«Այս արատավոր պրակտիկան ոչ միայն Արարատի մարզում է, այլ բոլոր տեղերում նույն պատկերն ենք տեսնում․ մի կողմից օրենսդրության անկատար լինելն է, մյուս կողմից էլ՝ Սահմանադրության նորմերը չպահպանելը»,- «Մեդիա կենտրոնում» «Արարատյան դաշտավայրի բնակիչներն ընդդեմ վնասակար հանքարդյունաբերության» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանն՝ անդրադառնալով այն փաստին, որ Այգեզարդ բնակավայրի բնակչությունը տեղյակ չի եղել հանրային լսումների մասին։ Նազելի Վարդանյանը նաև հավելեց՝ ոչ մի լսումների հայտարարության տակ փաստաթուղթ չկա, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան ծանոթանալ փաստաթղթերին։
Կարմիր սարը, ունենալով կրաքարի պաշարներ, որն օգտագործվում է ցեմենտի արտադրության մեջ, այսօր հայտնվել է միաժամանակ մի քանի հանքարդյունահանողների ուշադրության թիրախում՝ «ՄԼ մայնինգ» ՍՊԸ, «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ, «ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ, «ՕՐԴ» ՍՊԸ, «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ։ Վերջինս նախատեսում է Վեդիի վարչական տարածքում ցեմենտի գործարանի կառուցում։ Կարմիր սարում կան Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ, որոնց առկայության դեպքում արգելվում է հանքարդյունաբերության իրականացումը։ Արարատի մարզի Կարմիր սարին հարող և իրենց բարձրարժեք գյուղատնտեսությամբ հատնի մի քանի գյուղերին՝ Այգեզարդ, Քաղցրաշեն, Գինեվետ, Նոր ուղի, սպառնում է տնտեսական ուղղվածության փոփոխություն, ինչպես նաև էկոլոգիական և սոցիալական խորը ճգնաժամ։
Նազելի Վարդանյանը նաև նշեց՝ այստեղ ցեմենտի գործարան կառուցելու մտադրություն էլ կա․ «Մի տարածքի համար արդեն կա մեկ թույլտվություն և հիմա նույն այդ տարածքի վրա անցկացնում են նորից լսումներ արդեն երեք այլ կազմակերպության կողմից, մեկ կազմակերպություն էլ դիմել է ցեմենտի գործարան կառուցելու համար։ Պատկերացնո՞ւմ եք՝ երկրորդ ցեմենտի գործարանը լինի, ու ամբողջ Արարատի մարզը ցեմենտի ծանր փոշու մեջ թաղված լինի։ Գյուղատնտեսություն ենք կորցնում։ Մենք կորցնում ենք մեր թանկարժեք գյուղատնտեսական հողերը, և մարդիկ վաղը մնալու են առանց աշխատանքի, եկամտի աղբյուրի, քանի որ այդ մարդիկ դարեր շարունակ իրենց հողը մշակելով՝ իրենց ապրուստի միջոցն են վաստակել։ Այս մարդկանց ուզում են դարձնել հանքարդյունաբերական աշխատողներ, որոնք չունեն գիտելիքներ։ Արդյունքում մի քանի գյուղ կորցնելու է իր ապրուստի միջոցը»։
Կարդացեք նաև
Նազելի Վարդանյանն ասաց՝ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամին հարցում է արել և պատասխան ստացել, որ Կարմիր սարում գոյություն ունեն 14 տեսակի բարձրակարգ բույսեր, որոնք գրանցված են ՀՀ-ի կարմիր գրքում, երեքը՝ միջազգային կարմիր գրքում, որոնցից մեկն էնդեմիկ տեսակ է և աճում է միայն այդտեղ։ Եթե այդտեղ հանքարդյունաբերություն լինի, այդ տեսակն ընդհանրապես վերանալու է։ 17 տեսակի կարմիր գրքային կենդանիներ կան նաև Կարմիր սարում։
«Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանը խորհուրդ տվեց դիմել ՀՀ դատախազություն․ «Երբ տեսնում ենք, որ հանրային լսումները փաստացի կեղծվել են, համայնքին խորհուրդ եմ տալիս՝ միասին եկեք դիմենք դատախազություն, թող քրեական գործ հարուցվի ընկերության կողմից ՀՀ հանրային լսումների մասին հոդվածը խախտելու համար։ Սա կարևոր կլինի, որ ևս մեկ անգամ արձանագրվի, որ ՀՀ-ում քաղաքացու ձայնը լսելի չէ, և սա չի կարող լինել արժանավայել ՀՀ օրենսդրությանը»։
Թեհմինե Ենոքյանը, հիշեցնելով եվրաինտեգրմանն ուղղված քայլերի մասին պաշտոնական հայտարարությունները, համաձայն որոնց՝ ՀՀ-ն բարձր մակարդակով հայտարարում է, որ ցանկանում է հայտ տալ եվրաինտեգրմանը, ասաց․ «Պետք է հիշել, որ Օրհուսի կոնվենցիայի խախտումը արժանավայել չէ ՀՀ-ին, և հենց ամենացածր մակարդակում, երբ գյուղացիներին փորձում են խաբել և նրանց ձայնը մանիպուլյացիայի, փոփոխության ենթարկել և ծառայեցնել որևէ հանքարդյունաբերական ընկերության շահերին, սա անթույլատրելի է։ Մենք կարող ենք ուղղակի այս ամբողջը ձևակերպել հայերեն-անգլերեն տարբերակով, մի տարբերակը դատախազություն ուղարկել, մյուսը՝ Օրհուսի կոնվենցիայի համապատասխան կոմիտեին, ինչպես նաև պետական բոլոր մարմիններին, որ իմանան՝ մեծ-մեծ խոսելուց առաջ պետք է նաև ամենացածր մակարդակում ապահովել օրենքների և կոնվենցիաների իրականացումը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի