Դատախազության կազմավորման 106-ամյակի եւ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Գլխավոր դատախազությունում հուլիսի 1-ին տեղի ունեցած կոլեգիայի հանդիսավոր նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գերազանցիկ աշակերտի կեցվածքով վարչապետին էր զեկուցում, թե ինչ մեծ ու կարեւոր գործեր է արել ինքը, ինչպես է «թալանը» հետ բերել պետբյուջե եւ այլն: Վարդապետյանը մասնավորապես նշել է. «Դատարաններում բավարարվել է 4 մլրդ 503 մլն 686 հազար դրամ բռնագանձելու պահանջով 8 հայց (2023 թվականին՝ 318 մլն 759 հազար դրամ պահանջով 22 հայց): Դրանցից միայն մեկը ներկայացնեմ. Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 5-ի վճռով բավարարվել է դատախազության կողմից ներկայացված հայցը: Որոշվել է գործարար Սամվել Մայրապետյանից եւ «Գլոբուս» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4.4 մլրդ դրամ»:
Դատարանում Սամվել Մայրապետյանի շահերը ներկայացնող փաստաբանական խմբի անդամ Արսեն Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դատախազ Վարդապետյանի այս հայտարարությունն առնվազն հասկանալի չէ, որովհետեւ այն իրականության հետ կապ չունեցող հայտարարություն է, անմեկնաբանելի։ «Դատական ակտը բողոքարկվել է եւ այս պահին գտնվում է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում: Այսինքն` Վարդապետյանը հիմք է ընդունում առաջին ատյանի որոշումը, որն անգամ ուժի մեջ չի մտել, վճիռ է հրապարակվել, որից հետո օրենքով սահմանված ժամկետում մենք ներկայացրել ենք վերաքննիչ բողոք: Գումար չի բռնագանձվել: Վերաքննիչում էլ դեռեւս միայն վարույթ է ընդունվել, չկա նոր բան: Իրականության հետ կապ չունի դատախազի ասածը, բայց թե ինչու է նման հայտարարություններ անում, ես չեմ կարող մեկնաբանել: Իրականությունն այլ է»,- նշեց փաստաբանը:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: