Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Ինչի՞ չեք բացահայտում, թե ինչ բարքեր են բանակում, որ միայն վերջին երեք շաբաթում 16 զոհ ենք ունեցել».

Հուլիս 04,2024 15:18

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում խոսելով հայկական բանակում արձանագրված զոհերի վիճակագրության մասին՝ ասաց. «Տարին ընդամենը կիսվել է, սակայն տարվա սկզբից մինչ այս պահը բանակում մենք ունեցել ենք արդեն 20 զոհ: Եվ ամենազարհուրելին այն է, որ 20 երիտասարդի, զինվորի, պայմանագրային զինծառայողի զոհերից ընդամենը 4-ն է, որ տեղի է ունեցել թշնամու կրակոցից: Մնացած 16-ը եղել են ոչ մարտական պայմաններում: Եղել է ինքնասպանություն, ինքնասպանության դրդում, դժբախտ պատահարներ, ներքին ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունք:

Հիշեցնեմ, 2013-ին թե 2014 թվականին էր, որ ամբողջ տարվա կտրվածքով մենք հայկական բանակում ունեցանք ընդամենը 4 զոհ եւ ԱԺ պատգամավոր, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մի ստատուս գրեց. «Այս ամենի հետեւում անուն-ազգանուններ են»; Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ զարհուրելի թիվ է: Այսօր տարին չավարտված, մենք ունենք արդեն 20 զոհ, որից ընդամենը 4-ն է ադրբեջանցու կրակոցից: Մնացածը, ինչպես նաեւ երեկվա դեպքը՝ դիրքերում ինքնասպանություն: Հարց է առաջանում. բա ասում էիք. սարքել եք «կլուբնիկի» բանակ, այլեւս սարքել եք այնպիսի բանակ, որտեղ «դեդավշչինա» չկա, որտեղ սպայի եւ զինվորի միջեւ ոչ կանոնադրային հարաբերություններ չկան: Բա այդ ինքնասպանությունները ո՞նց են լինում, բա ինչի՞ այդպես էլ չեն պարզվում, թե ովքեր են զինվորներին կամ պայմանագրային ծառայողներին դրդում ինքնասպանության:

Հատ-հատ ուսումնասիրել եմ ինքնասպանության բոլոր դեպքերը: Բոլոր դեպքերում թե հարազատները, թե ծանոթները, թե համագյուղացիները պնդում են, որ իրենց որդին, իրենց հարազատը, իրենց համագյուղացին չէր կարող դիմել ինքնասպանության: Կամ դա ինքնասպանություն չի, սպանություն է, կամ զինվորին պայմանագրային զինծառայողին այդքան նվաստացրել են: Շատ դեպքերում ասում են ղումարը՝ փողով թղթախաղ խաղալը, մեծապես ներմուծվել է նիկոլական ռեժիմի բանակ: Եվ այս դեպքերից հետո Սուրեն Պապիկյանը, որ հերոսական գնում, ինչ-որ հարսանիքների քավոր է դառնում եւ նկարները տարածում անգամ այն օրերին, երբ զինվոր է սպանվել, ինքնասպանվել կամ դժբախտ պատահարից մահացել, պիտի հրաժարական տար:

Ժողովուրդ, կարծեմ, մի քանի տարի առաջ էր Ավստրալիայում, երբ 12 տարեկան մի աղջիկ կորավ, Ավստրալիայի վարչապետը հայտարարեց, որ եթե աղջիկը չգտնվի, կամ գտնվի մահացած, ինքը հրաժարական կտա: Այս մարդիկ հրաժարական չտվեցին Արցախյան պատերազմից հետո, Արցախը հանձնելուց հետո, Շուշին հանձնելուց հետո, Հադրութը, Քարվաճառը առանց մի կրակոցի հանձնելուց հետո: Հրաժարական չտվեցին հինգ հազար եւ ավելի զոհերից հետո: Հրաժարական չտվեցին Տավուշի բնակավայրերը հանձնելուց հետո: Եվ հիմա էլ հայտարարում են, որ հանրաքվեով հանձնելու են Հայաստանի մյուս բնակավայրերը:

Լավ, ի՜նչ պիտի լինի, սիրելի ժողովուրդ, որ դու վերջապես զարթնես: Եվ ոչ թե 50-80 հազարով փողոց դուրս գաս, այլ 100 հազարներով: Հիմա հարցնում եմ. Սուրեն Պապիկյան, քանի՜ զինվոր ու պայմանագրային զինծառայող պիտի ինքնասպան լինի, այդ անբարո բարքերը՝ ղումարը, կրիմինալը, որ ներծծվել է բանակ, այն բանակ, որը դուք ասում եք՝ վեց տարի այլեւս կրիմինալ չկա, բա ինչի՞ են ինքնասպան լինում: Ինչի՞ չեք բացահայտում, թե ինչ բարքեր են բանակում, որ միայն վերջին երեք շաբաթում 16 զոհ ենք ունեցել: Սա խայտառակ, զարհուրելի, սահմռկեցուցիչ վիճակագրություն է, որին, ինչպես տեսնում ենք, չեն հետեւում հրաժարականներ: Այս վիճակագրությունից հետո ոչ թե Սուրեն Պապիկյանը կամ գենշտաբի այն երեւույթը, որը ժամանակին պահանջում էր Նիկոլի հրաժարականը, բայց հետո Նիկոլին «չեստ» էր տալիս, պետք է հրաժարական տային, այլ նաեւ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տար »,-ասաց տիկին Զոհրաբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031