Shamshyan.com. Երեկ՝ հուլիսի 2-ին, Երևան քաղաքի Արաբկիրի 19 փողոցի 10-րդ բնակարանի բնակիչներ 45-ամյա Քրիստինե Արզումանյանին և նրա 7-ամյա երեխային Հարկադիր կատարման ծառայությունը վտարեց իրենց բնակարանից։
Քրիստինեն և երեխան Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս նահատակ Հայկ Ղրիմյանի ընտանիքի անդամներն են։
Վտարման պատճառը Քրիստինեի կողմից 17 տարի առաջ տոկոսով գումար վերցնելու դիմաց տան առուվաճառքի պայմանագիր կնքելն է. «17 տարի առաջ գումար էր հարկավոր, որպեսզի հայրիկիս վիրահատության ծախսերը հոգամ և գումար եմ վերցրել անհատից՝ Արա Մուրադյանից 1500 դոլար՝ ամսական 10 տոկոսով։ Նոտար Էմմա Շաբոյանը կնքել է պայմանագիրը և ինձ ասել, որ 1 ամսով իմ տունը վաճառեմ Արայի վրա և հենց գումարը վերադարձնեմ նա նորից տունը ինձ վրա կվաճառի։ Հետո պետք է պարզվեր, որ այդ նոտարը ևս իրենց խարդախներից է, իսկ այդ ժամանակ ես չէի հասկանում ինչ է կատարվում, միայն մտածում էի՝ արագ գումար ճարեմ՝ ինչ պայմանով էլ որ լինի, որպեսզի փրկեմ հայրիկիս կյանքը։ Մեկ ամիս հետո իրենց գումարը և 10 տոկոսը հինգ հոգու ներկայությամբ հետ եմ վերադարձրել։
Դրանից 1 շաբաթ հետո զանգում եմ, ասում՝ տեսնեմ երբ է Արան գալու, տունը իմ անունով անենք, պատասխանում է, որ էդ տունը արդեն իրենն է։ Այդտեղից սկսվում է այս պատմությունը։ Խարդախություններով տունս վերցնում, իրենցով են անում։ Հետո այդ տունը Արան վաճառում է Չարխի Ֆալաքյանին, որը ևս նրա ընկերն է, ինչքան էլ իրենք միայն գնորդ ներկայացնեն։ Երեկ՝ հուլիսի 3-ին, մեզ վտարել են, և ես ու 7-ամյա երեխաս, ում հայրիկը հանուն հայրենիքի զոհաբերել է իր համար ամենաթանկը՝ կյանքը, հայտնվում ենք բաց երկնքի տակ։ Մեզ վտարել են, իսկ ոստիկանությունը փոխանակ օգնի, ուզում է երեխային տանի մանկատուն»։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի