Սկիզբը՝ այստեղ:
Բաքվին «խոչընդոտող» հերթական հանգամանքի ներկայացմամբ Ալիեւը, փաստացի, մերժում է Ռուսաստանի տարածքը շրջանցող ուղիների ստեղծման ամերիկյան առաջարկը
ԱՄՆ-ը ձգտում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման ճանապարհին նշանակալի քայլի` հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման: Վաշինգտոնի վերջին շրջանի ակտիվությունը վկայում է այն մասին, որ նրանք շտապում են կողմերի հետ որոշակի համաձայնությունների գալ:
Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը վերջերս մեկնեց Բաքու` Երեւանի հետ խաղաղություն հաստատելու ուղերձով: Նա ավելի վաղ Երեւանում էր, բանակցեց Հայաստանի իշխանությունների հետ։
Կարդացեք նաև
Մինչեւ Բաքու մեկնելը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ Օ՛Բրայենին հարց էին ուղղել, թե ի՞նչ ուղերձ է նա փոխանցելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին Բաքու կատարելիք իր այցի ժամանակ, եւ Հայաստանի դեմ հետագա ագրեսիան հետեւանք ունենալո՞ւ է: Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը պատասխանել էր, որ Բաքու է մեկնում` Երեւանի հետ խաղաղություն հաստատելու ուղերձով. «Մենք նախագահ Ալիեւին շատ պարզ ասել ենք՝ խաղաղություն կառուցելու ժամանակն է»։
Պետդեպարտամենտն ընդգծել էր, որ փոխպետքարտուղարի այցի նպատակներից մեկը Վաշինգտոնի աջակցությունն է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրին, հատուկ շեշտվել էր նաեւ, որ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հարցը եւս օրակարգում է։
Բաքու կատարած այցից առաջ էլ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը կարեւորել է տարածաշրջանի ապաշրջափակման թեման, շեշտել՝ խաղաղությունը ոչ միայն Կովկասի, այլեւ շատ ավելի ընդարձակ տարածաշրջանի ու Կենտրոնական Ասիայի երկրների հարցն է, որոնք եվրոպական շուկաներ կարող են հասնել՝ շրջանցելով Չինաստանն ու Ռուսաստանը։ «Մի ճանապարհն անցնում է Վրաստանով դեպի Սեւ ծով, բայց մեկ այլ՝ ավելի լայն ճանապարհ կարող է անցնել Ադրբեջանով, Հայաստանով եւ Թուրքիայով։ Հետեւաբար մենք խաղաղության պայմանագրի կարիք ունենք Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ՝ վերջ դնելու պատերազմին ու այդ սարսափելի հակամարտությանը, որը ձգվում է 90-ական թվականներից։ Մեսիջը հետեւյալն է՝ խաղաղություն հաստատելու ժամանակն է»,- հայտարարել է Օ՛Բրայենը։
Օ՛Բրայենը Բաքվում Ալիեւի հետ հանդիպմանն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության օրակարգն առաջ մղելու ԱՄՆ հանձնառությունը եւ այս գործընթացին աջակցելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը։ Նա շեշտել է Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցության կարեւորությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմավարական մակարդակում հարաբերությունների հետագա զարգացումը։
Միեւնույն ժամանակ Ջեյմս Օ,Բրայենը մեկնաբանել է Հայաստանի` Ֆրանսիայից սպառազինություն գնելու թեման. «Լսել ենք, որ Հայաստանը սպառազինություն է գնում Ֆրանսիայից։ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն էլ է աշխատում այս ուղղությամբ»։ Նրա խոսքով՝ սա ցուցիչ է, որ փոխվստահության խնդիր կա, ինչը հասկանալի է, քանի որ 30-ամյա հակամարտություն է եղել։
ԱՄՆ փոխպետքարտուղարը Բաքվում հանդիպումներ էր ունեցել Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի, անվտանգության հարցերով խորհրդականի եւ հատուկ ծրագրերի խորհրդականի հետ։ Միացյալ Նահանգները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հնարավորություն է տեսնում, Բաքվում կայացած ճեպազրույցում նշեց ԱՄՆ փոխպետքարտուղարը։
Ջեյմս Օ՛Բրայենը մեկնաբանել էր, որ եթե հաշվի առնենք, թե ինչպես են վերջին տարիների իրադարձությունները նպաստել, որ Ադրբեջանը առանցքային դեր խաղա տարածաշրջանի քաղաքականության վերափոխման գործում, ապա կտեսնենք Հայաստանի հետ խաղաղության հասնելու կարեւոր պահը։ «Սա ճանապարհ է, որը թույլ է տալիս եւ լուծել երկարամյա վեճը երկրների միջեւ, եւ ապագայում խաղաղ հարեւանություն հաստատել», – ասել էր նա։ ԱՄՆ փոխպետքարտուղարը պարզաբանել էր, որ հայ-ադրբեջանական կարգավորումը պայմաններ կստեղծի Կենտրոնական Ասիայից, Ադրբեջանով, իսկ այնտեղից Վրաստանի ու Հայաստանի տարածքով բեռները համաշխարհային շուկաներ տեղափոխելու համար։ «Սա օգուտ կբերի յուրաքանչյուր երկրի եւ ավելի մեծ տնտեսական հնարավորություններ կստեղծի տարանցիկ երկրների համար։ Մենք քննարկում ենք այս ուղղությամբ աշխատելու կարեւորությունը, եւ երկու կողմերն էլ ասում են, որ շատ շահագրգռված են, որպեսզի դա իրականացվի», – նշել էր նա, ըստ էության, մատնանշելով Ռուսաստանի տարածքը շրջանցող ուղիների կարեւորությունը։
Այնուհետեւ Ջեյմս Օ՛Բրայենը Բաքվում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ Միացյալ Նահանգները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գործընկերների հավաքին՝ Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովի շրջանակում. «Ես ակնկալում եմ, որ երկու երկրներն էլ կմասնակցեն միջոցառմանը, ընդհանուր առմամբ՝ 30 գործընկեր երկիր»:
Հատկանշական է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բաքվում անդրադառնալով Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղության հաստատման հնարավորությանը, «վերջին տարիների իրադարձություններին», շեշտեց «Ադրբեջանի առանցքային դերը` տարածաշրջանի քաղաքականության վերափոխման գործում»: Սա Վաշինգտոնի կողմից Ադրբեջանի վերաբերյալ դիրքորոշման որոշակի մեղմացում է, որը, թերեւս, հնարավոր է դարձել ադրբեջանա-ամերիկյան ետնաբեմային պայմանավորվածությունների արդյունքում:
Ադրբեջանի արտգործնախարարությունն իր հերթին հայտնեց, որ Բայրամովը եւ Օ՛Բրայենը քննարկել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացն ու հեռանկարները։ Ադրբեջանի արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարի օգնականին ասել է, որ թեեւ խաղաղության պայմանագրի նախագծի քննարկման առումով «զգալի առաջընթաց կա, այնուամենայնիվ, կարեւոր է, որ փոխվեն Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջներից հրաժարվելու համար»։
Նկատենք, որ Օ՛Բրայենը Երեւանում ավելի վաղ «Ազատությանը» տված հարցազրույցում խաղաղության գործընթացի մասին խոսելիս նշել էր, որ նոր պահանջներ դնելու, հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը պետք է դադարեցվի, բայց ինչպես նկատում ենք, պաշտոնական Բաքուն ամերիկացի պաշտոնյայի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի նկատմամբ հերթական պահանջը:
Այս պայմաններում էլ ամերիկյան կողմն, այնուամենայնիվ, հայ-ադրբեջանական բանակցություններ է ձգտում կազմակերպել Վաշինգտոնում առաջիկա օրերին: Ամերիկացի պաշտոնյային Երեւան եւ Բաքու գործուղելով, թերեւս, Վաշինգտոնը փորձում է չափել հայ-ադրբեջանական ինչ-որ համաձայնությունների, պայմանավորվածությունների գալու հնարավորությունները:
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները ամերիկյան հարթակում խաղաղության պայմանագրի շուրջ վերջին անգամ բանակցել էին անցյալ տարի հունիսին: Դրանից հետո Բաքուն բոյկոտել էր ամերիկյան հարթակը հենց Ջեյմս Օ’Բրայենի հայտարարության պատճառով, երբ ամերիկացի դիվանագետը Սենատի լսումներում ասել էր, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չեն տեսել խաղաղության բանակցություններում։
