Նախօրեին «Անի» հյուրանոցի սրահում տեղի է ունեցել սրբազան պայքարի քաղաքական խորհրդի փակ նիստը՝ երկրորդը։ Հաջորդ օրն էլ Բագրատ սրբազանը հանրային գործիչների հետ է հանդիպել:
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը «Հրապարակ»-ին ասաց՝ հոռետեսական տրամադրված էր գնում հանդիպմանը, քանի որ գիտի, թե որքան բարդ է 30-ից ավելի ուժերի համախմբել մեկ նպատակի շուրջ, բայց, բարեբախտաբար, իր սպասումները չարդարացան։ «Մեր մասնակցությունն այս շարժմանը շատ փոքր է, մենք որպես աջակցող ենք հանդես գալիս, աջակցում ենք ճշմարտությամբ առաջնորդվելու գաղափարին, նրան, ինչն ԱԻՄ-ի համար հոգեհարազատ է։ Այսօրվա նիստի նպատակը Քաղաքական խորհրդի ձեւավորումն էր, սակայն ավելի շուտ քննարկումներ էին` այդ եւ տարբեր ուղղություններով կազմակերպչական աշխատանքներ կատարելու մասին։ Ես գնում էի հոռետեսորեն տրամադրված, բայց, բարեբախտաբար, իմ հոռետեսությունն անտեղի դուրս եկավ։ Մարդիկ տրամադրված էին աշխատել, ուղիներ էին առաջարկում, որոշում ընդունվեց նախագծեր ներկայացնել՝ որոշ հարցերով հետագա զարգացումների վերաբերյալ։ Ես առաջարկեցի, որ մեզ անհրաժեշտ է բացել արժեհամակարգային քաղաքակրթական երեւույթները։ Խոսվեց համակարգող խորհրդի ձեւավորման մասին, որը քաղաքական խորհրդի հետ կապ չունի, զբաղվելու է կազմակերպչական հարցերով։ Սրբազանը մանրամասներ ներկայացրեց՝ մասնագետներին վստահելու առումով, որ պետք է կազմակերպչական աշխատանք տանել՝ մինչեւ սեպտեմբեր նոր որակով ասպարեզ իջնելու համար»,-պատմեց Հայրիկյանը՝ գնահատելով, որ օգտակար քննարկում է եղել։ ԱԻՄ նախագահը նաեւ նկատեց՝ գործընթացները պետք է արագացնել՝ ժամանակի կորուստն ամենածանրն է որեւէ մրցապայքարում։
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: