Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զինվորականն ու քառասուն կովի առեղծվածը. մաս երկրորդ

Հուլիս 04,2024 12:30

Հատված որդուս հիշատակին նվիրված վիպակից

(սկիզբը՝ թիվ 106-ում)

2010 թ. սեպտեմբերի յոթին, Վահրամի քսանամյակի կապակցությամբ, եւս մի անգամ այցելեցինք Երվանդաշատ։ Օրը կիրակի էր։ Ուղեկալի հրամանատարի համար հայկական կոնյակ էի տարել։ Մտա նրա մոտ, նվիրեցի կոնյակն ու խնդրեցի մի քանի ժամով Վահրամին ազատել ծառայողական պարտականություններից։ Հրամանատարը տեղյակ էր, որ որդուս ծննդյան օրն է։ Նա համաձայնեց։ Մենք Վահրամի ու նրան այցելած հարազատներիս հետ կրկին գնացինք նրա սիրելի վայրը՝ «ծիրաննոց»։ Վահրամը ծածկոցներ փռեց ծիրանի ծառերից մեկի տակ, եւ արագորեն սեղան բացեց։ Մենք նստեցինք «սեղանի շուրջ» ու սկսեցինք զրուցելով ճաշակել մեզ հետ բերած ուտելիքը։ Միմյանց հերթ չտալով մենք պատմում էինք մեզ հետ տեղի ունեցած նորությունները, Վահրամն էլ՝ իրենը։ Չէր անցել կես ժամ, մի հայ զինվորական վազելով եկավ ու հայտնեց, որ հրամանատարը կանչում է Վահրամին՝ սահմանի պահակակետ ծառայության անցնելու համար։ Բոլորս խիստ վրդովվեցինք, բացի Վահրամից։

– Պապ, քո «սիրելի» ռուսներն առաջին անգամ չէ, որ հարամում են մեր հացը։ Հետո քեզ էլի բաներ կպատմեմ։ Այնպիսի բաներ, որ կապշես։ Սակայն հոգ չէ, մի քանի ամիս էլ կհամբերենք։ Չտխրեք, հավաքվեք ու գնացեք։ Ձեզ բարի ճանապարհ։

Տուն վերադառնալու ճանապարհին անընդհատ հիշում էինք ուղեկալի հրամանատարի լկտի, նամարդ, ողորմելի վերաբերմունքը եւ չէինք հանգստանում… Այդ սրիկան Վահրամի ծառայողական բնութագրի մեջ հետագայում գրեց.

«Ծառայողական պարտականությունները կատարել է գերազանց։ Բնավորությամբ հանգիստ է, հավասարակշռված, հրաշալի ընկեր է, ծառայակիցների շրջանում մեծ հարգանք է վայելել։ Պետական սահմանի պահպանության հարցում իրեն դրսեւորել է գերազանց»…

Զորացրվելուց ամիսներ անց, Վահրամին տեսության էին եկել ծառայակիցներից մի քանիսը։ Նրանք պատմում էին, թե հաճախ ինչպիսի ստորացուցիչ վիճակների մեջ են գցել ռուսական զորամասեր զորակոչված հայ զինվորներին։ Նրանց թվարկած բազմաթիվ հակամարդկային, հակազինվորական արարքներին Վահրամը միայն մեկն ավելացրեց.

– Ախպերս, հիշո՞ւմ ես, որ մեր զորակոչման առաջին օրերին՝ կարանտինին (карантин), մեր վաշտի հրամանատարը կարգադրեց ինձ պառկել եւ գլուխս ձյան մեջ մտցրած մնալ այնքան, մինչեւ բարձրանալու հրաման տա։ Մոտ տասը րոպեից միայն անասունը բարձրանալու հրաման տվեց։ Ու երբ բարձրացա, զարմացավ.

