Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզի նախկին դատախազը հաղթել է գլխավոր դատախազին

Հուլիս 04,2024 14:00

Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ «Առկա է հայցվոր դատախազին զգալի վնաս պատճառելու հիմնավոր կասկած»

Մեկ տարի առաջ այս օրերին լրատվամիջոցներում շրջանառվեց Կոտայքի մարզի դատախազներից մեկի՝ Գրիգորյանի ազատման պատճառը ԱԱԾ գաղտնալսումն էր, խուզարկությունը, ձերբակալելն ու բաց թողնելը: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հայտնվեց ԱԱԾ-ում դատախազներին խոշտանգելու մասին, իսկ նա խոշտանգման մասին դատախազին ուղղված հաղորդումն ուղարկեց ԱԱԾ… Գաղտնալսված ու խոշտանգված դատախազներ ազատվեցին համակարգից, որոնցից մեկը Ապրես Գրիգորյանն էր: Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազի 2023 թվականի մարտի 31-ի հրամանով էր Արմավիրի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանը փոխադրվել Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

Կոտայքի մարզի նախկին դատախազ Ապրես Գրիգորյանի հայցն ընդունվեց վարչական դատարանի դատավոր Լուսինե Բոյաջյանի վարույթ 2023 թվականի օգոստոսի 17-ին: Դիմելով դատարան` Ա. Գրիգորյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի 2023 թվականի հուլիսի 13-ի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշումը եւ 2023 թվականի հուլիսի 14-ի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 313-Ա հրամանը։

Հայցադիմումին կից ներկայացվել էին վիճարկվող որոշումների կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություններ: ՀՀ գլխավոր դատախազը, հաշվի առնելով այն, որ 2023 թվականի հունիսի 7-ին Ապրես Գրիգորյանի լիազորությունները կասեցված լինելու պայմաններում վերջինիս հսկողության ներքո գտնվող քրեական վարույթները եւ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը բաշխվել են Կոտայքի մարզի դատախազության դատախազների միջեւ, ինչը հանգեցրել է Կոտայքի մարզի դատախազության դատախազների աշխատանքների ծանրաբեռնվածության աճին, ինչով պայմանավորված՝ ՀՀ դատախազության տվյալ ստորաբաժանման աշխատանքների կազմակերպումը պահանջում է համարժեք լուծումներ, գտել է, որ «որոշումը ենթակա է անհապաղ կատարման»: Նույն հիմնավորմամբ ՀՀ գլխավոր դատախազը գտել է, որ «հրամանը եւս ենթակա է անհապաղ կատարման»:

Հայցվորը հայտնել է, որ համատեղ բնակվում է իր ծնողների հետ, հանդիսանում է ընտանիքի միակ աշխատողը, կինը գտնվում է հղիության 14 շաբաթական փուլում, մայրն ունի առողջական խնդիրներ, որոնք պահանջում են դեղորայքային բուժում եւ բժշկական հսկողություն, հետեւաբար նաեւ՝ համապատասխան ֆինանսական ծախսեր: Բացի այդ, հայցվորը ստանձնել է վարկային պարտավորություններ մինչեւ 2042 թվականը …այսինքն, ակնհայտ է, որ նա կկրի զգալի վնասներ, եթե զրկվի ՀՀ դատախազությունից ստանալիք աշխատավարձից:

Մինչեւ այս գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը վիճարկվող ակտերի կատարումը կասեցվելու դեպքում՝ կկանխվի հայցվորին հնարավոր զգալի վնասներ հասցվելը: Դատարանը, սակայն, մերժել էր նախկին դատախազի միջնորդությունները:

78 էջից բաղկացած բողոք բերվեց վարչական վերաքննիչ դատարան, որն իր հերթին անփոփոխ թողեց վարչական դատարանի որոշումը:

Դատախազը դիմեց ՀՀ վճռաբեկ դատարան՝ բողոքում փաստելով, որ մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ. «Վերաքննիչ դատարանը չի կիրառել նույն դատական ատյանի կողմից նույն փաստական հանգամանքներով մեկ այլ դատական գործով կիրառված ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտով արտահայտված նախադեպային դիրքորոշումները։ Այս ամենը հանգեցրել է իրավունքի հիմնարար խախտումներ պարունակող դատական սխալի, ինչն էլ իր հերթին բերել է նյութական, դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումների, որոնք ունեն հիմնարար նշանակություն, խաթարում են արդարադատության բուն էությունը, ուստի եւ դատական ակտի անվերապահ բեկանման հիմք են հանդիսանում։ Վերաքննիչ դատարանը որեւէ կերպ չի անդրադարձել հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով եւ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ու ազատությունների հնարավոր խախտման հանգամանքներին, դատական ակտը կայացրել է հակիրճ հիմնավորմամբ՝ այդպես էլ չանդրադառնալով նաեւ այն հարցին, թե արդյոք անհատական ակտում վարչական ակտին բնորոշ՝ անհապաղ կատարման պահանջ ներկայացնելը իրավաչափ է, թե՝ ոչ։ ՀՀ գլխավոր դատախազի կողմից կայացված ակտը որպես անհատական իրավական ակտ համարելուց հետո Վերաքննիչ դատարանը նախ պետք է անդրադառնար այն հարցին, թե արդյոք այդ անհատական ակտում նման պահանջ ներառելը իրավաչափ է եղել, թե՝ ոչ եւ նոր միայն փաստարկեր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի կիրառելիությունը»:

2024 թվականի մայիսի 24-ին Վճռաբեկ դատարանը (այս գործով զեկուցողն էր Ռ. Հակոբյանը-Ռ.Մ.) բավարարել է Կոտայքի մարզի դատախազության նախկին դատախազ Ապրես Գրիգորյանի վճռաբեկ բողոքը:

Օրերս այդ որոշումը դատական տեղեկատվական համակարգում հրապարակվեց: Համաձայն որոշման՝ պետք է վերացվի ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 11-ի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը եւ կայացվի նոր դատական ակտ՝ վերացնելով ՀՀ վարչական դատարանի 2023 թվականի օգոստոսի 17-ի որոշումը: Դատարանը բավարարել է Ապրես Գրիգորյանի միջնորդությունը՝ կասեցնել ՀՀ գլխավոր դատախազի 2023 թվականի հուլիսի 13-ի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշման եւ 2023 թվականի հուլիսի 14-ի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 313-Ա հրամանի կատարումը:

Վճռաբեկ դատարանի որոշման համաձայն. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք վճիռներում հայտնել է դիրքորոշում առ այն, որ դատական պաշտպանության իրավունքը կլիներ անիրական, իսկ դատական պաշտպանության ընթացակարգն անարդյունավետ, եթե ներպետական օրենսդրությունը թույլ տար վերջնական եւ պարտադիր բնույթ ունեցող դատական ակտերին մնալ չկատարված՝ ի վնաս մի կողմի: Մեկնաբանելով «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» 6-րդ հոդվածը՝ ՄԻԵԴ-ն իրավական դիրքորոշում է արտահայտել, որ արդար դատաքննության իրավունքը ներառում է ոչ միայն վեճն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու, այլ նաեւ կայացված դատական ակտը կատարելուն ուղղված գործուն եւ արդյունավետ կառուցակարգեր կիրառելու անհրաժեշտություն («Խաչատրյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով» ՄԻԵԴ 01.03.2010 թվականի վճիռը, կետ 66, «Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով» ՄԻԵԴ 07.05.2002 թվականի վճիռը, կետ 34, «Հորնսբին ընդդեմ Հունաստանի գործով» ՄԻԵԴ 19.03.1997 թվականի վճիռը, կետ 40)»:

Ա. Գրիգորյանը վիճարկվող ակտերի կատարումը չկասեցնելու պարագայում իր իրավունքների պաշտպանության անհնարինությունը փաստարկել է նրանով, որ հայցի բավարարման դեպքում իր նախկին պաշտոնում վերականգնվելն անհնարին կլինի, քանի որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածը չի նախատեսում անվավեր ճանաչված ակտի առկայության պայմաններում անձին իր պաշտոնում վերականգնելու հնարավորություն: Վճռաբեկ դատարանն անհիմն համարեց այս փաստարկը:

Վճռաբեկ դատարանը եզրահանգել էր, որ առկա է ՀՀ գլխավոր դատախազի նշյալ որոշման, թիվ 313-Ա հրամանի կատարումը կասեցնելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմաններից մեկը՝ հայցվորին զգալի վնաս պատճառելու հիմնավոր կասկած, որպիսի պայմաններում հայցվորի միջնորդությունը ենթակա էր բավարարման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031