«Ջրի, հոսանքի եւ գազի առանց զգուշացման անջատում պետք է լինի միայն այն դեպքում, եթե վթարային խնդիր է։ Այսինքն, ի սկզբանե հնարավոր չէր զգուշացնել, ինչպես պլանային անջատումների ժամանակ են զգուշացնում»,-կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով վերջին շրջանում, հատկապես մայրաքաղաքի տարբեր համայնքներում ջրի, հոսանքի եւ գազի պարբերաբար անջատումներին։
Նա հավաստիացրեց, որ բոլոր բողոքներն իրենց մոտ ստուգվում են եւ համապատասխան ընթացակարգերով կշարժվեն։ Վթարային անջատումների՝ համապատասխան տեւողությունները գերազանցելու դեպքում, տվյալ ընկերությունը պետք է տույժ վճարի։
Գարեգին Բաղրամյանը նաեւ հավելեց, որ ամենախոշոր ջրանջատումը եղել է «Արզնի» ջրամբարի վթարի հետ կապված, բայց այդտեղ լուրջ խնդիր կա՝ ջրատարի ամբողջական փոփոխության։
Հարցին՝ վերջին անգամ ե՞րբ են այդ ընկերությունները տուգանվել՝ Գարեգին Բաղրամյանը պատասխանեց, որ տուգանքները վճարում են սպառողներին եւ դա լինում է պարբերաբար. «Մեր վարույթների արդյունքում տուգանվում են միայն այն դեպքում, երբ մեր մոնիթորինգի արդյունքում տեսնում ենք, որ որևէ ընկերություն խախտել է ժամանակացույցը։ Օրինակ՝ քաղաքային պայմաններում էլեկտրաէներգիայի անջատումը պետք է 4 ժամից ավելի չլինի, իսկ եթե լինում է, ապա տուգանվում է եւ տուգանքը ստանում է սպառողը»։
Կարդացեք նաև
Բանախոսի դիտարկմամբ՝ ընդհանուր ջրաղբյուրների ջրաքանակի նվազում կա։
Լրագրողի դիտարկմանը՝ ահազանգեր կան, որ մարդիկ երեք օր ջուր չունեն, Գարեգին Բաղրամյանը հակադարձեց՝ երեք օր ջուր չունենալը կանոնների խախտում է, համապատասխան ընկերությունը կանոններ է խախտել, հանձնաժողովը կարող է ստուգել եւ հասկանալ։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