Լրահոս
Օրվա լրահոսը

42 սկսնակ կին գործարարները ստացել են 1 մլն դրամ դրամաշնորհի հավաստագրեր և կնքել են պայմանագրերը

Հուլիս 04,2024 17:42

Հուլիսի 3-ին կայացել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության շահառուներին հավաստագրեր հանձնելու արարողությունը։ Բոլոր 42 հաջողակներին հավաստագրերը հանձնել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։ Հանդիսավոր արարողությունից հետո կնքվել են նվիրաբերության պայմանագրեր և շահառուներից յուրաքանչյուրը ստացել է 1-ական մլն դրամ։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որովհետև այն, ինչ դուք արել եք, արել եք կարծրատիպեր կոտրելով՝ յուրաքանչյուրդ ձեր համայնքում, որովհետև բոլորս գիտենք, թե ի՞նչ է նշանակում մարզում ապրել, լինել կին և որևէ գործունեություն ծավալել, որը ընտանիքի սահմաններից ու խոհանոցից դուրս է։ Մենք բոլորս հասկանում ենք, թե դա ինչ տանջանք ու տառապանք է, և հենց դրա համար եմ ուզում շնորհակալություն հայտնել, որովհետև դուք այդ ճանապարհն անցել եք, որովհետև դուք դրանով դուրս եք եկել ձեր ընտանիքի սահմաններից, բայց այդպիսով նպաստել եք ձեր ընտանիքի բարեկեցությանը, նաև զորավիգ եք եղել ձեր ամուսիններին, արել եք դա ձեր երեխաների, ձեր համայնքի համար և ընդհանրապես մեր պետության համար բարիք եք ստեղծում, ինչը շատ մեծ և գնահատելի քայլ է»,- ընդգծել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենը։

Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել նաև բոլոր այն կանանց, որոնք ընդունել էին բարեգործական ընթրիքի մասնակցելու հրավերը և հանգանակել էին այն գումարը, որն այսօր բաժին է հասել սկսնակ գործարարներին։

«Հույս ունեմ, որ մյուս տարի շատ ավելի մեծ թվով կանայք կմասնակցեն այս նախաձեռնությանը, շատ ավելի հեշտ կկազմակերպենք այդ դրամահավաք-ընթրիքը և շատ ավելի մեծ թվով կանանց միջև կբաշխենք այդ գումարը, կրկին 1 մլն դրամ, քանի որ փորձում ենք սա դարձնել ավանդույթ»,- շեշտել է Աննա Հակոբյանը։

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենը հույս է հայտնել, որ 42 սկսնակ կին գործարարները, որոնք այս տարի ստացել են դրամաշնորհ, հաջորդ տարի նախաձեռնությանը կմասնակցեն որպես կայացած կին գործարար և մեկ ուրիշին կօգնեն կայանալ բիզնեսում։ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և աշխատանքային խմբի անդամ Լենա Նազարյանը ներկաներին պատմել է, որ անձամբ ուսումնասիրել է բոլոր հայտերը և մեծ ցանկություն է ունեցել, որ բոլորը հաղթեն։

«Ինչու եմ հիացել, որովհետև ես հասկանում եմ, որ երբ մարդը սեփական գործն է անում ու քիչ ռեսուրսներ ունի, իր դժվարությունները կրկնապատկվում, եռապատկվում են, ու այն ջանքը, որ դուք գործադրել եք մինչև հիմա, ինձ պարզապես հիացրել է, և ես դա տեսել եմ ձեր հայտերի մեջ։ Դրամաշնորհ ստանալու հայտ ներկայացրած մասնակիցների թիվն ավելի շատ է եղել, և որպեսզի որոշենք, թե ում փոխանցենք նվիրատվությունը, փորձել ենք հայտերի հիման վրա պատկերացում կազմել ոչ թե մասնակիցների, այլ մինչև հիմա նրանց կատարած աշխատանքի մասին։ Եվ երբ տեսել ենք, որ գործը նախաձեռնած կինն արդեն բավարար ժամանակ, ռեսուրս, ջանք է ներդրել և ինչ-որ սարքի պակաս ունի, մենք նախապատվությունը տվել ենք այդ կանանց, որովհետև հավատացել ենք, որ այդ դեպքում անպայման արդյունք կլինի»,- նշել է Լենա Նազարյանը։

