Լրահոս
Օրվա լրահոսը

Այս իշխանությունը միայն խոսում է դիվերսիֆիկացիայի մասին և անում ճիշտ հակառակը: Շարունակվում է բարձր կախվածությունը մեկ երկրից. Թադևոս Ավետիսյան. «Փաստ»

Հուլիս 04,2024 11:16

2024 թ.-ի առաջին եռամսյակում, պետական պաշտոնական վիճակագրության համաձայն, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14,3 տոկոս։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշում է՝ այդ երկնիշ տնտեսական աճն այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքը չէ:

«Դա կարճաժամկետ, պատահական արտաքին գործոնի արդյունք է՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ և դրա ստեղծած միջավայրով մեր երկրի համար: Եթե պարզ ասենք, Ռուսաստանի քաղաքացիները եկան Հայաստան, այստեղ մեծ դրամական փոխանցումներ եղան, ժամանակավորապես տեղափոխեցին իրենց որոշակի բիզնեսները, և տնտեսությունը սկսեց ակտիվանալ: Երկրորդ գործոնը վերարտահանումն է, այսինքն՝ որոշակիորեն բավարարում էինք ռուսական շուկայի պահանջարկը այլ երկրներից դեպի Ռուսաստան վերարտահանում իրականացնելով: Դա պայմանավորված էր պատժամիջոցներով, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ: Հիմա պետք է պարզ տեսնենք, որ այդ գործոնը թուլանում է, վիճակագրական վերջին տվյալներով՝ այս տարվա մայիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա մայիսի համեմատ 5,2 տոկոս նվազել է: Այսինքն՝ հինգ ամսվա միջինը 11-11,2 տոկոս է, որովհետև նախորդ ամիսներին բարձր է եղել իներցիոն աճը, իսկ հիմա գործոնը թուլացել է, թուլանում է տնտեսական աճը և այսպես շարունակվելու պարագայում ունենալու ենք լրացուցիչ լուրջ դժվարություններ այդ բարձր աճն ապահովելու իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը:

Ինչպե՞ս պետք է զգա տնտեսական երկնիշ աճը Հայաստանի քաղաքացին: Խոսելով բարձր տնտեսական աճի ներառականության մասին՝ նա անդրադառնում է հարկային և սոցիալական քաղաքականությանը: «Մեր երկրի հարկային քաղաքականությունն այս իշխանությունների օրոք ոչ միայն չունի սոցիալական բաղադրիչ, այլև իր էության մեջ դառնում է հակասոցիալական և հականերառական: Այս իշխանությունն, ըստ էության, վերացրեց պրոգրեսիվ հարկումը, որը սոցիալական բաղադրիչ էր, այսինքն՝ շատից էլ ավելի շատ, համեմատաբար քիչ եկամուտ ունեցողից ավելի քիչ հարկ պահելու քաղաքականության կոնցեպտը վերացրեցին, և դրեցին մեկ դրույքաչափ: Անկախ եկամտի չափից, և՛ մեծ, և՛ փոքր եկամուտ ստացողին հարկում են նույն կերպ, այսինքն՝ աշխատող աղքատին հարկում են նույն դրույքաչափով, ինչպես հարկում են մի քանի միլիոն դրամ ստացողին:

Երկրորդ քայլը, որը հիմա հետևողականորեն անում են, փոքր և միջին բիզնեսի հարկային արտոնությունների նվազեցումն է, վերացումը, նորից համահարթեցման սկզբունքով, և փաստացի իրենց պատճառաբանությունն այն է, որ փոքր և միջին բիզնեսի հարկային արտոնություններից զարտուղի ճանապարհով օգտվում են մեծերը»,-հավելում է մեր զրուցակիցը:

«Այս իշխանությունը միայն խոսում է դիվերսիֆիկացիայի մասին և անում է ճիշտ հակառակը: Որքան խոսում են դիվերսիֆիկացիայի մասին, մեր երկրի տնտեսությունը մեկ երկրից ավելի մեծ կախվածության մեջ է ընկնում: Եթե հաշվել գիտեն, թող հաշվեն՝ երբ եկան իշխանության, օրինակ՝ Ռուսաստանի հետ մեր արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռը որքան էր և որքան է հիմա: Մեկ երկրից մեր արտաքին առևտրի տեսակարար կշիռը կրկնակի չափով մեծացել է: Հիմա սա դիվերսիֆիկացիա՞ է, իհարկե՝ ոչ, ապադիվերսիֆիկացիա է: Երկրորդ կարևոր հանգամանքը: Թող տեսնեն մեր հումքային կախվածությունը՝ վառելիքաէներգետիկ ռեսուրսներ, հումքեր և այլն:

Նորից շարունակվում է բարձր կախվածությունը մեկ երկրից»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031