Լրահոս
Օրվա լրահոսը

5 տարի քննարկում ենք, ի վերջո գտել ենք ձևը՝ ինչպես տարբերակենք կաթից պատրաստած թթվասերը, կաթից չպատրաստվածից. Փաշինյան

Հուլիս 04,2024 16:30

Կառավարությունը հաստատել է Լոռիում և Տավուշում աղետից տուժած ընտանիքներին փոխհատուցման  կարգը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը: Ըստ այդմ՝ կսահմանվեն արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման շահառուները, փոխհատուցման ենթակա առաջնային վնասները, փոխհատուցման պայմանները և ընթացակարգը, դիմումի ներկայացման և դրա հիման վրա փոխհատուցման տրամադրման կարգը։ Կարգավորվելու է ֆիզիկական անձանց պատճառված վնասի առաջնային փոխհատուցումը, այսինքն՝ արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի փոխհատուցումը՝ պայմանավորված բնական կենսաապահովման և առաջնային կարիքների ապահովման անհրաժեշտությամբ։ Առաջնային վնասների փոխհատուցման կարգի հաստատումից հետո ՀՀ կառավարությունը կսահմանի նաև վնասի այլ տեսակների փոխհատուցման կարգը։

Կարգավորման շրջանակում այս փուլում փոխհատուցվելու են բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասները: Փոխհատուցման շահառու են հանդիսանալու օրենքով չարգելված ցանկացած եղանակով (ներառյալ այնպիսի եղանակով, որն այլ հավասար պայմաններում սեփականության իրավունքի ծագման հիմք կարող էր լինել) անշարժ գույք ձեռք բերած անձինք, որոնց գույքը վնասվել (ոչնչացվել, փլուզվել, կորել, վթարային՝ քանդման ենթակա դարձել, մասնակի վնասվել) է արտակարգ իրավիճակի հետևանքով: Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում տրամադրվում է բնակարանի (բնակելի տան) գնման վկայագիր:  Բնակելի տարածքին պատճառված վնասի դեպքում ֆիզիկական անձինք վերանորոգման համար ստանում են փոխհատուցում՝ ըստ ազդակիր ճանաչված ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի: Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի կամ վնասի դեպքում անձանց տրամադրվում է նաև կենցաղային առաջնային գույքի փոխհատուցում: Սահմանվում են էլեկտրոնային դիմումի ներկայացման ընթացակարգը, դիմումի հաստատման կամ մերժման հիմքերն ու ընթացակարգը, ինչպես նաև փոխհատուցման ընթացքի մշտադիտարկմանը վերաբերող կարգավորումները։

Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում ֆիզիկական անձին տրամադրվելու է փոխհատուցում՝ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով: Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորուստ է համարվում արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած ֆիզիկական անձի բնակության վայրի՝  բնակարանի, տան, կեցավայրի՝ աղետի հետևանքով ոչնչացումը, փլուզումը կամ վթարային՝ քանդման ենթակա (4-րդ կամ 5-րդ աստիճանի վնասվածության) դառնալու փաստը։

Այն անձինք, ովքեր կրել են վերոնշյալ վնասները և դրանք համապատասխան կայքով գնահատված են և գույքագրված աղետների հետևանքով պատճառված վնասների գնահատման հանրապետական հանձնաժողովի կողմից փոխհատուցում ստանալու համար կարող են էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնել հուլիսի 15-ից  սեպտեմբերի 30-ը ներառյալ։ Դրա համար շահառուն պետք է ներկայացնի որոշմամբ  նախատեսված տվյալները։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մանրամասնել է. «Կադաստրի կոմիտեն տալիս է տվյալ բնակավայրում վերջին շրջանի անշարժ գույքի գծով գործարքների արժեքը որքան է եղել և 1 քմ հաշվով միջինացված արժեքը հիմք է ընդունվում բնակարանի գնման վկայագրի 1 քմ համար փոխհատուցում նախատեսելու համար: Ունենք մեկ բազմաբնակարան շենք, որն Ալավերդի քաղաքում է՝ բաղկացած 16 բնակարաններից: Իրականում այդ 16 բնակարաններից 6 բնակարանն է, որ գտնվել է առաջին հարկում և ջրհեղեղից տուժել է, բայց, քանի որ շենքն ամբողջությամբ դարձել է վնասվածության այն աստիճանի, որ պետք է քանդվի, ապա նաև բնակարանի գնման վկայագրեր կստանան 2-րդ և 3-րդ հարկերում բնակվողները՝ ևս 10 բնակարանատեր: Եվ առանձնատների քանակը ճշտվում է, բայց ևս երկու առանձնատուն է մեզ հայտնի՝ մեկը  Հաղարծնում, մեկը Ձորագետում»:

Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մնացած դեպքերում մարդկանց հատկացվում է գումար, որպեսզի նրանք հնարավորինս արագ իրենց տունը նորոգեն և վերադառնան այնտեղ ապրելու: Անդրադառնալով վերջին այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությանը, որ միջինացված 1 քմ համար հաշվարկ կարվի և այդ հաշվարկով կհատկացվեն գումարները, կառավարության ղեկավարը հետաքրքրվել է, թե ինչ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ: Ի պատասխան Գնել Սանոսյանը նշել է. «Ուզում եմ հիշեցնել, որ մենք ունեինք 9 համայնք և 39 բնակավայր այս ցանկում: Հիմա 60 000-ի կոդում Ալավերդին է իր բնակավայրերով և Նոյեմբերյանի Այրում բնակավայրը: Մնացած բոլորի պարագայում կկիրառվի 40 000-ը»: Հավելելով՝ վարչապետն ընդգծել է. «Ինչպես պայմանավորվել ենք, առաջնային խնդիրը հետևյալն է՝ մենք մարդկանց աջակցենք, որ նրանք արագ տունը նորոգեն և վերադառնան իրենց տուն ապրելու: Եվ մենք երկու գոտում փաստորեն 1 քմ համար հատկացնում ենք 60 000 դրամ, մյուս դեպքում՝ 40 000 դրամ»:  

Հաջորդիվ կառավարության ղեկավարն անդրադարձել է գույքի հետ կապված հարցին: «Մենք այդտեղ էլ եկանք այն եզրակացության, որ պետք է գանք որոշակի ստանդարտի, որովհետև մի տան մեջ գույքը շատ է, մի տան մեջ գույքը քիչ է, բայց ամենակարևոր հանգամանքն այն է, որ մենք չենք կարող հիմա հետահայաց ստուգել, թե այդ տանն ինչ գույք է եղել: Եվ ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, մեր փորձն ի՞նչ է ցույց տալիս, որ նման դեպքերում շատ լայն դաշտ է բացվում չարաշահումների համար: Եվ մենք այս տրամաբանությամբ բնակարաններին հատկացնում ենք երկու գոտիով: Առաջին գոտում 1 մլն 200 հազար դրամ, այսինքն՝ բնակարանի նվազագույն կարիքները հոգալու համար, երկրորդ գոտում՝ 800 000 դրամ գույքային կարիքները հոգալու համար», – ասել է վարչապետը և ընդգծել, որ որոշակի պայման է դրվում, որ գումարի 60 տոկոսը պետք է անկանխիկ եղանակով ծախսվի, մնացած 40-ը կարող են նաև կանխիկացվել:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ 1 մլրդ դրամ կուղղվի Լոռու և Տավուշի մարզերի թվով 9 համայնքում շուրջ 1000 ֆիզիկական անձանց և շուրջ 251 օբյեկտների աղետի հետևանքով պատճառված վնասների փոխհատուցմանը։

Հաստատվել է աղետի գոտու տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը . զոհված անձի ընտանիքին կտրամադրվի 1 միլիոն դրամ                                                                  

Գործադիրը չզեկուցվող հարցերի փաթեթով հաստատել է նաև Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Հեղեղումների պատճառով այդ մարզերում շուրջ 250 ընտանիքներ բախվել են տարաբնույթ սոցիալական խնդիրների հետ։ Մասնավորապես բնակության  համար նախատեսված անշարժ գույքը վնասվելու (այդ թվում նաև կենցաղային ապրանքների, հագուստի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների) կամ ընտանիքի անդամի կորստի պատճառով ընտանիքները բախվել են ֆինանսական խնդիրների հետ և ունեն սոցիալական աջակցության կարիք։ Ըստ այդմ՝ առաջարկվում է հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին միանվագ դրամական օգնության ձևով՝ անկանխիկ եղանակով տրամադրել սոցիալական աջակցություն,  զոհված անձանց ընտանիքների դեպքում՝  1 000 000  դրամի չափով, Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով՝ 60 000  դրամի չափով,  Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով՝ 40 000  դրամի չափով։

ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը կիրականացվի գործող 9 լողավազանում

Կառավարությունը հաստատել է ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը՝ մարզերի լողավազաններում դպրոցահասակ երեխաներին լողի անվճար ուսուցման հնարավորությունը ապահովելու նպատակով: 2024 և 2025 թթ. փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել ՀՀ-ում գործող լողավազաններից 9-ում՝ այդ թվում Կապանում և Էջմիածնում երկուական, մեկական Վանաձորում, Մեծամորում, Հրազդանում, Իջևանում և Ապարանում, հաջորդող տարիներին կիրականացվի նախարարության կողմից հայտարարված մրցութային դրամաշնորհի միջոցով, ինչպես նաև 2026 թ. նախատեսվում է լողավազանների աճ:  Նշված լողավազանները համապատասխանում են ՀՀ առողջապահության նախարարության հրամանով հաստատված լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներին, սանիտարահամաճարակային կանոններին և նորմերին: Ծրագրի իրականացմամբ՝ յուրաքանչյուր տարի լողավազաններում լող մարզաձևով կզբաղվեն յուրաքանչյուր լողավազանում դպրոցահասակ երեխաների 2 տարիքային խումբ՝ 1-ին խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ 13-17 տարեկանները: 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդ խմբում՝ 10-ը: 1-ին և 2-րդ  խմբերում պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ: Ծրագիրը կիրականացվի ուսումնական տարվա ընթացքում: Ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների լողալ սովորելը, նրանց շրջանում առողջ ապրելակերպի խթանումը, ինչպես նաև լող մարզաձևի զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում նրանց ներգրավելը:

Մարզիչ-մանկավարժների պարապմունքները կհսկվեն տվյալ կազմակերպության ղեկավարության կողմից: Խմբերի հետ աշխատող մարզիչ-մանկավարժների կողմից ուսումնամարզական գործընթացը թերի կազմակերպելու դեպքում նրանց կփոխարինեն տվյալ կազմակերպության այլ մարզիչ-մանկավարժները:

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, շահառուների ընդհանուր թիվը մոտ 200 է: Նրանց ընտրությունը կկատարվի բաց հայտարարության միջոցով, որին կարող են դիմել տվյալ լողավազանի տեղակայման բնակավայրում ապրող դպրոցականները: «Դիմումների ընտրությունն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով, շահառուների ընտրությունը կիրականացվի ըստ դիմելու հերթականության: Այն երեխաները, որոնք չեն հասցնի ներառվել խմբում, նրանցից կձևավորվի սպասման խումբ»,- ասել է նախարարը՝ նշելով, որ 1 աշակերտի համար սահմանված է ամսական 12 հազար դրամ վճար:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ անհրաժեշտ է կիրառել համապատասխան միջոցներ ծրագրի արդյունավետ իրականացման և դրա շրջանակում չարաշահումները բացառելու համար: «Կան մասնավոր լողավազաններ, մենք այդ մասնավոր լողավազաններին ասում ենք՝ դուք երեխաների խմբակներ ձևավորեք և պրոֆեսիոնալ մարզիչով երեխաները թող զբաղվեն լողով, մենք իրենց ամսվա վճարը կտանք: Սակայն մեր դառը փորձը ցույց է տալիս, որ ինչ լավ որոշում կայացնում ենք՝ այն դառնում է ոչ թե արդյունք, այլ չարաշահում, քրեական գործ: Հիմա մենք շատ զգույշ ենք մոտենում այս խնդրին»:  

Վարչապետի խոսքով՝ եթե այս ծրագիրն հաջողությամբ իրականացվի, կարելի է այս մեխանիզմը մարզական մասնավոր այլ ենթակառուցվածքների դեպքում էլ կիրառել. «Մենք կնայենք՝ էլ ինչ մասնավոր մարզական ենթակառուցվածքներ կան և նույն մեխանիզմով կֆինանսավորենք երեխաների հաճախումներն այդտեղ: Եթե այս մեխանիզմն աշխատի, կարծում եմ՝ ընդհանարապես մեր սպորտի ոլորտում կարող է շատ էական փոփոխություն լինել: Շատ եմ կարևորում  այս ծրագիրը: Այն փորձնական է, որի արդյունքներին երևի մինչև տարվա վերջ կանդրադառնանք՝ աշխատե՞ց, թե՞ չաշխատեց ծրագիրը, ինչպե՞ս աշխատեց՝ հետագա որոշումները կայացնելու համար: Եվ տիկին Անդրեասյան, մենք ինչպես պայմանավորվել ենք, մասնավոր հատվածի հետ ինտենսիվ շփումները պետք է շարունակենք, որպեսզի մեր խոստացած մարզական կենտրոնների շինարարություններն արդեն հնարավորինս շուտ սկսենք մարզերում»: 

Կառավարությունը 2,5 մլրդ դրամ  է հատկացրել Երևան մի շարք փողոցների նորոգման աշխատանքների համար

Գործադիրի որոշմամբ  նախատեսվում է «Երևան քաղաքում ճանապարհների կառուցման և  միջին նորոգման աշխատանքներ» միջոցառման բյուջեն ավելացնել 2 մլրդ 500 մլն դրամով: Միջոցառման շրջանակներում փողոցների միջին նորոգման աշխատանքներ կիրականացվեն Աջափնյակ, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն վարչական շրջաններում: Միջին նորոգման աշխատանքներ կիրականացվեն նաև  Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում, որոնց մասով համաֆինանսավորում է նախատեսվում նաև Երևան համայնքի բյուջեի միջոցներից: Միաժամանակ, նախատեսվում է նաև «Պետական աջակցություն բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների իրականացմանը» միջոցառման բյուջեն ավելացնել 517,382.0 հազար դրամով: Ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մեկ տարով: Ներկայումս շահառուների թիվը անցնում է 13000-ը և ամսվա կտրվածքով սուբսիդավորման գումարը կազմում է ավելի քան 250 մլն դրամ: Արդյունքում՝ նախատեսվում է, որ շահառուների թիվը կավելանա 3680-ով։

