Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

20 տարվա ազատազրկման դատապարտվածի համար խնդրագրով դիմել են վարչապետին

Հուլիս 04,2024 13:30

Հայաստանի Հանրապետության վարչապետին են դիմել Երգիծաբանների համահայկական միության նախագահ Սուրիկ Գրիգորյանը, մշակույթի վաստակավոր գործիչներ, Գուսանների միություն կազմակերպության նախագահ Գուսան Հայկազունը, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը, Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, դերասաններ: Առկա էր Մշակույթի գործիչների միության նախագահ Գուրգեն Բալայանի անունը, ով մինչ իր մահն էր ստորագրել խնդրագրի տակ:

Նրանք բարձրաձայնում են ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող դրամատուրգ, ռեժիսոր Մուշեղ Մխիթարյանի ներման հարցը:

Հիշեցնեմ, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի (Շենգավիթ վարչական շրջանի նստավայր) 2018թ. մարտի 5-ի դատավճռով 20 տարվա ազատազրկման դատապարտվեց Մուշեղ Մխիթարյանը՝ «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի սպանության գործով:

«Մուշեղ Մխիթարյանը (մշակութասեր հանրության շրջանում հայտնի է Մխիթար Մոս-Մուշեղյան) 20 տարեկանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, որից կրել է դեռեւս շուրջ յոթ տարին: Բանտարկության ընթացքում Մոս-Մուշեղյանը զբաղվել է ոչ միայն գրականությամբ, ծնունդ տալով այնպիսի պատմական դրամաների, ինչպիսիք են «Բաղրամյան», «Լեւոն վեցերորդ.Կիլիկիո արքան» պիեսները, այլեւ ակտիվորեն զբաղվել է մշակութային-հասարակական գործունեությամբ: Բանտարկության երկրորդ տարում արժանացել է ԱՄՆ Կալիֆոռնիայի հայ գրողների միության անդամության: 2020 թվականին նույն միությունից արժանացել է Շնորհակալագրի՝ հայրենիքում եւ սփյուռքում գրականության մեջ ներդրած ավանդի համար: 2022 թվականին նա նշանակվել է Հյուսիսային Ամերիկայի գրողների միության հայկական բաժանմունքի ղեկավար, ստացել «Մշակույթի դեսպան» մրցանակ…»:

Նշվում է, որ Մուշեղ Մխիթարյանի բանաստեղծությունները տպագրվել են երեսուն համահեղինակների ժողովածուներում, նա խորացրել է միջազգային գրական կապերը տարբեր երկրների մշակութային շրջանակների հետ:

Նամակագիրները տեղեկացնում են, որ դատապարտյալը վերջերս զավակ է ունեցել, մեծ է նրա ցանկությունը երեխայի կողքին լինելու, նրան դաստիարակելու հնարավորություն ունենալու…

Դիմելով վարչապետին՝ խնդրում են հարգել Մուշեղ Մխիթարյանի ներման խնդրագիրը, ներում շնորհել երիտասարդ արվեստագետին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031