Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւի հայտարարությունները բխում են Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ներսից խաբեությամբ զավթած խմբի հետ համաձայնեցնելուց». Լարիսա Ալավերդյան

Հուլիս 04,2024 17:37

ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններից մեկին, թե Հայաստանը պետք է վերաբնակեցնեն 300 հազար ադրբեջանցիներով, որպես այդ հարցերով զբաղվող ու այդ ամենի ականատես ու վկա՝ ասաց. «Ալիեւը խոսում է 90-ական թվականներին Հայաստանը ինքնուրույն լքած ադրբեջանցիների մասին: Որեւէ բռնություն ադրբեջանցիների նկատմամբ, մանավանդ, Արարատյան դաշտում, չի եղել: Հիշեցնեմ, որ դեռ 1988 թվականի փետրվարի 25-ից Ադրբեջանի տարածքի ավելի քան 320 բնակելի վայրերում, որոնք ամբողջովին կամ մասնակի բնակեցված էին հայերով, տեղի են ունեցել ցեղասպանական գործողություններ: Սումգայիթը բոլորը հիշում են, բայց մոռանում են մյուս բնակավայրերը: Օրինակ, Մինգեչաուրը, որը նույնպես բավականին մեծ քաղաք է: Էլ չեմ ասում, թե ինչպես են Արցախից, հենց Շուշիից հայերը բռնի տեղահանվել:

Երկրորդ: Ադրբեջանցիները Հայաստանից բռնի չեն տեղահանվել: Նրանց գրեթե 90 տոկոսը հասցրել է փոխանակել կամ վաճառել իր բնակարանը կամ տունը: Սովետական ժամանակվա տունը, բնակարանը վաճառելը որ հնարավոր չէր, նրանք ձեւակերպում էին որպես փոխանակում: Շատ հետաքրքիր է, որ մեր ՀԿ-ն, ստիպված էր այնպիսի գործեր նայել, որ նույն ադրբեջանցի ընտանիքը կամ տան տերը իր տունը վաճառել է Բաքվի երկու-երեք հայ ընտանիքի:

Հստակեցնենք, որ ի տարբերություն հայերի, որոնք բռնի, ցեղասպանական մեթոդներով դուրս են մղվել Ադրբեջանից, ադրբեջանցիները Հայաստանից դուրս են եկել ինքնուրույն եւ ինքնակամ: Ես ուզում եմ վկայել, որ երբ ամուսնուս հետ գնացել էինք Սիսիան՝ հետաքրքրվելու, թե ադրբեջանցիները, որ հավաքել էին իրենց ունեցվածքը, կահ-կարասին, ինչի են ուզում դուրս գալ Հայաստանից, Աղուդի գյուղում, բնակիչները դեպի Ադրբեջան մատն ուղղելով՝ մեզ իրենց լեզվով պատասխանեցին, որ Ադրբեջանից են իրենց կարգադրել դուրս գալ այդ գյուղերից:

Ուզում եմ հակադարձել Ալիեւի ասածներին: Նախ, վերաբնակեցում չի կարող տեղի ունենալ, որովհետեւ ադրբեջանցիները Սովետական Միության օրոք այդ երկրի քաղաքացի լինելով մի բնակելի վայրից տեղափոխվել են մյուսը: Իսկ հայերը նույն սովետական ժամանակ բռնի տեղահանվել են ցեղասպանական գործողություններով: Սումգայիթը, Բաքուն ու հարյուրավոր այլ բնակավայրերը բոլորի աչքի առաջ են: Այնպես որ, ադրբեջանցիները ընդհանրապես տեղ չունեն խոսելու վերադարձի մասին»:

Իրավապաշտպանը նաեւ մեկնաբանեց, թե ինչու է Ալիեւը այդպիսի հայտարարություններ անում: «Նա այդ հայտարարությունները անում է, որովհետեւ Հայաստանը գնահատական չի հնչեցրել ալիեւների եւ նրանց ղեկավարության իրականացրած 80-90-ականների ցեղասպանական գործողությունների մասին, Հայաստանի կողմից չի ստացել իրեն արդեն Անկախ Հանրապետություն հռչակած, ադրբեջանական օրենքներով եւ միջազգային իրավունքի բոլոր օրինական պահանջներին համապատասխան դուրս եկած Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի քաղաքական, իրավական գնահատական:

Ալիեւի այդ հայտարարությունները բխում են օրվա Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ներսից խաբեությամբ զավթած խմբի հետ համաձայնեցնելուց: Հակառակ պարագայում նման բան չի կարող տեղի ունենալ»,-ասաց տիկին Ալավերդյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031