Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմավարական գործընկերություն՝ ինքնիշխանության ամրապնդում. Ամերիկյան առաջարկ Երեւանին

Հուլիս 04,2024 12:00

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը գնում է դեպի ռազմավարական գործընկերություն

«Ժողովրդավարության հայկական ֆորում 2024» քննարկումների շրջանակներում օրերս Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը կարծիք է հայտնել, որ Հայաստանը, թեեւ մարտահրավերների է բախվել՝ ներառյալ սահմանային միջադեպերը, Լեռնային Ղարաբաղից փախստականների ներհոսքը, բայց «հավատարիմ է մնացել ժողովրդավարական ապագային»: «Ձեր հանձնառությունը ժողովրդավարական ապագային օրինակ է աշխարհի համար, որ հնարավոր է ժողովրդավար աշխատել եւ դրանք իրար չեն հակասում։ ԱՄՆ-ն հպարտ է, որ այս ամենին աջակցում է էներգետիկայի, առեւտրի եւ այլ ոլորտներում եւս»,- նշել է դեսպանը։

ԱՄՆ դեսպանի հաջորդ կարեւոր արձանագրումը վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերությունների ապագային: Քրիստինա Քվինը հայտնել է, որ գալիք տարիներին իրենք նպատակադրված են թարմացնել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը:

Դեսպանն արձանագրել է. «Այն դառնալու է ռազմավարական գործընկերություն՝ ապահովելու ավելի արդյունավետ համագործակցություն։ Հուսով եմ, որ այս համագործակցությունը կամրապնդի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Հպարտ եմ այն աշխատանքով, որ արվում է ժողովրդավարության ամրապնդման եւ մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից։ Հետեւաբար, ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին՝ պայքարելու կոռուպցիայի դեմ, ոստիկանական բարեփոխում իրականացնելու գործում եւ արդար ընտրությունների կայացման հարցում։ Նաեւ աշխատում ենք մեդիա ազատության ապահովման համար, որպեսզի խոսքի ազատության իրավունքները պահպանված լինեն»,-ասել է դեսպանը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանը նաեւ նկատել է, որ այնպես չի, որ ցանկանում են, որ Հայաստանը կատարյալ լինի. «ԱՄՆ-ն էլ կատարյալ չի մարդու իրավունքների ճանաչման գործում, սա շարունակական հանձնառություն է պահանջում եւ մեր երկրի, եւ ձեր երկրի համար, շարունակում ենք աշխատել միմյանց հետ, ստեղծենք մի աշխարհ, որտեղ ժողովրդավարությունը զարգանում է»:

Այսպես, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի մակարդակով Վաշինգտոնն արձանագրեց, որ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցությունը կխորացվի. ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը դարձնելով ռազմավարական գործընկերություն, ապահովելով ավելի արդյունավետ համագործակցություն, որն էլ կամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունը: «Ես իսկապես շատ հպարտ եմ այն աշխատանքով, որ արվում է ժողովրդավարության ամրապնդման եւ մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից։ Ինչպես պարոն Բլինքենն է ասել. «Ժողովրդավարությունը միակ ազդեցիկ գործիքն է մարդկային պոտենցիալն իրացնելու համար։ Հետեւաբար, ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին՝ պայքարելու կոռուպցիայի դեմ, ոստիկանական բարեփոխումներ իրականացնելու, ազատ ու արդար ընտրությունների կայացման հարցում»,- ասել է դեսպան Քվինը։

Հայաստանը աշխարհի համար «ժողովրդավարության օրինակ» մատնանշելն, իհարկե, որոշակի հարցեր առաջացնում է, եւ հայաստանյան ընդդիմությունը ԱՄՆ-ի վերջերս արտահայտած գնահատականները բավական քննադատեց, սակայն հարկ է նշել, որ մեր ընդդիմադիրներն անտեսում են այն հանգամանքը, որ ԱՄՆ-ից գոնե գնահատականներ հնչեցին, օրինակ, հունիսի 12-ի հայտնի իրադարձությունների վերաբերյալ: Իսկ Ռուսաստանից պաշտոնական գնահատական, հայտարարություն հնչե՞լ է նույն իրադարձությունների վերաբերյալ…

Մյուս կողմից, հայաստանյան ընդդիմադիրները, որոնք գիշեր-ցերեկ հանդես են գալիս, մեղմ ասած` ոչ դեմոկրատական Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու օգտին, ակնկալում են, որպեսզի ԱՄՆ-ն իրենց լուրջ վերաբերվի՞…