-Շարքային Մաթոսյան, դու դեռ ո՞ղջ ես…

* * *

Մոտենում էր դեկտեմբերի յոթը։ Ես մտածում էի, որ աղետի գոտուց զորակոչված զինվորներին մեկ-երկու օրով ազատ կարձակեն, այցելելու իրենց հարազատներին՝ նրանց հետ հիշատակի տուրք մատուցելու երկրաշարժի ժամանակ զոհված իրենց հարազատների շիրիմներին։ Սակայն մեր սպասելիքները չիրականացան։

2010 թ. հոկտեմբերի 2-ին կայանալու էր ավագ որդուս՝ Սարգսի հարսանյաց հանդեսը Տաթեւիկի հետ։ Այդ տարիներին Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել նման առիթների դեպքում զինվորներին կարճատեւ արձակուրդ տրամադրել միջոցառումներին մասնակցելու համար։

Մեր ծանոթներից մեկը խոստացել էր միջնորդի միջոցով կազմակերպել Վահրամի կարճատեւ արձակուրդի հարցը։ Սակայն, օրեցօր ձգձգելով, այդպես էլ նա չկատարեց իր խոստումը։

Ես դիմեցի Սպիտակի զինկոմիսարիատին։ Սակայն աշխատակիցները շատ դանդաղ արձագանքեցին իմ խնդրանքին։ Այդ գործառույթի կատարող պաշտոնյան էլ անպատասխանատու գտնվեց այն աստիճան, որ իմ բազմաթիվ այցերից հետո Հոկտեմբերյանի ռուսական ռազմաբազային ուղղած նամակն ինձ հանձնեց հարսանիքից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի մեկին, այն էլ՝ հայերեն լեզվով։ Այդ նամակով ես շտապ մեկնեցի Հոկտեմբերյանի ռազմաբազա։ Հրամանատարը «տիպիկ ռուս էր»՝ դեմագոգ, տմարդ, անկառավարելի ու… էլ չգիտեմ ինչ… Անցակետի հերթապահը փորձեց բացատրել իմ այցելության պատճառը, սակայն նա կես խոսքից հրաժարվեց անգամ լսել եւ խորհուրդ տվեց փոխանցել ինձ, որ գնամ Երեւանում գտնվող իրենց վերադասից որդուս երկու օրով արձակուրդ հատկացնելու հրաման բերեմ։ Իսկ Երեւանում ավելի անբարո գտնվեցին։ Չկա սա, չկա՝ նա… Գնա վաղն արի…

Այս անմարդկային վերաբերմունքի հետեւանքով Վահրամը չկարողացավ ներկա գտնվել եղբոր հարսանյաց հանդեսին։ Հետագայում, իրեն հատուկ հումորով, միշտ նախատում էր եղբորը, ասելով.

-Դու քո հարսանիքին ինձ չհրավիրեցիր, ախպերս։ Ես էլ քեզ չեմ հրավիրելու իմ հարսանիքին։ Բա՞… Ու միասին խնդալով, ինձ էին նայում։ Իսկ ես գլուխս էի կախում մեղավորության այն զգացումով, որ չկարողացա կազմակերպել Վահրամին օրենքով հասանելիք կարճատեւ արձակուրդը…

Երեւանից հետ վերադառնալիս, ղեկին նստած, զայրանում էի՝ տալիս-առնում ու մտածում, որ եթե մեր զինվորական կոմիսարիատն իմ նկատմամբ նման վերաբերմունք է ցուցաբերում, մենք էլ ի՞նչ իրավունքով ենք նեղանում ռուսներից…

Իսկ Սպիտակի զինկոմիսարիատի այդ հարցերի կատարող պաշտոնյա՞ն, որի ծննդյան օրն իմ դիմելու ժամանակամիջոցում էր։ Քանի՜-քանի անգամ գնացի նրան դիմելու։ Իսկ նա՝ «քեֆը տնգոզ», միջանցքներով ու աշխատասենյակներով ճեմում էր՝ ժպտադեմ։ Փող աշխատելու մոլուցքով տարված անօրենի շատ պե՞տքն է ժողովրդի հոգսերը։

Մի՞թե այս ամենը սրիկայության գլուխգործոցներ չեն…

Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ

արձակագիր

«Առավոտ» օրաթերթ
03.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031