Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում ամեն ինչ Արցախն է հիշեցնում

Հուլիս 04,2024 14:30

Արցախցի վարսավիր Նարինեին Վանաձորում արդեն շատերը գիտեն։ Սկզբում միայն այստեղ հաստատված արցախցիներն էին նրա մոտ մազ կտրում,  հիմա վանաձորցի հաճախորդներ էլ շատ ունի։

Արցախից բռնի տեղահանվելուց հետո Նարինեն ընտանիքով հաստատվել է Վանաձորում։ Սեպեմբերի 28-ին հասել են Հայաստան, մեկ օր հետո տեղափոխվել Վանաձոր։ Այստեղ նրան ամեն ինչ Արցախն է հիշեցնում, բնությունն ասես հարազատ Վանքի բնությունը լինի… «Քրոջս ամուսինը վանաձորցի է, դրա համար որոշեցինք մնալ այստեղ։ Վանաձորում են բնակություն հաստատել նաեւ իմ ու ամուսնուս ծնողները։ Բոլորս իրար մոտ գտնվելով՝ ավելի հեշտությամբ ենք հաղթահարում դժվարությունները»,-ասում է Նարինեն:

Նարինեն Մարտակերտի շրջանի Վանք գյուղում է ծնվել,  հարս է գնացել Ասկերան։ Սկզբում Նորագյուղում են ապրել, վերջին 7 տարիներին՝ Ասկերան քաղաքում։ Ավելի քան 18 տարի է՝ վարսահարդարությամբ է զբաղվում։  Սիրում է իր գործը. «Մոտ երկու ամիս չէի կարողանում  աշխատել, հոգեբանորեն չէի տրամադրվում, համարյա բոլոր մասնագիտական գործիքներս թողել էի Արցախում։ Հետո հասկացա, որ չեմ կարող ձեռքերս ծալած նստել ու սկսեցի աշխատատեղ փնտրել»:

Հմուտ վարսավիրը ձեռքերի վարժ շարժումով շարունակում է գործը, իսկ  մտքով նորից գնում, հասնում հայրենի տուն ու գյուղը։

2020 թ. պատերազմից հետո ամուսինը Նորագյուղում  հողատարածք վերցրեց,  բանջարեղեն եւ մրգատու ծառեր աճեցրեց։ Նարինեն օգնում էր նրան։ 2023-ի աշնանը պիտի արքայախնձորի եւ նռան առաջին բերքը հավաքեին…

Ամուսինն ավտոէլեկտրիկ է, Վանաձորում տարածք է վարձակալել ու անցել աշխատանքի։ Նարինեն էլ է սկսել աշխատել. «Վարսավիրանոցում սիրով ընդունեցին ինձ։ Առաջնահերթ օգտագործման որոշ գործիքներ ձեռք բերեցի եւ հունվարից սկսեցի աշխատել։  Այժմ արդեն իմ հաճախորդներն ունեմ եւ, փառք Աստծո, կարողանում եմ վաստակել օրվա հացս»:

Դեռ վարձով են ապրում։ Իրենց ընտանիքը բնակապահովման ծրագրի 3-րդ փուլում է ընդգրկվելու։ Չեն կողմնորոշվել, թե որտեղ են բնակարան ձեռք բերելու։ Երեխաների ուսման պատճառով ցանկանում են մոտ լինել Երեւանին։

«Ճիշտ է, Վանաձորում ապրելը հեշտ է, ամեն ինչ այստեղ էժան է, սակայն աշխատավարձերը ցածր են, ըստ այդմ՝ մենք եւս քիչ ենք վաստակում,- ասում է Նարինեն,- Վանաձորի ժողովուրդը մեզ պես տուժված է։ Մարդիկ կան, որ 1988-ի երկրաշարժից հետո դեռ սեփական տուն չունեն, ապրում են վարձով։ Նրանք շատ լավ են հասկանում, թե ինչ է տուն կորցնելը։ Գուցե դա է մեզ կապում իրար հետ, ու այստեղ մեզ լավ ենք զգում»:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031