Հարցազրույց թուրք գրող Ասլը Փերքերի հետ
Վերջերս «ԷՋ» հրատարակչությունը ներկայացրեց Ասլը Փերքերի «Սուֆլե» վեպը՝ Կարոլինա Սահակյանի թարգմանությամբ, խմբագիր՝ Օվսաննա Բաբայան:
Ասլը Փերքերը ծնվել է Թուրքիայի Իզմիր քաղաքում, ավարտել է Դոքուզ Էյլուլ համալսարանը, որտեղ ուսումնասիրել է ամերիկագիտություն: Նրա առաջին վեպը՝ «Ուրիշների բույրը», լույս է տեսել 2005թ., որին հաջորդել են «Դահիճի գերեզմանը» (2009թ.)՝ թարգմանվել է ութ լեզուներով, «Օգնիր ինձ» (2015թ.) եւ «Աշուն» վեպերը (2017թ.)։ Գրողի երրորդ բեսթսելլերը՝ «Սուֆլեն», թարգմանվել է 23 լեզուներով, հայերենը 24-րդն է։
Ասլը Փերքերը վերջերս Հայաստանում էր՝ «ԱՐԻ» գրականության հիմնադրամի «Գրենք Հայաստանում» ստեղծագրության ճամբարի հատուկ հայ-թուրքական ծրագրի շրջանակներում, որի խորագիրն էր «Վավերագրելով իրողությունը. գեղարվեստական գրականություն/լրագրություն»: Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրասիա Համագործակցության հիմնադրամի կողմից։
Կարդացեք նաև
– Դուք երկրորդ անգամ եք Հայաստանում։ Առաջին այցը 2018-ին էր, կարծես ձեր կապը Հայաստանի հետ ամուր է եւ շարունակական…
– Վերջին տարում ճամփորդել եմ Նյու Յորք, Համբուրգ, Ֆրեյբուրգ, Հռոմ, Քեմբրիջ եւ հիմա՝ Երեւան։ Ամեն անգամ, երբ Ստամբուլ էի վերադառնում, թեթեւություն էի զգում, ասես ցանկանում էի մի կողմ դնել այդ հիշողությունները։ Բայց Երեւանի դեպքում, պատմությունն այլ է։ Ես գերզգացմունքային եմ, չեմ ուզում հեռանալ, քանի որ ոչ միայն քաղաքն է ինձ գրավել, այլեւ մարդիկ, ովքեր դիպչել են սրտիս լարերին։ Ես շատ բարձր եմ գնահատում նախագիծը, այստեղ մարդկային, բարի, ընկերական մթնոլորտ է։ Ինձ գրավել է հայկական մշակույթը՝ խոհանոցը, ճարտարապետությունը, գրականությունը եւ արվեստը։ Ես անկուշտի պես քայլում եմ բոլոր փողոցներով ու հիանում Երեւանի ամեն մի շինությամբ։ Հայաստանի հետ այս կապը երկու աղբյուր ունի։ Առաջինը մեծ ակնածանքն է, որ տածում եմ մշակույթի հանդեպ, իսկ Հայաստանի մշակույթը շատ հարուստ է։ Երկրորդը, շատ մեծ մեղք եմ զգում այն սխալների համար, որոնք իմ նախնիները գործել են հայերի նկատմամբ։
– Դուք աշխատում եք երիտասարդների, ուսանողների, նոր սերնդի հետ։ Ի՞նչ եք կարծում, որքանով են նրանք տարբերվում ձեր սերնդից՝ ազատամտության, հետաքրքրասիրության եւ ստեղծագործ լինելու առումներով։
– Չեմ կարծում, որ մենք ազատամիտ չենք եղել, ավելի շուտ տարբեր մարդկանց հետ շփվելու հնարավորություն չենք ունեցել։ Համացանցի կամ նման նախագծերի միջոցով ստեղծված ուղիների բացակայության պատճառով մենք մեկուսացված ենք եղել միմյանցից։ Ես ամեն բան անում եմ, որպեսզի մեր երկու երկրների միջեւ կամուրջ հանդիսանամ, օրինակ ծառայեմ երիտասարդ սերնդին եւ կոտրեմ տարիներով ստեղծված կարծրատիպերն ու նախապաշարմունքները։ Սա ամենաքիչն է, որ կարող եմ անել։
– 2018թ.-ին Հանրային հեռուստատեսության եթերում հարցազրույցի ժամանակ դուք ընդունեցիք Հայոց ցեղասպանության փաստը։ Իսկ այդ թեմայով խոսո՞ւմ եք Ձեր ուսանողների հետ։ Ինչպե՞ս են արձագանքում դրան։
– Այս մասին ես խոսում եմ բոլորի հետ՝ ինչպես ուսանողների, այնպես էլ մեծահասակների: Ես ոչ միայն կիսում եմ իմ կարծիքը, այլեւ տրամադրում եմ փաստեր, հատվածներ գրքերից, լուսանկարներ եւ այն ամենը, ինչ անհրաժեշտ է մարդուն ճիշտ որոշում կայացնելու համար: Թուրք երիտասարդներից շատերը տեղյակ չեն հակամարտության պատճառների մասին: Նրանք գիտեն, որ այն գոյություն ունի, բայց այն համարում են հին պատմություն: Ահա իրականությունը. ռոմանտիկ հարաբերություններում նա, ով հեռանում է, կարող է հեշտ մոռանալ ամեն բան, մինչդեռ նա, ում թողել են, արդարություն է տենչում, նրա սիրտը կոտրված է: Չնայած սա պարզեցված անալոգիա է, բայց ճիշտ է արտացոլում այն, ինչ մտածում եմ: Մենք հակված ենք անտեսելու անցյալը եւ չենք կարողանում փոխըմբռնման ընդհանուր կետեր գտնել։
– Ձեր գիրքը լույս է տեսել հայերենով…
– Ես ոչ միայն երջանիկ եմ, նաեւ անասելի հպարտ։ Ամեն ջանք, որ ես գործադրում եմ մեր ժողովուրդների միջեւ կապեր հաստատելու համար, իմ կյանքի կարեւոր նպատակներից եմ համարում։
– Ինչպե՞ս եք տեսնում հայ-թուրքական հարաբերություններն ապագայում:
– Անկասկած, դա մեծ ջանքեր է պահանջում, բայց ես համոզված եմ, որ նման հայ-թուրքական մշակութային նախագծերը շատ խոստումնալից են: Օտարներին կարող է անիրատեսական եւ նույնիսկ միամիտ թվալ ապագան, որտեղ մենք ներդաշնակորեն գոյակցում ենք՝ հաշվի առնելով քաղաքական բարդ խնդիրները եւ տարածաշրջանում մեծ տերությունների ազդեցությունը: Այնուամենայնիվ, մարդկային կապի էությունը մնում է առաջնային: Ամեն անգամ, երբ ես ականատես եմ լինում այս դասընթացների արդյունքներին, սիրտս լցվում է հույսով, եւ ես կրկին համոզվում եմ, որ մենք իսկապես ճիշտ ուղին ենք բռնել:
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Գրքի կազմի ձեւավորումը՝ Վիլյամ Կարապետյանի
«Առավոտ» օրաթերթ
03.07.2024