը համեստ է, ինչպես համեստ է քանքարաշատ հայ ժողովրդի ասացող Մանուկ Թորոյանը. պարզ ու անզարդ է, ինչպես պարզ ու պայծառ էր ինքը` շնորհալի ասացողը: Մանուկ Թորոյանը հայ աշխատավոր ժողովրդի լավագույն հատկությունների մարմնացումն էր` հաշտ ու խաղաղ, ջանադիր ու տոկուն, ազնիվ ու վեհանձն, հույժ մարդկային ու համամարդկային, ինչպես նրա կերտած ծռերի նախամայր Ծովինարն ու Քեռի Թորոսը, Դավիթն ու Մհերները…»:
Երկար կյանք, գրեթե մեկ դար (94 տարի) է ապրել բազում չարչարանքներ եւ դժվարություններ տեսած Մանուկ Հարությունի Թորոյանը (Թորոյենց Մանուկ): Այս հետաքրքիր մարդը ծնվել է 1864թ., Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտի գավառակի Խաստուր գյուղում: Հայրը բրուտ էր, սակայն Մանուկը մեծանալով, հողագործությամբ եւ հոտաղությամբ է զբաղվում: Ունեցել է վեց զավակ, որոնցից փրկվում է միայն մեկը` Մկրտիչը:
1915թ. ձմռանը շատ խաստուրցի ընտանիքներ գաղթում են Երեւան: Համագյուղացիներին միանում են Մանուկն իր ու եղբայրների ընտանիքով: 1916թ. հետ են վերադառնում Երկիր, իսկ 1917թ. ձմռանը, այս անգամ ընդմիշտ, գաղթում են Արեւելյան Հայաստան:
Թորոյան ընտանիքը սկզբում հաստատվում է Կոտայքի Զառ գյուղում, հետո Երեւանում, բացի Մանուկից, ով բախտի փնտրտուքների մեջ` գնում է Գյումրիի կողմերը, ուր մնում է մինչեւ գարուն, ապա միանում եղբայրներին: Դժվար ժամանակներ էին, բայց աշխատող մարդու համար աշխատանք գտնվում է: Եղբայրները որպես հացթուխ աշխատանքի են անցնում փռում, իսկ Մանուկը մշակություն է անում: Ընտանեկան միահամուռ ուժերով Մանուկի համար մի եզ են գնում, որը մի ընկերոջ հետ սայլ է բանացնում: 1922թ. ծառայության է անցնում Պարժողկոմատի գումակում որպես սայլապան, իսկ մինչեւ 1931թ. աշխատում է Երեւանի կայարանում որպես բեռնակիր: Ժամանակն ու տարիքը Մանուկին զգացնել են տալիս մարմնական ցավերի մասին. թողնում է ծառայությունը, որպես երկրորդ կարգի հաշմանդամ` անցնում կենսաթոշակի:
Մինչեւ Առաջին աշխարհամարտը, 1901 թվականից, Մանուկը մի քանի անգամ գաղտնի անցել է Արեւելյան Հայաստան, եղել Կարսում, Թիֆլիսում, Գանձակում: Օրվա հացն ու ապրուստը հոգալու համար վարձու բանվորություն արել: Նա թուրք ոստիկանության կողմից քանիցս ձերբակալվել եւ սոսկալի կտտանքների է ենթարկվել: Մի անգամ հայրենի գյուղ վերադառնալիս, սահմանին, մատնությամբ ձերբակալվում է` ենթարկվելով աննկարագրելի տանջանքների: Հետագայում Կ. Մելիք-Օհանջանյանի հետ ունեցած զրույցի ժամանակ բանասացը հիշել է. «…Վերջին անգամ 1500 չիբուխ են զարկել ընձի, ոտքերիս ֆալախկա դրել, շղթայակապ վեց ամիս բանտ նստեցրել…»:
Զարմանալի եւ անբացատրելի է, բայց Մանուկը ինչ-ինչ ճանապարհներով, կարողանում է 8 ոսկի հայթայթել, կաշառել ոստիկաններին` նորից փախնելով Կարս, ուր քար կրելով եւ բանվորություն անելով՝ պահում է գոյությունը: Խաստուր է վերադառնում 1908թ.:
Խորհրդային կարգերի հաստատման ժամանակ, երբ 1931թ. պայքար է գնում համատարած անգրագիտության վերացման համար, անգրագետ Մանուկին փորձում են տառաճանաչ դարձնել: Սովորում է, սակայն ինչպես նշում է Կ. Մելիք-Օհանջանյանը` Թորոյենց Մանուկի խոսքով. «…սորվածն էլ մոռցեր եմ»:
Նախքան էպոսի գրառելը՝ Կ. Մելիք-Օհանջանյանին գրավում է ասացողի ներքին եւ արտաքին կերպարը: Հայագետը նրան այսպես է բնութագրել. «Մանուկը հաղթանդամ, բարձրահասակ տղամարդ է, բացառիկ հիշողության տեր: Մի անգամ պատմածը` երկրորդ անգամ պատմում է համարյա անփոփոխ: «Մարդ օր մի բան սորվավ, էդպես էլ պետք ա պատմի, բան չի կարելի փոխել: Մարդիկ կան, օր ասում են, թե մոռացել են, բան կը փոխեն: Էդ լավ չէ»:
Կ. Մելիք-Օհանջանյանը նկատել է, որ «ասելիս»` Մանուկը կարծես սրբազան արարողակարգ էր կատարում. «…Լարում էր իր հիշողությունը, որ չսխալվի, ու դանդա՜ղ, ազդու պատմում էր պապերից ժառանգություն ստացած «պատմությունը, ամենայն ճշգրտությամբ»: Տպավորված նրա պատումից եւ ազդու կերպարից, որպեսզի կարողանա ճիշտ ընկալել յուրաքանչյուր շարժում, ձայնի ելեւէջ` հայագետը մատիտով է գրառում առաջին պատումը եւ այդպես ժամանակ է շահել: Հետո բանասացին ստուգելու համար, նա քանիցս փորձ է արել զգուշությամբ, հարգալից` չվիրավորելու համար ինքնասիրությունը, նրան խնդրել պատմել այս կամ այն դրվագի կրկնությունը. մեծ է եղել բանահավաքի զարմանքը, երբ անուս, ոչ տառաճանաչ, ֆենոմենալ հիշողությամբ այդ մարդը, հավատարիմ իր խոսքի սկզբունքին եւ ակունքին` նույնությամբ կրկնել է նախորդ ասածները: Ապշած բանասացի հմտությունների վրա, հայագետը գրել է, որ Մանուկը պատմելիս հաճախ իր կարծիքն է հայտնել այս կամ այն դեպքի եւ միջադեպի մասին, համեմատել է իրեն եւ իր բարոյական ըմբռնումները` հերոսներից մեկի կամ նրա աշխարհայացքի հետ. «Սասունի հերոսների գերբնական սխրագործությունները հիշելիս` նա մերթ ընդ մերթ կասկած էր հայտնում, բայց իսկույն ավելացնում էր, կարող է այդպես եղած լինել, քանի որ «առաջվա մարդիկ մեզ պես չէին»: Գիտնականի հետ զրույցում Մանուկը չի խուսափում իր համոզված կարծիքը հայտնել. «Դավթի պատմութենը հեքիաթ-նաղլ չէ, պատմութեն ա, եղելութեն ա: Հեքիաթ ընդուր կ’ըսենք, օր սուտ բան կա, էդիկ հեքիաթ չէ, եղելութեն ա, պատմութեն, ժողովուրդը զրուցեր ա, մի քիչ բան ա էվելցրել, ամա եղելութեն ա: …Մարդիկ կ’ըսեն Դավթի պատմութենը ուղիղ ա, բայց էվելցրել են, հիմքը կա, ամա էվելցրել են, խոսքեր ճոխացրել են: Մի բան, որ մարդ կըսե, յեթե հիմք չկա, չի կը’ռնա սուտ ըսել, էդպես ճոխացնել: Իմ կարճ խելք էդպեստ կըսե»:
Ոգեւորված Մելիք-Օհանջանյանի հետաքրքրությունից` սիրով է պատմել, չմոռանալով որ. «Կռիվներից առաջ շատ եմ պատմել, կռվից այս կողմը քիչ եմ պատմել: Ապրուստի հետ եմ ընկել: Մի երկու անգամ երեխեք խընդրվել են, ըսել եմ: Հեքիաթը մարդու գըլխեն շուտ կերթա, բան մը որ չըսես, մարդու գլխեն կերթա»: Բանահավաքը Մանուկի խոսքերը դիտել է որպես համեստության նշան, որը բնութագիրն է նրա հայ եւ մարդ տեսակի: Մանուկի պատումը մինչեւ 1932թ. հայտնի եւ յոթ տասնյակից ավել գրառված բոլոր պատումների մեջ ամենաընդարձակն է: Նա «Դավթի պատմությունը» պատմել է հայրենի բարբառով, իսկ Կ. Մելիք-Օհանջանյանի հետ զրուցելիս` բացատրությունները տվել եւ աշխատել է խոսել, հայագետի խոսքով ասած` «մեր լեզվով»: Չնայած այն հանգամանքին, որ Առաջին աշխարհամարտից առաջ Մանուկը «ոտքի տակ էր տվել» ողջ Այսրկովկասը` մոռացած չի եղել եւ անաղարտ է պահել մայրենի լեզուն (բազմիցս վկայել են նրա խաստուրցի հայրենակիցները):
Հիացած խաստուրցի Մանուկի խոսքով` Կ. Մելիք-Օհանջանյանը նրան համեմատել է «Սասնա Ծռեր» էպոսի հերոսների հետ, որոնց նման պարզ ու շիտակ, վեհանձն ու ազնիվ, կարեկից ու հոգատար, անվեհեր ու քաջ էր դրա ասացողն ու կրողը:
1932-33թ. Հայաստանի Կուլտուրայի պատմության բանահյուսության սեկտորը ընդարձակ ծրագիր է մշակում՝ գրական հուշարձաններ հավաքելու եւ ուսումնասիրելու: Գործին աջակցում է Աղասի Խանջյանը, առաջարկելով Չարենցին գլխավորել Պետհրատի գեղարվեստական գրականության բաժինը եւ կազմակերպել «Սասնա Ծռեր»-ի հրատարակման գործը: Մանուկ Աբեղյանը ստանձնում է վեպի պատումների խմբագրությունը: Այդ գործում թերեւս ահռելի աշխատանք է կատարում Կ. Մելիք-Օհանջանյանը, գուցե ավելին…
Կ. Մելիք-Օհանջանյանը միշտ հետաքրքրվել է բանասացի կյանքով: Սակայն մի քանի տարվա ընդմիջում եղավ այդ մտերմությանը: 1937թ. անհատի պաշտամունքի տարիներին «Պրո?ֆեսորների գործով» դատապարտվում եւ աքսորվում է հայագետը: Կապը վերականգնվում է Կարապետ Մելիքի աքսորից վերադառնալուց եւ արդարացվելուց հետո, պահպանվելով մինչեւ Ալաշկերտցի Մանուկի մահը:
1939թ. մեծ շուքով եւ Միութենական մասշտաբով տոնվում է Հայկական էպոսի 1000-ամյակը: Տոնակատարության նախօրյակին, երբ կառավարական հանձնաժողովի նիստերին Ավետիք Իսահակյանը հարցումներով դիմում է «Սասնա Ծռեր»-ի մյուս գրառողին` անվանի հայագետ Մանուկ Աբեղյանին, վերջինս հարցերի պատասխաններն ակնկալում է Կարապետ-Մելիք-Օհանջանյանից… Արդեն երկու տարի կլիներ, որ Կարապետ Մելիքը գտնվում էր ՆԳԺԿ բանտում՝ կրելով իր աննկարագրելի հոգեկան եւ մարմնական տանջանքները: Ո՛չ ոք չհիշեց նրան: Թերեւս գուցե մտովի:
…1962թ. նոյեմբերի 11-ին Երեւանի Թոխմախի գերեզմանատանը փոքրիկ արարողակարգ էր: Մի խումբ մտավորականներ իրենց հարգանքի տուրքն էին մատուցում «Սասնա Ծռեր» էպոսի Վարպետ-վիպասաց Մանուկ Թորոյանի հիշատակին, ում հուշարձան-շիմաքարի բացումն էր: Համեստ, ոչ մարդաշատ այդ միջոցառմանը ներկա էին հայագետներ Կարապետ Մելիք-Օհանջանյանը, դուստրը՝ Լուսիկը, Արամ Ղանալանյանը, դերասան` Արման Կոթիկյանը, գրող, թարգմանիչ` Խաչիկ Դաշտենցը, բանահավաք, ազգագրագետ` Սարգիս Հարությունյանը, սակավաթիվ մտերիմներ ու ճանաչողներ, խաստուրցիներ: Ոգեւորություն անշուշտ եղել է: Ելույթի խոսքով հանդես է գալիս Կ. Մելիք-Օհանջանյանը: Լավ ճանաչելով ժամանակն ու երեւույթը, մարդուն եւ նրա բնավորությունը՝ գիտեր, որ եթե «Սասնա Ծռեր» ժողովրդական վեպը գաղափարների համամարդկությամբ եւ վիպական-գեղարվեստական կատարելությամբ հավերժական է ու անմար, այդպես էլ հավերժական են այդ վեպը ստեղծող հավաքական հեղինակը` հայ ժողովուրդը եւ նրա զավակ, ալաշկերտցի-խաստուրցի Մանուկ Թորոյանը: Խոսքի ավարտին՝ էպոսի մաքրամաքուր ազնվությունն իր մեջ անթեղած հայագետն ասում է. «Վառ ու խոր գիտակցությամբ խոնարհվում ենք Մանուկ Թորոյանի շիրմին եւ հարգում նրա անհայտության մեջ իրենց մահկանացուն կնքած` «Սասնա Ծռեր» ժողովրդական վեպի հարյուրավոր համեստ ու ազնիվ ասացողների` Նախոյի, Զատիկի, Հովանի, Վարդան Բազիկյանի, Շակոյանի, Մարգարիտի եւ շատ ուրիշների հիշատակը: Հավերժ փա՜ռք նրանց` հայ մշակույթի այդ վաստակավորներին»: Իսկ Խաչիկ Դաշտենցը կարդում է մի բանաստեղծություն՝ «Մանուկ Թորոյան» (լույս է տեսել «Լեռան Ծաղիկը» գրքում, Ե., 1963թ.), որը կանգուն հիշատակ է անվանի բանասացին, հիշատակելով. «Աստ ռամիկ է թաղված` շաղաղված էպոսին»:
Մերի ՔԵՇԻՇՅԱՆ
Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող
«Առավոտ» օրաթերթ
04.07.2024