Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդաջրերով, ազգային պարերով ծիսական շքեղ վարդավառ՝ Ռուբեն Վարդանյանի Գյումրու այգում

Հուլիս 04,2024 21:43

Գյումրիում այս տարի Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպության տոնը կնշվի տոնին հատուկ ծեսերի կատարմամբ։ Այն  որպես փառատոն՝ կկազմակերպվի Բաքվի բանտում գտնվող բարերար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած Զբոսաշրջության և քաղաքաշինության (TUF) հիմնադրամի կողմից վերանորոգվող Բարեկամության այգում։

Երկօրյա փառատոնը կմեկնարկի ամսի 6-ին․ ջրավազանները կլցվեն վարդաջրերով, ջրախաղը բակերից կտեղափոխվի այգի․ կհնչի երգ-երաժշտություն, կմատուցվեն ազգային պարեր ու կկազմակերպվի ազգային խոհանոցը ներկայացնող ուտեստների համտես, կլինի խնձորների հյուրասիրություն, որը բերքառատության ու սիրո խորհրդանիշ է։

Փառատոնը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ֆինանսավորմամբ։ Իր աջակցությունն է ցուցաբերել նաև Գյումրու քաղաքապետարանը։

Այսօր Բարեկամության այգում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝  երեք կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Բարեկամության այգու վերակառուցման ծրագրի համակարգող Էմմա Բաղդասարյանն ասաց, որ «Վարդավառ- փառատոնը» տեղի կունենա ամսի 6-ին և 7-ին։ Ամսի 6-ին ներկայացվելու է ավանդական հատվածը՝  ծեսերը, մեկնաբանվելու է տոնի խորհուրդը, պատրաստելու են վարդաջրերով լողավազանները։

Ամսի 7-ին կլինի բուն ջրախաղը,  այնուհետ բակային խաղեր, մրցույթներ, ազգային ուտեստների պատրաստում, իսկ երեկոյան ժամի՝ երաժշտական տոնակատարություն։

Բանախոսն ասաց, որ այն փառատոնի վերածելու նպատակը տոնը հանրայնացնելն է։

«Մեր նպատակը մեկ անգամ ևս ցույց տալն է, որ Վարդավառը բուն հայկական տոնակատարություն է։ Ժամանակը  և իրադարձությունները ցույց են տալիս, երբ չես հանրահռչակում, չես խոսում տոների բուն հայկականության մասին,  շատ հաճախ դրանք յուրացվում են, և  ժամանակի ընթացքում շատ բարդ է  դրանց էությունը ընդգծելը։

Մեր նպատակն է վեր հանել ազգային տարրերը տոնակատարության մեջ ու լայն մասսայականություն ապահովել․ Վարդավառն այն եզակի տոներից է, որը տոնում են բոլորն՝ անկախ տարիքից, սեռից, կարգավիճակից»,-ասաց Էմմա Բաղդասարյանը։

Նա նշեց, որ զբոսաշրջիկները ևս հետաքրքրված են փառատոնով,  իրենք անվճար ուղևորափոխադրում են կազմակերպում Երևանից Գյումրի և  հակառակ ուղղությամբ, հետաքրքրվողները շատ են։

«Մարդիկ ժամերն են հստակեցնում, փորձում են կապ հաստատելով՝ հասկանալ՝ արդյո՞ք ունենք գիշերակացի և այլ սպասարկման համար կարևոր կետեր, հետարքրքությունը մեծ է»,-ասաց Էմմա Բաղդասարյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջային կոմիտեի մամուլի խոսնակ Անահիտ Բաղդասարյանն էլ ասաց, որ կոմիտեն զբոսաշրջության զարգացման  ծրագրի  շրջանակներում անցկացնում է դրամաշնորհային մրցույթ, ծրագրի մեջ ներառված են նաև փառատոները, եթե չափանիշներին համապատասխանում են, ապա աջակցում են։

Ըստ բանախոսի, վարդավառն այդ փառատոներից մեկն է, որ կազմակերպվում է մեծ շուքով, նպատակը համայնքներում զբոսաշրջության հոսքը խթանելն է, իսկ հետագայում նպատակ ունեն տոնը միջազգայնացնել։

«Կան փառատոներ, որոնք համաշխարհային մակարդակի ճանաչում ունեն, փորձում ենք տանել նրան, որ Վարդավառը ևս ունենա նման մասշտաբների ճանաչում», -ասաց Անահիտ Բաղդասարյանը։

Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Լիլիթ Թովմասյանն էլ ասաց՝ Վարդավառն ամենալավը նշվում է Գյումրիում, առաջին տարին չէ, որ այս քաղաքում  տոնը մեծամասշտաբ միջոցառման՝ համաքաղաքային տոնի են վերածում։

 

Ըստ բանախոսի, բակերից ջրախաղը տեղափոխվել է քաղաքի կենտրոնական Վարդանանց  հրապարակ ու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածք։ Իսկ այս տարի կլինի Բարեկամության այգում։

Քաղաքապետարանի մասնակցությունը կլինի ջրցան մեքենաներով  ու  տեխնիկայով աջակցելը, իրազեկման ակցիա անցկացնելը։

Վարդավառը Գյումրիում, ինչպես միշտ, կսկսվի արձանների լվացմամբ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031