Նորոգման աշխատանքներ են իրականացվելու հետևյալ փողոցներում. Կենտրոն վարչական շրջան՝ Նար-Դոսի փողոց /Չարենցի փ. Նար-Դոսի փ. Վարդանանց փ. Խաչմերուկից  Տիգրան Մեծի փ. Նար-Դոսի փ. Խաչմերուկ (Ալրաղաց)/՝ 18,765 քմ, Ամիրյան փողոց  /Հանրապետության հրապարակից Ամիրյան փ. Սարյանի փ. խաչմերուկ/՝  18,085 քմ, Աթենքի փողոց /Աթենքի փողոց Իսակովի պողոտա Խաչմերուկից մինչև  Աթենքի փողոց Ծիծեռնակաբերդի խճուղու օղակաձև հատում/՝  17,252 քմ, Ծիծեռնակաբերդի խճուղի / Դալմա առևտրի կենտրոնի ավտոկայանատեղի ելք փողոց մինչև Աթենքի փողոց Ծիծեռնակաբերդի խճուղի օղակաձև հատումի կղզյակ/ ՝ 3,300 քմ, Թումանյանի փողոց  /Թումանյան փ. Խանջյան փ. հատումից Թումանյան փ. Սարյան փ. խաչմերուկ/ ՝           25,204 քմ, Մոսկովյան փողոց  /Խանջյան փ. Նալբանդյան փ. խաչմերուկից  Մոսկովյան փ. Սարյան փ. Խաչմերուկ/՝ 22,393 քմ, Արամի փողոց /Արամի փողոց Խանջյանի փողոց. հատումից մինչև  Արամի փողոց. Հանրապետության փողոց հատում/՝  2,824 քմ, Մյասնիկյան պողոտա /Հերացու փ. Մյասնիկյան պ. հատում (կամուրջ) Մյասնիկյան պ. Աճառյան փ. հատում /՝ 60,506 քմ, Անտոն Քոչինյան և Զաքյանի փողոցներ /Անտոն Քոչինյան Բյուզանդի փողոցի խաչմերուկ  Զաքյան փողոցի Գրիգոր Լուսավորիչ փողոցի  խաչմերուկ/՝ 11,130 քմ: Աջափնյակ, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններ՝ Մարտիրոսյան փողոց / Մարտիրոսյան փողոց Հասրաթյան փողոց. խաչմերուկից մինչև Մարտիրոսյան փողոց Լուկաշին փողոց/՝ 9,767 քմ, Լուկաշինի փողոց / Ա. Սարգսյան փողոց Լուկաշին  փողոց հատումից մինչև Սիլիկյան հին խճուղի Լուկաշին փողոց. հատում/՝ 17,318 քմ,  Գ.Հասրաթյան փողոց՝ 16,052, Լենինգրադյան փողոց՝ 22,330 քմ, Հալաբյան փողոց՝ 46,672 քմ, Շիրազի փողոց՝ 14,753 քմ, Արագածի փողոց /Մայիսի 9-ի փողոցից մինչև Արագածի հ. 93ա շենք/՝ 5,060 քմ, Թամանցիների փողոց՝ 46,180 քմ,  Ղարիբջանյան փողոց՝ 2,400 քմ, Վանթյան փողոց՝ 5,365 քմ, Սեբաստիա փողոցից Շահումյան 4-րդ փողոց՝ մինչև Բաբաջանյան փողոցի հատում՝ 17,500 քմ, Շերամի փողոց՝  16,668  քմ:  Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Արաբկիր վարչական շրջաններ՝ Բաբայան փողոց՝ 8,208 քմ, Քանաքեռի 1-ին փողոց՝ 4,800 քմ, Է. Հասրաթյան փողոց՝ 12,623 քմ, Մինաս Ավետիսյան փողոց /(Մինաս Ավետիսյան փողոց Դրոյի փողոց խաչմերուկից մինչև Մինաս Ավետիսյան փողոց  Ուլնեցու փողոցի. խաչմերուկ)՝ 5,777             քմ, Դ. Մալյան փողոց /Դ. Մալյան փողոց Գայի պողոտա խաչմերուկից մինչև  Դ. Մալյան փողոց Խուդյակով փողոց խաչմերուկ/՝ 11,369 քմ, Վ. Թամրուչի փողոց (Վ. Թամրուչի փողոց Սաֆարյան փողոց խաչմերուկից մինչև Սաֆարյան փողոց  Վ. Թամրուչի փողոց խաչմերուկ)՝ 18,668 քմ:

Կկանխվեն  սպառողներին մոլորության  մեջ գցող գործողությունները. նախատեսվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերին ներկայացվող պահանջները

Կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծի ընդունմամբ նախատեսվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերին ներկայացվող պահանջները՝ սահմանելով գունային տարանջատում այն է՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը ապահոված լինի կանաչ գույնով, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի դեպքում նարնջագույն գույնով, ինչը միտված է կանխելու սպառողներին մոլորություն գցող գործողությունները, ինչպես նաև սահմանել կամավոր հիմունքով գունային ինքնակպչուն պիտակների վերաբերյալ դրույթը, առևտրի օբյեկտներում և առևտրի վայրերում սպառողի կողմից տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները այն է՝ սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի N 5 ձևի անասնաբուժական վկայականը կամ պիտակը փակցվում է սպառողներին տեսանելի տեղում, որը հնարավորություն է տալիս սպառողին նույնականացնել  մթերքի կամ հումքի ծագումը։ Օրենքի նախագծով սահմանված բոլոր փոփոխությունները միտված է կանխելու սպառողներին մոլորության  մեջ գցող գործողությունները, ինչպես նաև պաշտպանելու մարդու կյանքն ու առողջությունը։ Օրինագծի ընդունմամբ կկանոնակարգվեն կենդանական ծագման մթերքի և հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև  առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կաթնամթերքի վաճառքին ներկայացվող պահանջները։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության նիստի այսօրվա օրակարգի չզեկուցվող այս հարցին և նշել, որ այն առնվազն 5 տարվա պատմություն ունի. «Հինգ տարի քննարկում ենք այդ որոշումը և ի վերջո եկանք այն եզրակացության, որ գտել ենք ձևը, թե ինչպես տարբերակենք կաթից պատրաստված թթվասերը կաթից չպատրաստված թթվասերից: «Թթվասեր» մակնշմամբ ապրանքների մի մասի մեջ կա՛մ կաթը շատ քիչ է, կա՛մ առնվազն շատ մեծ չափով խառնուրդներ են օգտագործվում»:

