Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Չլիներ չարաբաստիկ պատերազմն ու մեր սրբացած հողում ապրեինք, գոնե այդքան դժվարություններ հաղթահարելուց հետո մեր թոռներով, մեր ստեղծածով գոհանայինք. «Ա1+»

Հուլիս 04,2024 23:54

Հայասերի Հայրապետյանը լույս աշխարհ է եկել հոր զոհվելուց մեկ ամիս անց՝ 1992 թվականին հոկտեմբերին։ «1990 թվականին ամուսնացել և Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղից հարս եմ գնացել Մարտունու շրջանի Ճարտար գյուղ։

Շուտով ծնվեց առաջնեկս՝ Սյուզաննան։ Ամուսինս արդեն միացել էր գյուղի ինքնապաշտպանությունն ապահովող կամավորականներին։ Գյուղում մնալն արդեն անվտանգ չէր, ու ես տեղափոխվեցի Վարդենիս՝ ամուսնուս քրոջ տուն։ Երկրորդ զավակով հղի էի։ Ինձ չեն ասել, որ ամուսինս զոհվել է։ Ամուսնուս քույրերը գաղտնի են պահել, վախենում էին մի բան պատահի։ Որդուս ծնվելուց հետո վերադարձա Ճարտար և միայն մեկ ամիս անց իմացա իրականությունը,- Ա1+-ի հետ զրուցում, վերջին բառերը դժվարությամբ արտաբերելով, ասում է Ռուզաննա Հայրապետյանը։ Չդիմանալով զավակի կորստյան ցավին՝ շուտով երկրային կյանքին հրաժեշտ տվեցին ավագ Հայասեր Հայրապետյանի ծնողները՝ երկու փոքրիկների խնամքը թողնելով հարսի փխրուն ուսերին։ «Ասել, որ դժվարությամբ եմ մեծացրել երեխաներիս, կնշանակի ոչինչ չասել։ Սակայն կարողացել եմ պատվով դաստիարակել ու իրենց նպատակներին հասցնել։ Այժմ 5 տղա թոռ ունեմ։ Հարուստ եմ իմ ունեցածով ու անչափ գոհ Աստծուն։ Չլիներ չարաբաստիկ պատերազմն ու մեր սրբացած հողում ապրեինք, գոնե այդքան դժվարություններ հաղթահարելուց հետո մեր թոռներով, մեր ստեղծածով գոհանայինք»,- ասում է զրուցակիցս։ Աղջիկն ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, տղան՝ կերպարվեստի բաժինը, ապա բակալավրիատն ու մագիստրատուրան։ Սիրով նաև քանդակում է։

«Տղաս պայմանագրային հիմունքներով ծառայում էր պաշտպանության բանակում՝ հետախույզ էր։ 2023 թ. սեպտեմբերի 19-ին տղաս դիրքերում էր։ Ես մանկապարտեզում, հարսս մշակույթի տանը՝ աշխատանքի։ Ընտանիքս երեք մասի էր բաժանվել։ Ամենասարսափելի տղայիս մասին լուր չունենալն էր»,-պատմում է տիկին Հայրապետյանը։ Սեպտեմբերի 20-ին խնամիների տուն կարողացան գնալ՝ Սպիտակաշեն, որտեղ էլ տեղեկացան, որ Հայասերը գլխուղեղի ծանր բազմաբեկորային վիրավորում է ստացել և կոմայի մեջ տեղափոխվել Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց։ «Տղայիս հրաշքով են կարողացել Մարտունուց տեղափոխել, քանի որ շտապ օգնության մեքենայի անցնելուց հետո թշնամին ճանապարհն ընդմիշտ փակել էր։ Բժիշկները հույս չէին տալիս, որ տղաս կապրի, բայց մենք անտեղյակ էինք։ Աղջիկս ամեն կերպ փորձում էր ինձնից գաղտնի պահել, քանի որ առողջական վատ վիճակում էի գտնվում»։ Հայասերի հեռախոսն ու ոսկյա խաչը մայրն անընդհատ ձեռքերի մեջ էր պահում ու անդադար աղոթում։ Ստեփանակերտում ավելի քան 6 ժամ տևած ծանր վիրահատությունից հետո բժիշկներն ասացին, որ ամեն ինչ արել են, ինչ իրենց ձեռքերում է, ապրելու հավանականությունը 50-50 է, սպասեք հրաշքի։ Սեպտեմբերի 24-ին Հայասերին տեղափոխեցին Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն։ Իսկ սեպտեմբերի 25-ին Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ նրա ընտանիքն ու մարտունեցիները կարողացան շրջափակումից դուրս գալ։ «Բենզինի պայթյունի և փեսայիս վիրավորելու մասին անգամ չգիտեի։ Չգիտեի ինչպիսի ծանր վիճակում էր աղջկաս ընտանիքը։ Երկու օր ճանապարհ ենք անցել, մինչև հասել եմ որդուս։ Նա արդեն կոմայից դուրս էր եկել, սակայն ոչ խոսում էր, ոչ էլ քայլում»,- ասում է տիկին Հայրապետյանը։

Էրեբունի բժշկական կենտրոնում մի ամիս բուժման կուրս անցնելուց հետո բավականին տեղաշարժ եղավ։ Խոսքը բավականին բացվել էր։ Մեկամսյա վերականգնողական փուլ էլ զինվորի տանն է անցել Հայասերը։ Ընտանիքին 2023-ի դեկտեմբերին է միացել։ Շատ է ուզում շարունակել զբաղվել սիրած արհեստով՝ նկարել էլի որ կարողանում է, փայտամշակմամբ ու քանդակագործությամբ զբաղվելու համար առողջությունը դեռևս չի ներում։

 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031