Երեւանի քաղաքապետարանը Պոլիտեխնիկի հետ համագործակցությամբ պատրաստվում է ռոբոտաշինության ծրագիր ներդնել Երեւանի համայնքային մանկապարտեզներում:
Լուրը տարաբնույթ, այդ թվում հեգնական քննարկումների տեղիք է տվել սոցցանցերում: Օրինակ, տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կարդում եմ. Երևանի քաղաքապետարանը համալսարանի հետ համագործակցությամբ առաջիկայում նախատեսում է ռոբոտաշինության ծրագիր ներդնել նաև Երևանի համայնքային մանկապարտեզներում։
Շատ ճիշտ է, էրեխեքը հանկարծ պարապ պետք է չմնան։ Նաեւ պետք է պարտադիր բարձրագույն մաթեմատիկա, թայլանդական մերսում, քվանտային ձյուդո եւ ֆլամինգոների վեգանային քոուչինք-կերակրում։ Որ հանկարծ հետամնաց չմեծանան էրեխեքը։ Ու հեռը տնից, տեղից, ինֆանտիլ մանկական խաղեր չխաղան»։
Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են պատրաստվում այդ ծրագիրն իրականացնել փոքրիկ երեխաների հետ:
Կարդացեք նաև
«Գուցե համալսարանի հետ համագործակցությունն է ինչ-ինչ մեկնաբանությունների տեղիք տվել, հարցն այն է, որ Պոլիտեխնիկական ազգային համալսարանն ունի մանկապարտեզ: Այն կրթական հաստատություն է, որտեղ այս պրակտիկան արդեն իրականացվում է: Ռոբոտաշինության տարրական մոդելի մասին է խոսքը, որն իրականացվում է երեխաներին սովոր խաղային գործունեության միջոցով: Խաղային մեխանիզմի հետ կա կոնկրետ ժամային գրաֆիկ, խմբերի քանակն է ֆիքսում, թե քանի հոգով են եւ ամեն ինչ արվում է դաստիարակի ուղղորդմամբ»,-ասաց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետը:
Հետաքրքրությանը՝ մտավախություն չկա՞, որ փոքրիկները կարող են կուլ տալ լեգոյի մանր դետալները, Մարգարիտ Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Բնականաբար, ամեն ինչ արվում է՝ մանրամասն ուսումնասիրելով, բոլոր հնարավոր ռիսկերը հաշվի են առնված, այնքան մանր չեն այդ դետալները, որ երեխաները կարողանան կուլ տան: Խմբակը գործելու է միայն ավագ տարիքային խմբերում, որտեղ երեխաները 5-6 տարեկան են: Ծրագիրը երեխաների մտածողության վրա անվիճելիորեն դրական ազդեցություն է ունենալու, որը գուցե չափելի չլինի, քանի դեռ նրանք մանկապարտեզի սան են: Այն բնականաբար զարգացնելու է երեխայի կոնստրուկտիվ, ալգորիթմական մտածողությունը՝ տարիքին համապատասխան չափով»:
Մարգարիտ Խաչատրյանը նաեւ հավելեց. «Մենք էլ պիտի փորձարկենք այս ամենը, որը շատ արդյունավետ կերպով աշխատում է Պոլիտեխնիկի մանկապարտեզում: Այս տարի նախատեսում ենք ծրագիրը ներդնել 10 մանկապարտեզներում, որտեղ ավագ տարիքային խմբերը շատ են: Դրանից հետո կչափենք ազդեցությունը, հետաքրքրությունը երեխաների կողմից, հետո արդեն կմտածենք ընդլայնվելու մասին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