Վարչապետն ընդգծել է, որ քննարկումների ժամանակ դիմադրության ալիքն այն բանի համար էր, որ եթե սահմանվի՝ թթվասերը պետք է լինի կաթից, ապա թթվասերի գները կբարձրանան: «Եզրակացությունը հետևյալն է՝ կաթնամթերքը պետք է լինի կաթնամթերք, և այդ կաթնամթերքի վրա պետք է լինեն տեսանելի գունանշումներ, որ այս թթվասերը կաթից պատրաստված թթվասեր է, իսկ մյուսը պետք է լինի ուրիշ գույնով, որ մարդն իմանա, որ այս թթվասերի մեջ գուցե կաթ կա, բայց ամբողջը կաթից չէ: Խանութում պետք է դրված լինեն տարբեր դարակաշարերում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ այս պարագայում երկու իրավիճակ կա. «Առաջինը պարտադիր է, այսինքն՝ եթե կաթնային յուղի փոխարինիչով է պատրաստված, պետք է նարնջագույն դարակաշարում ցուցադրված լինի, իսկ եթե կաթնային յուղով է, այսինքն՝ ոչ փոխարինիչով, ապա՝ կանաչ դարակաշարում»:

Արձագանքելով՝ վարչապետը նշել է, որ շուկայում արդեն կան առնվազն 1-2 ապրանքատեսակներ, որոնք պատրաստվում են միայն կաթից և ընդգծել, որ ՀՀ կառավարության ծրագրերի շնորհիվ է, որ շուկայում հայտնվել է կաթնամթերք պատրաստված միայն կաթից. «Կարծում եմ, որ այս գործընթացը պետք է շարունակել, որպեսզի սպառողն իմանա, թե ինքն ինչ է սպառում և ինչի համար ինչքան վճարում»:

Կառավարությունը շարունակում է ՀՀ ճանապարհների վիճակի բարելավման ապահովումը

Կառավարության որոշմամբ 60,715.8 հազար դրամ կհատկացվի  «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով: Գումարը կուղղվի մի շարք ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝ Հ-26,/Մ-4/-Ենոքավան–Կարմիր գյուղ (գյուղատեղի)-/Մ-16/ հանրապետական նշանակության  ավտոճանապարհի հիմնանորոգում,  Հ-30, /Մ-4/ – Ճամբարակ- /Հ-7/  հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19-րդ և 51-րդ  կմ-երում գտնվող սողանքային տեղամասերում ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման, ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումների իրականացում, Տ-1-25, /Մ-3/(Աշտարակ)–Փարպի-Ղազարավան տեղական նշանակության ավտոճանապարհի համապատասխան հատվածների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում, Մ-2, Երևան-Երասխ-Նորավան- Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հատվածի վերակառուցում և այլն:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կահավորումը և համապատասխան գծանշումը, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի միջով անցնող ավելացված մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման աշխատանքների իրականացումը:

Վարժական հավաքներ` 2024 թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2024 թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ: Սահմանվել է նաև, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով, հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Միջազգային համագործակցություն. Շիրակում և Տավուշում կիրականացվի Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիրը

Գործադիրը հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին: Ըստ հիմնավորման՝ Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամի (JFPR) կողմից առաջարկվող 3 մլն ԱՄՆ դոլար բյուջեով դրամաշնորհը կաջակցի ՀՀ կառավարությանը՝ բարձրացնելու գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և բարելավելու պարենային անվտանգությունը գյուղական վայրերում, որոնք խիստ խոցելի են կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ: Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիրը (CAFSEP) կենտրոնանալու է ՀՀ երկու մարզերի վրա՝ Շիրակի և Տավուշի, որտեղ փոքր ֆերմերները բախվում են աղքատության բարձր մակարդակի, պարենային անապահովության և կլիմայական ռիսկերի հետ: Ըստ այդմ՝ տասը գյուղերի կտրամադրի կլիմայադիմացկուն էներգետիկ լուծումներ, որոնք, էներգիայի ծախսերը նվազեցնելու և խնայողությունները ավելացնելու միջոցով, ուղղված կլինեն համայնքներում խնայողությունների վերաներդրմանը՝ աջակցելով կայուն գյուղատնտեսությանը, կաջակցի գյուղական համայնքներում կենսամակարդակի բարձրացմանը կլիմայի նկատմամբ կայուն գյուղատնտեսության և տեղական եկամտաբեր ծրագրերի միջոցով, կնպաստի ՀՀ էկոնոմիկայի նախարարության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը՝ կլիմայի հարմարվողականության պլանավորմանն աջակցելու և գյուղատնտեսության ոլորտում կլիմայական պայմաններին համապատասխան ներդրումային ծրագրեր մշակելու համար:

Կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ՀՀ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Համաձայնագրի նպատակն է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև միջազգային համագործակցությունը: Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը նշանակում է Համագործակցության հարցերով դատախազ՝ Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև հաղորդակցությունը և համագործակցությունն իրականացնելու նպատակով:  Եվրաջասթն ունի իրավասության լայն շրջանակ անդրազգային հանցավորության դեմ պայքարում, հետևաբար Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի նախաձեռնված քրեական վարույթներով Եվրոպական միության անդամ պետությունների իրավասու մարմինների հետ իրականացնել արդյունավետ համագործակցություն, իսկ ՀՀ դատախազության ներկայացվածությունը Եվրաջասթում կնպաստի անհրաժեշտ հաղորդակցման արագությանն ու ցուցաբերված փոխադարձ աջակցության որակին:

Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» դրամաշնորհային համաձայնագրին: 2 մլն եվրո դրամաշնորհը տրամադրվելու է ՎԶԵԲ բաժնետերերի հատուկ հիմնադրամից: Ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում (Սիսիանից 7 կմ հեռավորության վրա՝ Հյուսիս-հարավ ավտոմոբիլային միջանցքին հարող տարածքում) գտնվող 7.7 հա հողատարածքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցումը, դրա տեխնիկական ապահովումն ու Ծրագրի իրականացման աջակցության խորհրդատվական ծառայությունների մատուցումը: Ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ-ից ներգրավվելու են վարկային միջոցներ՝ 10 մլն եվրոյի չափով:Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել վարչական շենք՝ տանիքում արևային էներգակայանով: Հիմնավորման համաձայն՝ 2022թ. ընթացքում Հարավային մաքսատուն-վարչությունում հայտարարագրվել է 373,000 տոննա բեռ, իսկ 2023թ. ընթացքում` 569,000 տոննա։ Ձևակերպված հայտարարագրերի քանակը 2022թ. կազմել է 8,100, իսկ 2023թ.` 14,300: Նշված բեռները 2022թ․ տեղափոխվել են 17,600 տրանսպորտային միջոցներով, իսկ 2023թ.` 29,900 տրանսպորտային միջոցներով: Կենտրոնի գործարկումը դրական ազդեցություն կունենա նաև մայրուղու երթևեկության վրա. Հարավային մաքսատուն-վարչության շրջակայքի տարածքի նեղ բնույթը պատճառ է հանդիսանում, որ բեռնատարները երբեմն ստիպված լինեն հերթ կանգնել հարակից մայրուղու վրա։ Ծրագրի իրականացմամբ ավելի լավ կկազմակերպվի երթևեկության հոսքը տվյալ տարածքում՝ լուծելով նշված խնդիրը:

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «RESILAND» Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ  նախագահի հրամանագրի նախագծին: 2021-2030 թթ. Ազգային մակարդակով սահմանված գործողությունների շրջանակներում Հայաստանը պարտավորվել է մինչ 2030 թ. 40 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները։ Ի հավելումն անտառվերականգնման աշխատանքներին՝ համաձայնագրով նախատեսվող ջրաճահճային տարածքների վերականգնումը կօգնի հասնել սահմանված առաջնահերթություններին՝ հաշվի առնելով նմանատիպ էկոհամակարգերում ածխածնի կլանման զգալի կարողությունները։ Համաձայնագրի շրջանակներում վերականգնման ենթակա անտառային և ջրաճահճային տարածքները՝ որպես արժեքավոր էկոհամակարգեր, ունեն առաջնային նշանակություն կենսաբազմազանության պահպանության և կլիմայի փոփոխության մեղմման տեսանկյունից։ Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում երկրի առաջնային խնդիրներից  է նաև լքված և տիրազուրկ հանքավայրերի տեղամասերի առկայությունը. այդ տեղամասերից աղտոտող նյութերն արտահոսում են՝ բացասաբար ազդելով մարդկանց առողջության և կենսաբազմազանության վրա:

Հավանության է արժանացել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» համաձայնությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրով Կողմերը պայմանավորվում են համագործակցություն իրականացնել` ուղղված զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելուն: Մասնավորապես, ԱՄՆ-ի կառավարությունը պարտավորվում է ՀՀ կառավարությանը, վերջինիս հայտերի հիման վրա, անհատույց տրամադրել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխարգելող սարքավորումներ, նյութեր, տեխնոլոգիաներ, իրականացնել անձնակազմի ուսուցում և այլն: Համաձայնագրով ՀՀ կառավարությունը նաև պարտավորվում է, մասնավորապես, առանց ԱՄՆ-ի կառավարության նախօրոք գրավոր համաձայնության չփոխանցել ԱՄՆ-ի կառավարության կողմից տրամադրված սարքավորումների, նյութերի, տեխնոլոգիաների, ուսուցման և ծառայությունների սեփականության կամ տիրապետման իրավունքը որևէ այլ անձի, թույլ չտալ դրանց օգտագործումն այլ նպատակներով, ապահովել դրանց անվտանգությունը, պաշտպանել դրանք յուրացումից կամ փոխակերպումից:

Նոր հնարավորություններ՝ դեղագործության ոլորտում. պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսավարողների միջազգային մրցունակությունը