Վաշինգտոնի համար հաղորդակցության ուղիների ապաշրջափակման այն տարբերակն է կարեւոր, որի մասին Ջեյմս Օ’Բրայենը խոսեց. Կենտրոնական Ասիայից Միջերկրական ծով առեւտրային երթուղու, միջանցքի կառուցում, որով կթուլացվի Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի ազդեցությունը: Սակայն խնդիրը նրանում է, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը խաղաղության պայմանագրի առանցքային հարցերից է, որի շուրջ կողմերի դիրքորոշումները տրամագծորեն տարբեր են:
Այսպես, Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձեւաչափով միջոցառմանը եւ կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր եւ հաստատել է մասնակցությունը: Այս մասին հայտնել էր ՀՀ արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը: Արդյոք Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի հավաքից բացի, նաեւ հայ-ադրբեջանական բանակցություններ կկայանան։ ՀՀ ԱԳՆ խոսնակն օրեր առաջ նշել էր, որ այլ պայմանավորվածություն դեռեւս չկա: Նկատենք, որ ադրբեջանական «Թուրանը», իր աղբյուրներին հղում անելով գրել էր, թե Բայդենի վարչակազմը ծրագրում է Երեւանին եւ Բաքվին հրավիրել հուլիսի 9-11-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների հավաքին, նաեւ՝ «խաղաղության պայմանագիրը ամբողջացնելու նպատակով»։
ԱՄՆ-ի ջանքերին ի պատասխան Բաքուն, կարծես, արդեն իսկ պատասխանում է, թե ինչու չեն կարող Հայաստանի հետ համաձայնության գալ: Օրերս Ադրբեջանի նախագահը կրկին ներկայացրեց հերթական «խոչընդոտող հանգամանքը»: Ալիեւը կրկին պնդել է՝ խաղաղության պայմանագրի կնքման կարեւորագույն պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ դրանում, ըստ Ալիեւի, տարածքային պահանջներ կան իր երկրի նկատմամբ: «Քանի դեռ դա տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի: Դա հասկանալի է», նշել է Ալիեւը Կանադայի նորանշանակ դեսպանի հավատարմագրերն ընդունելիս:
Ալիեւը վստահեցրել է, թե այդ պայմանը կատարելու դեպքում խաղաղության պայմանագրի տեքստի կամ առնվազն դրա հիմնական սկզբունքների վրա աշխատանքը հնարավոր կլինի ավարտել մի քանի ամսվա ընթացքում: Հնարավոր տարբերակներից մեկը նա համարել է հիմնական սկզբունքների նախաստորագրումը: Միաժամանակ, Ալիեւը վստահեցրել է, որ «ներկայումս տեսնում ենք լավագույն արդյունքները երկկողմ մակարդակով»: «Ոչ ոք չի միջամտում այս գործընթացին», – հավելել է Ալիեւը: «Մենք կարող ենք համաձայնության գալ սահմանների սահմանազատման եւ նույնիսկ, ինչը հազվադեպ է լինում, դրանց սահմանագծման հարցում: Ճիշտ է, խաղաղության համաձայնագիրը ստորագրված չէ, սակայն արդեն հասել ենք սահմանների սահմանազատման», – հավելել է նա: Իսկ ահա վերադարձի իրավունքի մասին դեսպանի մեկնաբանությանն ի պատասխան Ալիեւը նկատել է, թե` «վերադարձի իրավունքը պետք է ապահովվի երկուստեք, այդ թվում պետք է վերաբերվի Արեւմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչներին»:
Ցանկացած հարցով Հայաստանի հետ խաղաղության հասնելու հնարավորություններն արգելափակելու նպատակով Ալիեւն, ինչպես նկատում ենք, ունի իր «հակաքայլը»:
Եվ ամենակարեւոր արձանագրումը. Բաքվին «խոչընդոտող» հերթական հանգամանքի ներկայացմամբ Ալիեւը, փաստացի, մերժում է Ռուսաստանի տարածքը շրջանցող ուղիների ստեղծման ամերիկյան առաջարկը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 04.07.2024