Լրահոս
Օրվա լրահոսը

Նախիջևանում փառատոնի շրջանակներում ներկայացվել է ՀՀ քարտեզը՝ քաղաքների ու գյուղերի հնարած անուններով

Հուլիս 04,2024 14:51

Վերջին շրջանում Ադրբեջանը նպատակային արշավ է սկսել ՀՀ սուվերեն տարածքի դեմ և զանազան մշակութային միջոցառումներով փորձում է «լեգիտիմացնել» տարածքային նկրտումներն ու հայկական մշակութային ժառանգության յուրացման գործընթացին նոր ուղղություններ տալ՝ թիրախավորելով ոչ նյութական ժառանգությունը։ Այդպիսի միջոցառումներից մեկը 2024 թվականի հունիսի 21-ից 22-ը Նախիջևանում անցկացված ազգագրական փառատոն-համագումարն էր, որը կրում էր  «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագիրը։ Փառատոնը կազմակերպվել էր Ադրբեջանի և Նախիջևանի նախագահների, Ադրբեջանի գիտության և կրթության նախարարության, Նախիջևանի ինքնավար Հանրապետության պետական ​​համալսարանի և «Արևմտյան Ադրբեջան» կոչվող համայնքի կողմից։ Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման հիմնական նպատակն է աջակցել երկրի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականությանը՝ վերականգնելու իրենց հայրենիքից հեռացած ադրբեջանցիների «պատմական իրավունքները»։ Փառատոնի շրջանակներում ներկայացված տարբեր լուսանկարներով ու դեկորատիվ արվեստի առարկաներով ներկայացվել է ՀՀ քարտեզը՝ քաղաքների ու գյուղերի հնարած անուններով։ Փառատոնի շրջանակներում հայկական ու տարածաշրջանային մշակութային շատ դրսևորումներ ներկայացվել են որպես զուտ ադրբեջանական, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջան»-ին նվիրված բանահյուսության օրինակներ, համերգային ծրագիր, ֆիլմեր, գրականության նմուշներ և այլն։ Փառատոնի շրջանակներում ներկայացվել են նաև հայկական խոհանոցային ամենատարբեր ուտեստներ՝ «իրևանյան խոհանոց» անվան տակ՝ նկատի ունենալով ոչ թե Հայաստանը, այլ, բնականաբար, Ադրբեջանը (նկ․ 1, 2, 3, 4 ):

Նախիջևանում «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոն-համագումար, հունիսի 21-22

Փառատոն-համագումարի առաջին օրն անցկացվել է Բաթաբաթ սարահարթում։ Այստեղ տեղադրվել են վրաններ, որոնք ներկայացրել են Հայաստանի Հանրապետության 11 մարզերը՝ (ադրբեջանցիների կայքերում ՀՀ մարզերը ներկայացվում են որպես «Արեւմտյան Ադրբեջանի»-ի նահանգներ)։ Յուրաքանչյուր տաղավար ներկայացնում է հայկական մշակույթի բռնայուրացման իր տարբերակը՝ ներառյալ բանահյուսությունն ու ազգագրական մշակույթը, ազգային խոհանոցն ու արհեստները։ Երկօրյա միջոցառումը դարձել է նաև Հայաստան (իրենց խոսքով «Արևմտյան Ադրբեջան») վերադառնալու թեմայով սոցիալ-մշակութային քննարկումների հարթակ։ Փառատոնի «գիտական» քննարկումներում ներգրավված են եղել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան, Բաքվի պետական ​​համալսարանը, Ադրբեջանի ազգային կոնսերվատորիան, Բաքվի ճարտարագիտական ​​համալսարանը: Նպատակը՝ ապահովել գիտակրթական հանրույթի աջակցությունը «հինավուրց հայրենիք»՝ Արևմտյան Ադրբեջան վերադառնալու գործընթացին։ Հիշեցնենք, որ նման մեկ այլ փառատոն էլ անցկացվել է 2023 թվականի նոյեմբերին՝ կրելով նույն խորագիրն ու հայկական ժառանգությունը յուրացնելու նույն նպատակը։

Մեր արձագանքը

Հայաթափման, հայերին իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ Ադրբեջանը շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների քաղաքականությունը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամբ։

«Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթի շահարկումների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ մեր կայքի մյուս հոդվածներում՝ Հայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» պետական հեռուստատեսությունը,

«Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության ոչնչացման կանխման առաջարկով,

«Երևանը, Սևանն ու Սյունիքը Ադրբեջանը հռչակում է որպես «ադրբեջանական ժառանգություն»։

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument watch) ակադեմիական հարթակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031