Իրականության հետ առերեսման վերջին ցայտուն դրվագը Փաշինյանի հայտարարությունն էր այն մասին, թե ինքը չի կարող այդ հարցի պատասխանը տալ՝ ԵՄ-ն պատրա՞ստ է մեզ ընդունել, չնայած այն փաստին, որ նրա թիմակիցներն արդեն անջուր բոբիկացել էին։
Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ Արտակ Բշտիկյանը կարծում է՝ Փաշինյանի եվրոպացի «տերերը» հասկացրել են՝ գլխից վերեւ չցատկել։ Դրանով է պայմանավորված նրա հայտարարությունը՝ ըստ նրա։
«Եվրոպայում քաղաքական ցունամի է տեղի ունեցել Եվրախորհրդարանի ընտրություններից հետո։ Դրա վառ օրինակը Ֆրանսիան է, որտեղ անցած կիրակի տեղի ունեցավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, եւ հավանական է, որ ԵՄ հիմնադիր ու կարեւորագույն այս պետությունում եւ ամբողջ Եվրոպայով մեկ իշխանության գան այնպիսի ուժեր, որոնք կատեգորիկ դեմ են ԵՄ ընդլայնմանը։ Այդ ուժերը ոչ միայն ԵՄ ընդլայնմանն են դեմ, այլեւ իրենց 27-ի մեջ եղած խնդիրները չեն կարողանում լուծել, էլ ուր մնաց մտածեն այնպիսի երկրների ԵՄ ընդունելու մասին, ինչպիսին Հայաստանն է, որը ԵՄ անդամ դառնալու չափորոշիչներին համապատասխանելու համար տասնամյակների ճանապարհ ունի անցնելու։ Ես ուզում եմ ասել մեր ընթերցողներին, որ սուտ ու կեղծ են այն բոլոր հայտարարությունները, թե մենք ԵՄ-ի հետ բացառիկ հարաբերություններ ունենք եւ, դրանով պայմանավորված, շուտով ազատ կկարողանանք գալ-գնալ Եվրոպա։ Դա հնարավոր չէ, եւ այդպես չի լինելու, եւ այդ մասին նշում են նույնիսկ եվրոպական դիվանագետները։ Թե ինչ են սրանք լսում, դրա ամենալավ ձեւակերպումը տվել է առաջին նախագահը, որ գուցե ինքը չի էլ հասկանում, թե իրեն ինչ են ասում»,- բացատրում է «Հրապարակ»-ի զրուցակիցը։
Արտակ Բշտիկյանը չի բացառում նաեւ հյուսիսից եկած քամիները։ Հայ-ռուսական հարաբերություններում իշխանությունները շատ մոտ են չափն անցնելուն, ուստի Մոսկվայից ստացված ազդակները եւս հնարավոր են։ Իրականում, նրա խոսքով, Փաշինյանը չգիտի, թե ուր է գնում, պատրաստ է գնալ այն ուղղությամբ, որտեղից երաշխիք կստանա, որ թեկուզ մեկ ժամով ու մեկ օրով կերկարաձգվի իր «ողորմելի իշխանությունը»։
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: