Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի համայնքապետարանից 25-օրյա զորավարժություններին մասնակցելու մասին բնակիչներին չեն ծանուցել. ԱԱԾ-ի բացահայտումը

Հուլիս 04,2024 19:29

Aravot.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ Կառավարության 2022 -2023 թվականների  որոշումներով հայտարարված 25-օրյա վարժական հավաքների կազմակերպման նպատակով պահեստազորում հաշվառված անձանց ծանուցելու համար Դիլիջանի համայնքապետարանին սահմանված կարգով տրվել է թվով 1894 հատ ծանուցագիր, որոնցից թվով 938-ի դեպքում որևէ աշխատանք չի իրականացվել և հետ է վերադարձվել զինկոմիսարիատ:

Այն դեպքում, երբ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն ՏԻՄ-երը ապահովում են զորահավաքի ժամանակ զորահավաքային զորակոչի ենթակա քաղաքացիների ծանուցումը:

Բացի այդ 2023թ. վերադարձված ծանուցագրերից 19-ի դարձերեսին Դիլիջանի համայնքապետարանի համապատասխան աշխատակիցների կողմից կազմված տեղեկանքներում նշվել է, որ ծանուցվողը գտնվում է ՌԴ-ում, այնինչ վերջիններս ծանուցման պահին գտնվել են ՀՀ-ում:

Մասնավորապես՝ Ա. Ա-ն Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցման վերաբերյալ կազմված տեղեկանքներից 15-ում ծանուցագրերի դարձերեսին նշել է, որ Դիլիջան համայնքի թվով 15 բնակիչներ ծանուցման պահին գտնվել են ՌԴ-ում, սակայն վերջիններս գտնվել են ՀՀ-ում:

Ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի նախկին աշխատակից Ն. Հ.-ն էլ իր հերթին է կեղծ տվյալներ ներկայացրել: Մասնավորապես՝  Դիլիջան համայնքի թվով 1 բնակչի ծանուցագրի դարձերեսին նշել է, որ վերջինս գտնվել է ՌԴ-ում, սակայն նա գտնվել է ՀՀ-ում:

ՀՀ-ում լինելու, բայց ՌԴ-ում գտնվելու մասին կեղծ տվյալներ են համայնքապետարանից տվել նաեւ այլ քաղաքացիների վերաբերյալ:

Դեպքի առթիվ նախաձեռնվելէ  քրեական վարույթ:

Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը Aravot.am-ին ասաց.  «Խնդրում եմ դիմել պատկան մարմիններին: Ես այդ հարցերին չեմ կարող պատասխանել: ՀՀ բանակի հետ է կապված, ես չեմ կարող պատասխանել, իրազեկել՝ ինչ թվեր են: Ավել բան մի հարցրեք, հաջողություն»:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն նմանատիպ բացահայտումներ էր արել նաեւ Մարտունի համայնքի 2 բնակավայրերում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031