Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի կորուստը պետք է միավորի բոլորիս, դարձնի միասնական, որ կարողանանք հաղթահարել դժվարությունները, մտածել ապագայի մասին». Սարգիս Խալափյան

Հուլիս 04,2024 15:46

«Ապառաժ». Սարգիս Խալափյանը 12 տարեկան էր, երբ առաջին անգամ տեղահանվեց հայրենի գյուղից։ 1992-ին էր․ թշնամին զավթել էր Թալիշը։

Թալիշն ազատագրվելուց հետո Խալափյանները Հայաստանից վերադարձան, սակայն բնակություն հաստատեցին Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղում, իսկ 2003-ին տեղափոխվեցին Քարվաճառ՝ բոլոր այդ տարիների ընթացքում պահպանելով կապը հարազատ գյուղի ու բարեկամների հետ։

2016-ին Խալափյանների գերդաստանը կորուստներ ունեցավ․ թշնամին մտել էր Թալիշ ու գնդակահարել նրանց մոտ ազգականներին։ Հուղարկավորությունից հետո Սարգիսը մարտական դիրքերում էր։

2020-ի սեպտեմբերը նորից անտուն և անօթևան թողեց Խալափյաններին։ 44-օրյա պատերազմի հետևանքով նրանք կրկին տեղահանվեցին ու բնակություն հաստատեցին Ստեփանակերտում։ Կորցրին և՛ Թալիշը, և՛ Քարվաճառը։ Իսկ 2023-ի սեպտեմբերին դարձան եռակի տեղահանված։ Սեպտեմբերի 27-ին Արցախից տեղահանվելուց հետո Սարգիս Խալափյանի ընտանիքը բնակություն է հաստատել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, ծնողներն ու եղբայրները՝ Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Ցիրուցան է եղել Խալափյանների շեն գերդաստանը։

Երեք անգամ տունուտեղ կորցրած մարդը պատրաստվում է չորրորդ անգամ տուն ստեղծել։ Հայաստանից բացի ուրիշ ոչ մի տեղ նա չի պատկերացնում իրեն։ Երկու դուստրերը, որ դպրոցահասակ են, միայն այստեղ կարող են պատշաճ ուսում ու հայեցի դաստիարակություն ստանալ։ Մտածում է տուն ձեռք բերել ու մշտական բնակություն հաստատել Աբովյան քաղաքում։

-Արցախյան պատերազմների ընթացքում հազարավոր տղաներ զոհվեցին։ Մենք մեր կյանքով նրանց ենք պարտական, ցավ ենք ապրում, որ նրանց շիրիմները մնացին գերության մեջ։ Կորստի վերքերը երբեք չեն սպիանում, պարզապես սովորում ենք վերքերով ապրել։ Մենք՝ արցախցիներս, որտեղ էլ լինենք, պարտավոր ենք արժանապատիվ ապրել, ամենուր պահել արցախյան կոլորիտը, բոլոր արժեքներն ու ավանդույթները։ Արցախի կորուստը պետք է միավորի բոլորիս, դարձնի միասնական, որ կարողանանք հաղթահարել դժվարությունները, մտածել ապագայի մասին։ Երբեք չպետք է մոռանանք մեր անցյալը ու մեր սերունդների մեջ սերմանենք արցախցու անկոտրուն ոգին և արցախցի լինելու հպարտ զգացողությունը,-ավելացնում է Սարգիսը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031