Գործադիրը հաստատել է Դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական միության, ռազմավարական նշանակություն ունեցող դեղերի, միայն Հայաստանում կիրառման ենթակա դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի), արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցումների փորձաքննությունների ծախսերի 50 %-ի փոխհատուցման ծրագիրը: Որոշմամբ զարգացման նոր հնարավորություններ կստեղծվեն ոլորտի համար, պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսավարողների միջազգային մրցունակությունը: Ըստ հիմնավորման՝ ոլորտի զարգացման հնարավորությունների շարքում մեծապես կարևորվում են դեղերի արտադրության ընդլայնումը, ինչը հնարավորություն կտա իրականացնել ներմուծման որոշակի փոխարինում տեղական շուկայում, ՀՀ դեղագործական արտադրանքի գրանցումներն արտերկրում, ինչը  նոր հնարավորություններ կընձեռի ՀՀ դեղ արտադրողների արտահանման ծավալների ընդլայնման համար: Հայկական արտադրության դեղերի գրանցման ծախսերի 50/50 փոխհատուցումն արտահանման խթանման պետական աջակցության հիմնական գործիքն է՝ հաշվի առնելով նախկին փորձի արդյունքները և այդպիսով կանխատեսելով արտահանման աճման տեմպերի հետագա առաջխաղացումը։ 2013-2016 թթ. դեղագործական ընկերությունները՝ համաֆինանսավորման ծրագրերի շրջանակներում, Արդյունաբերության զարգացման հիմնադրամից ստացել են արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցման ծախսերի 50 %-ի համաֆինանսավորում, որի արդյունքում հայկական արտադրության դեղերը գրանցվել են՝ Վրաստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայում, Եմենում, Իրաքում, Վիետնամում, Քուվեյթում։ Հետևաբար, այս գործիքի կիրառությունը գործնականորեն արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը, ուստի կարևորվում է դրա հետագա իրագործումը։ Վերոնշյալ դրույթների իրականացումը ՀՀ-ում կարող է ունենալ լուրջ տնտեսական հաջողություններ, մասնավորապես՝ կմեծանան արտադրության ծավալները, կընդլայնվի արտադրվող ապրանքների արտադրատեսականին, կապահովվեն նոր աշխատատեղեր, մուտք կլինի նոր շուկաներ։ Նախատեսվում է հանրապետությունում նպաստել դեղագործական արդյունաբերության զարգացմանը՝ նոր շուկաներ գրավելուն, սեփական արտադրության ռազմավարական նշանակության դեղերով հայաստանյան դեղագործական ոլորտի պահանջարկն ապահովելուն, միայն Հայաստանում կիրառման ենթակա դեղերի արտադրությունն ընդլայնելուն։

Փոփոխություններ՝ Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրում

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի մեջ: Ըստ հիմնավորման՝ 2024 թ. պետբյուջեով ծրագրի իրականացման համար ֆինանսավորման չափը սահմանվել է 1,521,688 հազար դրամ, որը հավասարապես բաժանվել է ՀՀ կառավարության համաֆինանսավորում և արտաքին միջոցներ (KfW)-ի միջև` յուրաքանչյուրը՝ 760,844.1 հազար դրամ։ Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության ներկայացրած տվյալների՝ 2024 թ. գյուղատնտեսական տարվա համար համախառն ապահովագրավճարը կազմել է շուրջ 22 մլն դրամ: Ապահովագրավճարի սուբսիդավորման համար կպահանջվի շուրջ 11 մլն դրամ, որը պետք է վճարվի ՀՀ կառավարության և KfW-ի միջոցների հաշվին 50։50 (յուրաքանչյուրը՝ 5.5 մլն դրամ) համամասնությամբ՝ 2024 թ. երրորդ եռամսյակում։ Ապահովագրված ընդհանուր մակերեսը՝ 247 հա։ Առաջարկվում է KfW-ի դրամաշնորհային միջոցները նվազեցնել 625,3 մլն դրամի չափով։ ՀՀ կառավարության կողմից ապահովագրական ընկերություններին փոխհատուցման համար պահանջվող գումարի մասով ակնկալվում է, որ 2024 թ. ՀՀ կառավարության միջոցների հաշվին փոխհատուցման ենթակա գումարը կկազմի՝ շուրջ 200 մլն դրամ: Նշված գումարը կպահանջվի 2024 թ. 4-րդ եռամսյակում։ Որոշման ընդունումը կխթանի ծրագրի շրջանակում ապահովագրական ընկերությունների մասնակցությունը և կնպաստի 2024 թվականի ծրագրի անխափան իրականացմանը: 

Խրախուսվում  են հերթական ներդրումային ծրագրերը. Լճաշեն գյուղում կկառուցվի գերժամանակակից ջերմոցային համալիր

Գործադիրը բավարարել է «Սարանիստ» և «Գրին սոլուշնս» ընկերությունների ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

«Գրին սոլուշնս»-ը ներմուծվող ապրանքներով նախատեսում է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում կառուցել գերժամանակակից ջերմոցային համալիր՝ 54931 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որը համալրված է լինելու առաջատար տեխնոլոգիաներով և սարքավորումներով։ Նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2024թ.-ի մայիսից: Ընկերությունը հավակնում է զբաղեցնել առաջատար դիրք ռուսաստանյան և արաբական շուկաներում։ Ջերմոցում արտադրվելու է տարբեր, բարձր բերքատվություն ապահովող տեսակների գունավոր պղպեղներ և դրա հիմնական մասը՝ 95 տոկոսը, արտահանվելու է, իսկ մնացած 5 տոկոսը անմիջապես մատակարարվելու է ՀՀ խոշորագույն առևտրային մանրածախ ցանցերին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 3.9 մլրդ դրամի ներդրում, որից 3.7 մլրդ դրամը հիմնական միջոցների ձեռքբերման (ներառում է նաև ներմուծվող ջերմոցների արժեքը) և շինարարական աշխատանքների իրականացման, իսկ 224 մլն դրամը՝ շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում՝ մինչև 2027 թվականը, նախատեսվում է ստեղծել 76 նոր աշխատատեղ՝ 240 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.85 մլրդ  դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 93.6 մլն դրամ:

