Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ինչի համար կարելի է տուգանվել Սեւանում. ջրային պարեկները 24-ժամյա հերթապահություն են իրականացնում

Հուլիս 04,2024 14:05

«Ներքին գործերի նախարարությունը 2023թ նոյեմբերին ներդրել է ջրային պարեկային ծառայությունը, որի գործառույթների մեջ են մտնում հանրային լողափերում եւ լողափային հատվածներում հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունն ապահովելը, հսկողություն իրականացնելը լողամիջոցների եւ կանոնների պահպանության համար, ինչպես նաեւ համագործակցելը ՆԳՆ փրկարար ծառայության հետ՝ կապված լողամիջոցներ վարող անձանց անօգնական վիճակում գտնվելու, խեղդվելու եւ առաջին օգնություն ցույց տալու դեպքերի հետ»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության վարչական գործերի և դատական պաշտպանության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Վարդանյանը՝ անդրադառնալով Սևանում լողափնյա սեզոնի բացմանը:

Նա անդրադարձավ 8 խմբի տարբեր իրավախախտումների, որոնցից յուրաքանչյուրի համար տարբեր պատժամիջոցներ են նախատեսված: Օրինակ, լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելու կամ զննություն անցնելուց խուսափելու համար նախատեսվում է պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով: Այլ խախտումների թվում են՝ տեխնիկական անսարքություն ունեցող, չհաշվառված լողամիջոց վարելը, այն առանց կողային համարանիշի վարելը, լողամիջոցը վարելու իրավունք չունեցող անձին հանձնելը եւ այլն:

Հայկ Վարդանյանի խոսքով, երբ լողամիջոցը մոտեցվում է լողափնյա այն հատվածներին, որոնք կահավորված չեն լողամիջոցների մոտենալու կամ հեռանալու համար օրենսդրությամբ նախատեսված կահավորանքով, այս դեպքում պատասխանատվություն է նախատեսվում աշխատավարձի 20-ապատիկի չափով:

ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը նշեց, որ հուլիսի 1-ից անցել են ուժեղացված ծառայության, 24-ժամյա հերթապահություն է իրականցվում Սեւան քաղաքի մոտ եւ թերակղզու հատվածում գտնվող հանրային լողափերում: Նա հավելեց, որ հանրային լողափերում ծավալվել են ջրափրկարարական հենակետեր՝ հերթապահություն իրականացնելու համար, այդտեղ են տեղափոխվել մոտորանավակներ, փրկարարական գույք:

Արմեն Ճզմաչյանն ասաց, որ լողամիջոցներով պարբերաբար իրականացնում են շրջայցեր, զբոսաշրջիկներին, քաղաքացիներին բարձրախոսներով իրազեկում են անվտանգության կանոնների պահպանության մասին, հետեւում են, որ չխախտեն իրենց կողմից համապատասխան խորությունների վրա տեղադրված լողանշանները:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031