«Ես համարում եմ, որ սուտ է, թե տղամարդիկ ուժեղ սեռն են, որովհետև կանայք ավելի ուժեղ են և բացի իրենց գործից իրենց վրա են վերցնում նաև տղամարդկանց գործի կեսը։ Այնպես որ, ամբողջ հոգով և սրտով հաջողություն եմ մաղթում բոլորիդ և խնդրում եմ չկորցնել ձեր միջի այն ջիղը, որը մղում է ձեզ այս հերոսություններին»,- հավելել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, աշխատանքային խմբի ղեկավար Վահագն Թևոսյանը։

Ելույթներ են ունեցել նաև նախաձեռնության շահառուները։ «Չեմ կարծում, որ ներկա 42 կանանց շրջանում բացի ինձնից կա մայր, որ հայրենիքին է տվել իր ամենաթանկին։ Բայց դուք այն հզոր կանայք եք, որ այսօր կարողացել եք ձեր մեջ ուժ գտնել և մասնակից լինել հայրենիքի հզորացմանն ու կայունացմանը։ Մենք հզոր հայրենիք ենք կառուցում և շնորհակալություն եմ հայտնում, որ իմ որդու պահ տված հայրենիքի համար ինչ-որ լավ բան եք անում»,- ընդգծել է Սյունիքի մարզի Բնունիս գյուղում հյուրատուն հիմնած Արսինե Սահակյանը։

Հիշեցնենք, որ մոտ 3 ամիս առաջ մեկնարկած նախաձեռնությունը միտված է կայացած կին գործարարների օգնությամբ աջակցել սկսնակ կին գործարարներին։ Բարեգործական ընթրիքից հետո «Իմ քայլը» հիմնադրամը առաջին փուլով ստացել էր 166 հայտ՝ նախաձեռնության ամբողջ ընթացք ամփոփել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրենը։ 2-րդ փուլ անցնելու համար 2 պայման կար՝ գործունեություն ծավալել մարզերից որևէ մեկում և ունենալ իրավաբանական անձի կարգավիճակ։ Այս պայմանները չեն կիրառվել միայն ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց համար և նրանց հայտերը հաստատվել են առանց նախապայման։ Արդյունքում երկրորդ փուլ էր անցել 106 հայտ։

«Նրանցից յուրաքանչյուրը ստացել է աշխատանքային խմբի կողմից մշակված հայտերի լրացման նոր ձևաչափ և մեկ շաբաթվա ընթացքում այն հետ՝ հիմնադրամ էին ուղարկել 95-ը, որոնք շարունակել են պայքարը։ Բոլոր 95 հայտերն առանձին-առանձին գնահատվել է 8 չափորոշիչով՝ գաղափարի մրցունակությունից մինչև ֆինանսական ազդեցություն բիզնեսի զարգացման ու ընդլայնման վրա։ Եվ արդյունքում, աշխատանքային խմբի անդամների անհատական գնահատականների հանրագումարի արդյունքում ամենից շատ միավորներ հավաքած 42 սկսնակ կին գործարարներն են դարձել ծրագրի շահառու»,-նշել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրեն Դավիթ Մկրտչյանը։

Կնքված պայմանագրերով հիմնադրամն իրավունք է ստացել մշտադիտարկում իրականացնել և ըստ անհրաժեշտության նաև հաշվետվություն պահանջել՝ հավելել է Դավիթ Մկրտչյանը, և հիմնադրամը հետևելու է, որ տրամադրված ֆինանսական աջակցությունը ծառայի իր նպատակին։

Միջոցառման պաշտոնական հատվածի` հավաստագրերի հանձման, պայմանագրերի կնքման գործընթացից հետո Աննա Հակոբյանը հյուրերին հրավիրել է խարույկի շուրջ զրույցի: Այդտեղ բոլոր մասնակիցները մանրամասն ներկայացրել են իրենց բիզնեսը, պատմել անցած դժվար ճանապարհի մասին, յուրաքանչյուրն իր դիտանկյունից ընդգծել է նախաձեռնության կարևորությունը և շարունակականության անհրաժեշտությունը: Աննա Հակոբյանն ու շահառուները հաճելի օրն ավարտել են խարույկի մոտ` երաժշտական կատարումներով ու շուրջպարով:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031