Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեք չեմ ցանկացել գլխավոր դերակատար լինել նման միջոցառումներին». Հակոբ Ղազանչյանը՝ պրեմիերայի եւ հոբելյանի համընկնելու մասին

Հուլիս 04,2024 21:15

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հուլիսի 3-ին կայացավ ըստ Րաֆֆի Շարտի «Կնոջս անունը Մորիս է» գործի՝ ներկայացման պրեմիերան: Բեմադրությունը, նկարչական եւ երաժշտական ձեւավորումները ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանինն էին:

Կատակերգության պրեմիերայի օրը համընկել էր ռեժիսորի ծննդյան օրվա հետ: Հակոբ Ղազանչյանն արդեն 65 տարեկան է: «Իմ սիրելի թատրոնի տնօրինությունը, մասնավորապես՝ պարոն Կարո Շահբազյանը, որոշեցին օրը տոնի վերածել: Անկեղծ ասած, ես հոբելյաններ չեմ սիրում, եւ երբեք չեմ ցանկացել գլխավոր դերակատար լինել նման միջոցառումներին: Այնպես որ՝ ոչ մի վերամբարձ տեքստ, խոսք եւ ուղերձ չի լինելու»,-ասաց Հակոբ Ղազանչյանը՝ ներկայացումից առաջ:

Նրանից տեղեկացանք, որ գործը ավելի քան 20 տարի  առաջ էր բեմադրել, եւ նախորդ բեմադրությունն արժանացել էր Րաֆֆի Շարտի հավանությանը: Վերջինս ցանկություն է հայտնել, որ իր հեղինակած գործը նորից բեմադրվի: Ռեժիսորն ընդգծեց, որ իր հոբելյանը հատուկ ձեւով նշելու ցանկություն եւ տրամադրություն չունի, ուղղակի առիթն օգտագործել են,  հրատարակել գիրք-ալբոմ, որը ներառում է իր լավագույն աշխատանքները՝ կարիերայի սկզբից մինչ օրս:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ Հակոբ Ղազանչյանն ասաց, որ իր բեմադրած առաջին գործը Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» վիպակն է եղել, որը 1982թ հանդիսատեսի դատին է հանձնել «Չապրած տարիներ» վերնագրով: : Հարցին՝ ո՞րն է իր համար այցեքարտային ներկայացում, Ղազանչյանը պատասխանեց, որ տարբեր ժամանակներում տարբեր բեմադրություններ է նախընտրել, մի ժամանակ իր սիրած ներկայացումը  բազմաթիվ փառատոների մասնակցած «Անտիգոնեն» էր, ապա՝ «Ամպերը», որից հետո իրեն հրավիրել էին բեմադրություն անել Մակեդոնիայի ամֆիթատրոնում՝ Կրայովայում, իսկ հիմա էլ իր սիրած ներկայացումը «Արքան հրապարակումն» է:

Հարցրինք՝ պատահե՞լ է, որ հայրը՝ երջանկահիշատակ Երվանդ Ղազանչյանն առաջարկեր որեւէ գործ բեմադրել, ռեժիսորն այսպես արձագանքեց. «Հայրս երբեմն հարցնում էր, թե ինչ գործ եմ ցանկանում բեմադրել Պարոնյանի անվան թատրոնում: Մի առիթով ասացի՝ «Ռեւիզորը», ասաց՝ հրաշալի է, եւ ես բեմադրեցի: Նա նաեւ առաջարկել է որոշ ներկայացումներ բեմադրել, սակայն երբեք չի բռնացել իմ ցանկության եւ ճաշակի վրա»,-նշում է Ղազանչյանը:  Նաեւ հավելեց, որ երբեմն  ստեղծագործական թեմաներով բանավիճել է հոր հետ, ինչը նույնպես բնական է, ամենակարեւորը՝ չի ցանկացել կրկնօրինակել որեւէ մեկին:

Ի դեպ, ներկայացումից հետո Հակոբ Ղազանչյանին սպասում էր ողջ կոլեկտիվը եւ մշակութային դաշտի էլիտան: Թատրոնի աշխատակազմը նրա համար անակնկալ էր պատրաստել՝ գեղեցիկ երգ-շնորհավորանքի ձեւաչափով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031