Այսօր Հակակոռուպցիոն դատարանում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատական նիստն էր:
Դատախազությունը ուզում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Սյունիքի մարզի Գորիս համայնքում գտնվող Առուշանյանի մի շարք գույքեր ու օրինական եկամտով չհիմնավորվող մոտ 380 մլն դրամ գումար:
Կարդացեք նաև
Բռնագանձման ենթակա գույքերն են Գորիս համայնքի Զ. Անդրանիկ փողոցում գտնվող նրա բնակելի տունը, Վերիշեն 1-ին փողոցի թիվ 2 արտադրամասը, նույն փողոցի թիվ 2/1 հողամասն ամբողջությամբ, Գորիսի Զ. Անդրանիկ փողոցում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքի 33.27 տոկոսը, ինչպես նաև «Գոր Մետալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում Առուշ Առուշանյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասը:
Այսօրվա դատական նիստում դատախազության ներկայացուցիչ Աննա Հարությունյանն ասաց, որ Առուշանյանի ներկայացմամբ Առուշանյանի հայրիկը փոխառությամբ նրան է տվել գումար, բայց փաստաթղթի պատճենն են ներկայացրեց, բնօինակը չկա:
Առուշանյանի ներկայացուցիչ Հաբեթ Մարտիրոսյանն ասաց, որ այդ փաստաթղթի ծագումը եւ ստեղծման նպատակը մանրամասն բացատրել են դատարանում. «Կոնկրետ այդ բնօրինակ փաստաթուղթը ներկայումս չեն գտել, բայց ամեն դեպքում վստահ ենք, որ գտնելու ենք, որովհետեւ չի կարող դա կորի: Բայց ուզում եմ նշել՝ Առուշ Առուշանյանը այդ փոխառությունը ստացել է իր հայրիկից, ոչ բարեկամից, ոչ ծանոթից, ոչ ընկերոջից: Առուշանյանի հայրիկը՝ Գագիկ Առուշանյանը, այդ գումարները ամբողջ ծավալով ցույց է տվել, շահութաբաժնի բաշխումները մանրամասն ներկայացվել է դատախազությանը ու հիմա մենակ պայմանավորել այդ բնօրինակ փաստաթղթով, բնօրինակի հայտնաբերմամբ, իմ կարծիքով, ողջամիտ եւ հիմնավոր չէ: Մենք բոլոր փաստաթղթերը թե՛ Առուշ Առուշանյանի, թե՛ Գագիկ Առուշանյանի, հիմնավոր ներկայացրել ենք, ներկայացրել ենք նաեւ նրանց եկամուտները եւ դիրքորոշումը պետք չէ միայն պայմանավորել այդ բնօրինակ փաստաթղթով: Դա էլ վերջիվերջո կգտնենք ու կներկայացնենք, բայց մենք ունենք գումարներ, որոնք օրինական ճանապարհով Գագիկ Առուշանյանը եւ Առուշ Առուշանյանը վաստակել են եւ բոլոր փաստաթղթերը համապատասխան կարգով ներկայացրել ենք: Տեսեք, դատախազությունը չի վիճարկում ու չի ասում, որ Գագիկ Առուշանյանը կամ Առուշ Առուշանյանը այդ գումարները չեն ունեցել, իրենք ասում են՝ մեզ բնօրինակ փաստաթուղթը տվեք, որ տեսնենք՝ այդ փոխառությունը ա՞յդ ժամանակ է կնքվել, թե՞ չէ»:
Դատախազության ներկայացուցիչն ասաց, որ բնօրինակ փաստաթուղթը պետք է, որ նախեւառաջ հավաստիանան՝ այդ փաստաթուղթը իրականում գոյություն ունի՞: Նա հավելեց, որ ներկայումս փաստաթղթի հետ կապված փորձագետների հետազոտության միջնորդություն չունի:
Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց այսօրվա դատական նիստը հետաձգելու, հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 21-ին:
Նիստից հետո Aravot.am-ի հետ զրույցում Առուշանյանի փաստաբան Հաբեթ Մարտիրոսյանը խուսափեց գնահատական տալ՝ սա քաղաքական հետապնդո՞ւմ է ու կապվա՞ծ է Առուշանյանի ընդդիմադիր գործունեության հետ՝ հորդորելով հետեւել դռնբաց նիստերի ընթացքին. «Թե՛ Առուշ Առուշանյանի, թե՛ Գագիկ Առուշանյանի ամբողջ գույքը օրինական ճանապարհով են ձեռք բերվել: Ընկերությունը ինչ հիմնադրվել է 1994 թվականից, բոլոր փաստաթղթերը ներկայացվել են, հարկային ստուգումները բոլոր ներկայացվել են: 2008-ից մինչեւ 2020 քանի թվականը ամեն տարի հարկային ստուգում է իրականացվել եւ ամեն տարի զրո տուգանք է եղել, այսինքն, հարկերից խուսափելու որեւէ հանգամանք չի եղել: Մնացածը դատական նիստերի ընթացքում կտեսնեք, որ Առուշանյանները որեւէ ապօրինի գույք չեն ունեցել: Առուշ Առուշանյանի նկատմամբ ներկայացվել է 380 մլն դրամի հայց, որ այդքան չհիմնավորվող եկամուտ ունի, այդ գումարը փաստացի փոխառությամբ տրամադրել է Գագիկ Առուշանյանը՝ իր հայրը, որ ինչ-որ ՍՊԸ-ի հետ կապված գործունեություն իրականացնի, ինչը Առուշանյանը իր հայտարարագրում դեռեւս 2017-ին ներկայացրել է: Դրանից հետո համապատասխան կարգով մարվել է»,- ասաց փաստաբանը:
Մանրամասները՝ տեսանյութերում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