Ինչեւէ: Ամերիկյան ջանքերը վերջերս կենտրոնացած են նաեւ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների, խաղաղության համաձայնագրի շուրջ:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օրերս հանդես է եկել Վաշինգտոնում գործող Բրուքինգզ ինստիտուտում, որտեղ մի շարք արտաքին քաղաքական հարցերի հետ միասին անդրադարձել է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերություններին: Երեւանն ու Բաքուն խաղաղության հասնելու բացառիկ հնարավորություն ունեն, նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի համոզմամբ՝ հայ – ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը «վերջ կդնի տասնամյակների հակամարտությանը», «հսկայական տնտեսական հնարավորություններ կստեղծի» տարածաշրջանում: «Կարծում եմ՝ առկա է հազվագյուտ հնարավորություն, ներուժ՝ երկրների միջեւ կյանքի կոչել խաղաղության համաձայնագիրը, որն ավարտին կհասցնի տասնամյակներ տեւած հակամարտությունը եւ, ըստ էության, տարածաշրջանում հսկայական հնարավորություն կստեղծի տնտեսական փոխգործակցության, տնտեսական աճի, ինչպես նաեւ երկրները միմյանց հետ՝ արեւելք-արեւմուտք, հյուսիս-հարավ ուղղություններով կապելու համար: Ադրբեջանը չափազանց կարեւոր դեր է խաղում այս հարցում», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը շեշտել է՝ Ադրբեջանը կարեւոր դեր ունի դրանում եւ որ կողմերի միջեւ խաղաղությունը հնարավոր է եւ այն բխում է ինչպես Բաքվի ու Երեւանի, այնպես էլ տարածաշրջանի շահերից: «Ինտենսիվ ջանքեր ենք ներդրել մեր դիվանագիտության միջոցով՝ փորձելով օգնել Ադրբեջանին եւ Հայաստանին հասնել խաղաղության համաձայնագրին: Դա արել ենք Եվրամիության հետ շատ սերտ համագործակցության ու համակարգման միջոցով, եւ կարծում եմ, որ դրան հնարավոր է հասնել: Մոտ մեկ շաբաթ առաջ էի խոսել այս առիթով նախագահ Ալիեւի հետ», – նշել է պետքարտուղար Բլինքենը:

Պատասխանելով Հարավային Կովկասում այսօր ստեղծված կացության մասին հարցին՝ Էնթոնի Բլինքենն ընդգծել է տարածաշրջանի կարեւորությունը՝ արձանագրելով Հարավային Կովկասում հսկայական քաղաքական տեղաշարժերը, նաեւ կարծիք հայտնելով, թե տարածաշրջանում առկա են ե՛ւ «իրական մտահոգություններ», ե՛ւ «իրական հնարավորություններ»։

Հարավային Կովկասի մասին խոսելիս, ըստ «Ազատության», պետքարտուղար Բլինքենն անդրադարձել է Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը՝ ընդգծելով, որ այդ օրենքի ընդունումը հակասում է Վրաստանի ու վրաց ժողովրդի մեծ մասի ընտրած եվրոպական ուղուն: «Մենք եւ շատ այլ երկրներ խորը մտահոգություն ենք հայտնել այս կապակցությամբ։ Նաեւ քայլեր ենք ձեռնարկել՝ այդ մտահոգություններն արտահայտելու համար»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը: Էնթոնի Բլինքենը եզրափակել է՝ Վաշինգտոնը համահունչ է գործում Հարավային Կովկասում առկա բոլոր մարտահրավերներին եւ կենտրոնացած է իրական հնարավորությունների վրա։

Հարավային Կովկասից բացի, պետքարտուղարն իր ելույթում անդրադարձել է նաեւ Ուկրաինայի եւ Գազայի հակամարտություններին, ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին, Չինաստանի հետ հարաբերություններին եւ այլ գլոբալ մարտահրավերներին ու զարգացումներին: Նրա ելույթում զգալի տեղ է հատկացվել ուկրաինական խնդրին: Բլինքենը կարեւորել է այստեղ դաշնակից երկրների միջեւ համագործակցությունը: «Պուտինի նպատակն էր բառացիորեն վերացնել Ուկրաինան համաշխարհային քարտեզի վրայից, վերջ դնել նրա ապագային՝ որպես անկախ երկիր, նրան ընդգրկել մեծ Ռուսաստանի մեջ: Դա տեղի չունեցավ եւ տեղի չի ունենա երկու պատճառներով. իհարկե, ուկրաինացիների արտասովոր խիզախության ու տոկունության, բայց նաեւ այն պատճառով, որ ավելի քան 50 երկրներ, ԱՄՆ-ի առաջնորդությամբ, միավորվեցին՝ աջակցելու Ուկրաինային նրա պաշտպանության հարցում»,- ընդգծել է նա:

Բլինքենը շեշտել է՝ Մոսկվայի նախնական ծրագրի ձախողումը մեծ ձեռքբերում է: Նա ներկայացրել է Ուկրաինայի հարցում հաջողության իր պատկերացումները. «Դա Ուկրաինայի հանդես գալն է որպես ուժեղ, հաջողակ մի երկիր, որն ավելի ու ավելի է ինտեգրվում Արեւմուտքի հետ: Մի երկիր, որը ռազմական, տնտեսական եւ ժողովրդավարական առումով ամուր կանգնած է իր ոտքերի վրա»:

Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ ԱՄՆ-ի պետքարտուղարը շեշտել է` ռազմական դաշինքի 75-ամյակի գագաթնաժողովի հիմնական նպատակներից է դաշինքի ապագայի վրա կենտրոնացումը։ Նա կարեւորել է ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության ներուժը՝ դաշինքի կանոնադրության հինգերորդ հոդվածը, որպես ագրեսիայի զսպման առաջնային միջոց՝ հիշեցնելով, որ այն արձանագրում է, որ դաշինքի մեկ անդամի վրա հարձակումը՝ հարձակում է բոլորի վրա: «Այսօր մենք ունենք դաշինք, որն ավելի մեծ է՝ ներառելով Ֆինլանդիան եւ Շվեդիան»,- արձանագրել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 03.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031