Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ասել, որ անվտանգային ոլորտում «արդեն դիվերսիֆիկացիա ունենք», առնվազն լուրջ չէ. «168 ժամ»

Հուլիս 04,2024 11:38

«ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով քննարկման ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ տնտեսության ոլորտում շատ աշխատանքներ ունեն կատարելու, որ կարողանան դիվերսիֆիկացիայի հասնեն: Իսկ անվտանգության ոլորտում արդեն դիվերսիֆիկացիա ունենք, վստահեցրել է Գրիգորյանը:

«Հայաստանն ունի բավարար կարողություն՝ հնարավոր ապագա սպառնալիքներին դիմակայելու, իսկ դիմակայելու համար շատ կարևոր է դիվերսիֆիկացիան: Մենք հաճախ քննարկումներում ասում ենք՝ մեկից կախվածությունը փոխարինենք շատերից կախվածությամբ, սա շատ կարևոր է: Բայց ոչ միայն մենք պետք է կախված լինենք, այլ պետք է փոխկախվածություն լինի։ Փոխկախվածությունը դա կայունության աղբյուր է։ Այսինքն, դիվերսիֆիկացիան մեկ կախվածությունը շատերից կախվածության փոխարինելն է, որ մեկը մոնոպոլիա չունենա։ Անվտանգության ոլորտում արդեն դիվերսիֆիկացիա ունենք»,- պարզաբանել է Գրիգորյանը:

Դիվերսիֆիկացիան վատ բան չէ, եթե իրականում դրան կարողանաս հասնել: Այսօր վստահաբար ասել, որ անվտանգության ոլորտում ունենք դիվերսիֆիկացիա, ճիշտ չէ, մեղմ ասած:

Որովհետև ՀՀ ԶՈւ զինանոցի հիմնական մասը դեռ ռուսական սպառազինությունն է, իսկ որոշակի տեսակի և որոշակի քանակի հնդկական սպառազինություն բերելով, կամ՝ ֆրանսիական ոչ պաշտպանական հրետանային ինքնագնաց կայան ձեռք բերելու մասին պայմանագիր կնքելով, երբ այդ Caesar-ները դեռ 1-2 տարի հետո լավագույն դեպքում կարող են Հայաստան հասնել, դեռ հստակ դիվերսիֆիկացիայի մասին խոսելու հիմք չեն: Օրինակ, «Bulgarian military»-ն տարածել էր տեղեկություն, թե Հայաստանը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում «Barak 8» զենիթահրթիռային համալիրի նկատմամբ:

168.am–ը գրել էր, որ սա Հնդկաստանի և Իսրայելի համատեղ նախագիծն է և հայտնի է նաև՝ որպես LR-SAM կամ MR-SAM համակարգ, և, որ որքան էլ Հնդկաստանը վստահեցնի, թե սահմանափակում չկա արտահանման դեպքում, սակայն հաշվի առնելով Հայաստանի և Իսրայելի միջև լարվածությունը, խնդիրներ կարող են ծագել՝ Հայաստանին իսրայելա-հնդկական համատեղ մշակմամբ համալիրի մատակարարելու դեպքում:

Հավելենք, որ Հայաստանը ճանաչեց Պաղեստին պետությունը, և անմիջապես ստացվեց ՀՀ-ի որոշման պատասխանը. Իսրայելը կվերանայի Ադրբեջանին ժամանակակից համակարգերի մատակարարման հարցը, խոսքը նաև Spy-X-ի մասին է:

Ի դեպ, Հորդանանի ԱԳՆ-ն ողջունեց Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը: Իսկ սրանից առաջ Հորդանանը պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր էր ստորագրել Ադրբեջանի հետ, որն օրերս հաստատել է Ադրբեջանի նախագահը:

Ինչ վերաբերում է Սերբիայի և Բուլղարիայի հետ պաշտպանական ոլորտում համագործակցելու Հայաստանի ցանկությանը, ապա մեկ անգամ չէ, որ գրել ենք Հայաստանը պետք է հաշվի առնի այդ երկրներին ադրբեջանական գազի մատակարարման հզոր գործոնը:

Եվ այս անվտանգային մարտահրավերների, չլուծված լոգիստիկ խնդիրների, աշխարհաքաղաքական շահերի պարագայում ասել, որ Հայաստանն անվտանգային ոլորտում դիվերսիֆիկացիայի հետ կապված հարցերը լուծել է, որ «արդեն դիվերսիֆիկացիա ունենք», առնվազն լուրջ չէ:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031