Լրահոս
Օրվա լրահոսը

«Շոուն պետք է շարունակվի». Լինելով Queen-ի մեծ երկրպագուներ՝ նրանք սկսեցին նվագել խմբի երգերը

Հուլիս 05,2024 13:00

Հարցազրույց հանրահայտ Queen Sensation խմբի կիթառահար Նաշ (Նենադ) Բոյկովիչի հետ

– Պարզ է, որ ձեր խումբը աշխարհահռչակ Queen -ի մեծ երկրպագուն է։ Կարիերայի սկզբում ներկայացնում էիք Queen -ի երգերը, իսկ տարիներ անց արդեն հնչեցրիք ձեր խմբի հեղինակած ստեղծագործությունները, այսօր արդեն ոչ պակաս հանրահայտ ու ցանկալի հյուր աշխարհում…

– Շնորհակալություն դիտարկման համար։ Մենք արդեն երկար տարիներ նվագում եւ աշխատում ենք՝ տարածելով, ինչպես դուք նշեցիք՝ Ֆրեդի Մերկուրիի եւ առհասարակ Queen խմբի երաժշտությունը հնարավորինս շատ երկրներում եւ լսելի դարձնում աշխարհի շատ մարդկանց:

Դեռ այնքան շատ քաղաքներ եւ երկրներ կան, որ պետք է այցելենք ու ելույթ ունենանք ու շատ ոգեւորված ենք, որ առաջին անգամ հյուր ենք գալու ձեր երկիր՝ Հայաստան։ Համոզված ենք, որ  ֆանտաստիկ համերգ է լինելու, եւ դա կլինի Հայաստանում Queen-ի երկրպագուների հետ հանդիպման ու արդեն իսկ շարունակական համերգների սկիզբը։

– Որպես այսօրվա Queen Sensation, մինչ այդ հանդես ենք եկել Queen Real Tribute անվամբ, հիշո՞ւմ եք ձեր ամենաառաջին հիթը։

– Մենք Covid-ի ընթացքում ստեղծեցինք Human Touch երգը: Երգի կայացմանը մասնակցել են արտիստներ ամբողջ աշխարհից։ Գլխավոր երգիչը՝ Միշել Լուպպին, իտալացի երգչուհի եւ ստեղնաշարահար է, ով հայտնի է որպես աշխարհահռչակ Whitesnake խմբի անդամ: Չինացի աստղ Վան Կայը՝ վոկալիստ, սերբ սոպրանո Յովանա Կուրովիչը նույնպես մասնակցել են: Ինչպես նաեւ Changchun Fim ստուդիայի նվագախումբը։

Մենք ուզում էինք հաղորդագրություն ուղարկել աշխարհին, որ Covid-ը մեզ ստիպեց գիտակցել, թե որքան կարեւոր է գնահատել միասին լինելու գաղափարը, կարեւոր է, որ կողքիդ ունենաս մեկին: Մարդկային հպումից ավելի արժեքավոր բան չկա: Միքսը կատարել է պրոդյուսեր Ֆաբրիցիո Գրոսսին Լոս Անջելեսից՝ Փիթեր Դոել Մասթերինգը: Երգի խոսքերի հեղինակը՝ Ջոյ Սայքսը ԱՄՆ-ից, իսկ երգի հեղինակը՝ Սերժ Սիմիչը (խմբի մենեջեր): Երկու տարի առաջ մենք ստեղծեցինք եւս մի խումբ, որը շատ նման է Queen-ին: Այն կոչվում է Cosmic, որի ալբոմը թողարկվելու է այս տարվա նոյեմբերին։

Այս ալբոմի 2 սինգլ  արդեն իսկ թողարկվել է։

Այս խմբի կազմում է Մայքլ Սփենսը, Լիվերպուլի արտիստ՝ որպես գլխավոր վոկալիստ եւ Սերժ Սիմիկը՝ կիթառահար։ Queen Sensation-ի մենակատար Իվան Ռիստանովիչը այս նախագծի կազմում չէ, ուստի մենք դեռ չենք ներառում Cosmic-ի երգերը Queen Sensation-ի հավաքածուների ցանկում:

Գուցե մի օր էլ մենք կարողանանք գալ Հայաստան Cosmic խմբով եւ համոզված եմ, որ ձեր հանդիսատեսին դուր կգա:

– Դուք գալիս եք  Հայաստան՝ մի երկիր, որը մասշտաբներով փոքր է, բայց դարավոր մշակութային պատմություն ունի։ Մենք ունենք բազմաթիվ աշխարհահռչակ երաժիշտներ… Հետաքրքիր է, երբեւէ համագործակցե՞լ եք հայ երաժիշտների հետ։

– Հայ արտիստների հետ, ցավոք, երբեք չենք համագործակցել։ Բայց երբեք չգիտես, թե ինչ է սպասվում ապագայում: Շատ հետաքրքիր կլինի փորձել, ինչո՞ւ ոչ։ Մենք տեղեկացված ենք ձեր մշակույթին՝ մասնավորապես երաժշտական:

Գիտենք, որ շատ հետաքրքիր եւ հայտնի արտիստներ ունեք: Օրինակ, ես անձամբ սիրում եմ Սիրուշոյին։ Եթե չեմ սխալվում, նա ներկայացրել էր Հայաստանը Բելգրադում՝ Սերբիայում, «Եվրատեսիլ» մրցույթի շրջանակներում։

Լսել եմ նաեւ Nemra ռոք խմբի մասին։ Ձեր ավանդական ժողովրդական երաժշտությունը նույնպես շատ ոգեշնչող է…

Տեղեկացնենք, որ Queen Sensation խմբի երեւանյան առաջին համերգի նախաձեռնողը եւ իրականացնողը New Generation Project-ն է, հիմնադիրը՝ Շմավոն Գրիգորյանն է։ Կարծում ենք հետաքրքիր կլինի իմանալ խմբի ստեղծման պատմությունը, ինչը համառոտ ներկայացնում ենք:

Queen Real Tribute խումբը ստեղծվել է 2007 թվականին: Խումբը բաղկացած է պրոֆեսիոնալ երաժիշտներից, ովքեր նվագել են նախկին Հարավսլավիայի տարածաշրջանի ամենամեծ եւ ամենահայտնի աստղերի հետ: Լինելով Queen-ի մեծ երկրպագուներ, նրանք սկսեցին նվագել Queen խմբի երգերը, նրանց հիշատակը վառ պահելու համար:

2007 եւ 2008 թվականներին նրանք բազմաթիվ համերգներ են ունեցել ամբողջ Եվրոպայում եւ շուտով դարձել հանդիսատեսի կողմից սիրված խմբերից մեկը:

2012 թվականին խումբը հանդես է եկել Բելգրադի ամենամեծ սերբիական փառատոնում՝ ավելի քան 60,000 հանդիսատես։

2017 թվականից սկսած հանդես են գալիս Queen Symphony շոու ծրագրով` 42 հոգուց բաղկացած սիմֆոնիկ նվագախումբ եւ 16 հոգուց բաղկացած երգչախումբ: Հաջողված շոու ծրագիրը շարունակվեց Բելգրադում եւ Զագրեբում, Հյուսիսային Մակեդոնիայում, Չեռնոգորիայում, Սլովենիայում, Խորվաթիայում եւ Եվրոպական այլ երկրներում։

16 տարի Queen Real Tribute անվան տակ ելույթ ունենալուց հետո 2023 թվականի ապրիլին խումբը որոշում է կայացրել փոխել իր անունը եւ այսուհետ հանդես է գալիս որպես QUEEN SENSATION։ Ինչպես խմբի անդամներն են փաստում՝ տարիների ընթացքում իրենց բեմական շոուն վերածվել է առանձին մի խմբի շոու ծրագրի, այլ ոչ պարզապես աշխարհահռչակ Queen խմբի երգերը կատարող եւ նմանակող խմբի: Խումբը նպատակ ունի ներկայացնելու Queen-ի էվոլյուցիան եւ կատարելագործումը, ինչին կհետեւեին Ֆրեդին, Բրայանը, Ռոջերը եւ Ջոնը, քանի որ «Շոուն պետք է շարունակվի»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031