Լրահոս
Օրվա լրահոսը

«Այգեզարդի բնակչության բացարձակ մեծամասնությունը դեմ է հանքարդյունաբերության գործընթացին»․ Արփինե Խաչատրյան

Հուլիս 04,2024 12:39

«Կարմիր սարը վարչական առումով մի մասը գտնվում է Գինեվետ բնակավայրում, մյուսը՝ Այգեզարդ բնակավայրում։ Անկախ հանքը Գինեվետ բնակավայրում է, թե մեր, վնասները նույնչափ ազդելու են մեզ վրա»,- «Մեդիա կենտրոնում» «Արարատյան դաշտավայրի բնակիչներն ընդդեմ վնասակար հանքարդյունաբերության» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց Այգեզարդ գյուղի նախաձեռնող խմբի համակարգող Արփինե Խաչատրյանը (լուսանկարում)։

Կարմիր սարը, ունենալով կրաքարի պաշարներ, որն օգտագործվում է ցեմենտի արտադրության մեջ, այսօր հայտնվել է միաժամանակ մի քանի հանքարդյունահանողների ուշադրության թիրախում՝ «ՄԼ մայնինգ» ՍՊԸ, «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ, «ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ, «ՕՐԴ» ՍՊԸ, «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ։ Վերջինս նախատեսում է Վեդիի վարչական տարածքում ցեմենտի գործարանի կառուցում։

Կարմիր սարում կան Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ, որոնց առկայության դեպքում արգելվում է հանքարդյունաբերության իրականացումը։

Արարատի մարզի Կարմիր սարին հարող և իրենց բարձրարժեք գյուղատնտեսությամբ հատնի մի քանի գյուղերին՝ Այգեզարդ, Քաղցրաշեն, Գինեվետ, Նոր ուղի, սպառնում է տնտեսական ուղղվածության փոփոխություն, ինչպես նաև էկոլոգիական և սոցիալական խորը ճգնաժամ։

Արփինե Խաչատրյանը նշեց, որ բնակավայրի բնակչությունը տեղյակ չի եղել հանրային լսումների մասին, հանրային լսումերին պատշաճ կերպով չեն մասնակցել․ «Այգեզարդի վարչական տարածքում հանքաարդյունաբերության հայտ էր ներկայացրել «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ-ն, որի դեպքում ևս իրազեկումը ոչ պատշաճ կերպով է տեղի ունեցել։ Երրորդ լսման օրը երկու ժամ առաջ ենք իմացել հանրային լսման մասին, և հապճեպ եմ մասնակցել։ Դրանից հետո սկսել ենք մեր պայքարի գործողությունները։ Համայնքում փաստացի բնակվող բնակիչների 98 տոկոսից ավելին դեմ է․ 2300 ստորագրություն ենք հավաքել։ Բացարձակ մեծամասնությունը դեմ է հանքարդյունաբերության գործընթացին։ Նյութերն ուսումնասիրելիս պատահաբար Շրջակա միջավայրի նախարարության կայքում բացահայտել եմ, որ այդ սարում ևս մի քանի կազմակերպության՝ այդ թվում «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի՝ այդտեղ լինելու հանգամանքը։ Մեր համայնքի բնակիչները տեղեկացված չեն եղել «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի հանրային լսումների մասին, մենք չենք մասնակցել»։

Նշենք, որ Այգեզարդ գյուղի բնակիչները հանրագիր են ներկայացրել 2300 ստորագրությամբ՝ Կարմիր սարում հանքարդյունահանման դեմ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031