«Սարանիստ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ապակե տարաների արտադրության համար՝ իրականացնելով շուրջ 800 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման նպատակով։ Ընկերությունը գործունեություն է իրականացնում Կոտայքի մարզում։ Ներկայումս առկա է 590 աշխատատեղ 365 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2025 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 630-ի՝ 380 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 800 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 40 մլն դրամ:

Կապահովվի 5 ընտանիքի բնակարանային խնդրի լուծումը

Կառավարությունն ընդունել է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշում, որի արդյունքում կլուծվի ոչ միայն ՀՀ քաղաքացիների բնակապահովության խնդիրները և կբարելավվի բնակչության սոցիալական պայմանները, այլ նաև բնակիչների մոտ խթաններ կառաջացնի հանրակացարանային տարածքների պահպանության և ընթացիկ վերանորոգման հարցերը լուծելու գործում: Ըստ այդմ՝ առաջարկվում է նվիրատվության ներկայացնել 5 բնակելի տարածքներ, 5 ընտանիքներ: Ցանկում ընդգրկվել են՝ Երևան քաղաք, Նոր Նորք, Մոլդովական փողոց 29/1 շենք,  Շիրակի փողոց, 2ա շենք (Շիրակի փողոց թիվ 2/32 շենք), Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ուսանողական թաղամաս 4-րդ շենք (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան), Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք, գյուղ Քարագլուխ, 6-րդ փողոց, շենք 4 և Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, քաղ. Էջմիածին, Մ. Խորենացի 101/1 շենք հասցեների բնակելի տարածքները:

Կապահովվի անհայտ կորածների, գերեվարվածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու  նպատակով: Ըստ այդմ՝ 6.6 մլն դրամ կհատկացվի մայիս և հունիս ամիսներին 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար։

Մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար: Հիմնավորման համաձայն՝ ամենամսյա դրամական վճարը՝ 300.000 դրամ,  վճարվել է մինչև հունիս ամիսը ներառյալ: Ըստ այդմ՝ շահառու հանդիսացող թվով 23 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը հուլիս-օգոստոս ամիսների համար կազմում է 13.800.000 դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել պետբյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին:

Սահմանվել են էկոպարեկային ծառայողի հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը

Գործադիրը սահմանել էկոպարեկային ծառայողի հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը: Ըստ այդմ՝ հատուկ ուսուցումը ներառում է տեսական և գործնական մաս, որի ժամկետը 5 աշխատանքային օր է։ Հատուկ ուսուցումն իրականացվում է ուսումնական հաստատությունում՝ ծառայողի՝ իր վերջին անցած հատուկ ուսուցումից հետո յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ՝ կրակային, ֆիզիկական և տեխնիկական պատրաստականությանը վերաբերող հմտությունների շարունակական զարգացման և կատարելագործման նպատակով: Ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող ծառայողները հատուկ ուսուցումն անցնում են պաշտոնի նշանակվելուց անմիջապես հետո։ Հատուկ ուսուցման ստուգարքի գնահատականը ձևավորվում է թեստավորման, ֆիզիկական և կրակային պատրաստվածության առաջադրանքների արդյունքներով: Գնահատականը համարվում է դրական, եթե ծառայողը թեստային առաջադրանքների 15 հնարավորից 10 և ավելի միավոր է հավաքել, ինչպես նաև հանձնել է Շրջակա միջավայրի նախարարի կողմից հաստատած նորմատիվներին համապատասխան ֆիզիկական վարժությունները և կրակային վարժաձևերը:

Այլ որոշումներ. Ջիլ գյուղում մոդուլային  դպրոց կկառուցվի

Կառավարությունն ընդունել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղ Ջիլ գյուղի 1-ին փողոց 73 հասցեում գտնվող գույքի նվիրաբերությունը և այն  ամրացրել Պետգույքի կառավարման կոմիտեին՝ մոդուլային դպրոց կառուցելու նպատակով։

Գործադիրը հաստատել է  Հայաստանի Հանրապետության 2025-2027 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

Կառավարության որոշմամբ Ազգային ժողովին առաջարկվում է հուլիսի 11-ին գումարել արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Գործադիրը հավանություն է տվել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել օրենքով նախատեսված ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար վճարը, քանի որ մաքսային մարմինների կողմից սահմանին իրականացվող հսկողության գործառույթի շրջանակներում «Պետական տուրքի մասին» օրենքով արդեն իսկ նախատեսված է պետական տուրքի գանձում՝ մաքսային գործառնությունների իրականացման համար։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է սահմանել պարտավորությունից ավելի վճարված կամ ավելի գանձված վճարի գումարների վերադարձման հնարավորություն։ Նախագծի ընդունման արդյունքում՝ գործարար միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն՝ հաշվի առնելով, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն նաև իրականացվող գործընթացի պարզեցմանը։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031