Ինչ տեսանք
Մի քանի ամիս առաջ սահմանազատման-սահմանագծման գործընթացի պատճառով թիրախում հայտնված տավուշյան չորս գյուղերից մեկում՝ Կիրանցում դամոկլյան սրի նման, ինչպես ցանկացած սպառնալիք, օդում կախված է անորոշությունը։ Ընդամենը մեկ ամիս հետո ադրբեջանական կողմը տեղակայվելու է իրեն տրված դիրքերում՝ գյուղի բնակիչների անմիջական հարևանությամբ։ Իսկ մինչ այդ մարդիկ պարզապես սպասում են՝ դեռևս հստակ չպատկերացնելով, թե ինչպես է ընթանալու իրենց հետագա կյանքը։
Եթե անձնական կամ աշխատանքային փոխադրամիջոցով չես ուղևորվում այս գյուղ, ապա անմիջապես նկատում ես, որ տաքսու վարորդների պարագայում ոչ բոլորն են համաձայնում թեկուզ հենց Տավուշի մյուս ծայրից ուղևորվել այստեղ՝ գուցե հեռավորության, գուցե ինչ-ինչ մտավախությունների պատճառով։
Կանաչով շրջապատված ճանապարհը, սակայն, գոնե առայժմ, անվտանգ է․ իրականությունն իր մասին հիշեցնել է տալիս լոկ գյուղի մատույցներում մի քանի տեղում երևացող ուժայինների մեքենաների և, մեր այցելության պահին, գյուղեզրին գտնվող տներից մեկը քանդող շինտեխնիկայի, ինչպես նաև տեսանելի հեռավորության վրա տեղադրված 1-2 ադրբեջանական դրոշների առկայությամբ։ Պատն ու փշալարը, գոնե այդ պահին, չերևացին։
Կարդացեք նաև
Կիրանցը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, ըստ հրապարակված տեղեկությունների՝ հիմնադրվել է 4-րդ դարում և չի դատարկվել անգամ մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ։ Փոքրիկ գյուղի բնակիչներն այսօր էլ ամուր կապված են իրենց հող ու ջրի հետ․ ամենախոսուն ապացույցն այն է, որ, ի տարբերություն մի շարք այլ գյուղերի, բնակչության թվաքանակն այստեղ միշտ կայուն է եղել, նույնիսկ որոշակիորեն աճել է։ Այստեղ չես նկատի լքված կամ դատարկ տներ։ Գյուղում գրանցված բնակիչների թիվը 420-ն է, իսկ բնակիչների իրական թիվը, ինչպես տեղեկացանք, նախկինի պես կազմում է շուրջ 360։ Բնակչության թվաքանակի աճ էր գրանցվել վերջին 5 տարվա ընթացքում․ ընտանիքներ կան, որ այլ բնակավայրերից տեղափոխվել ու հաստատվել են այստեղ։ Հուլիսի վերջին շաբաթը շրջադարձային է լինելու գյուղի համար․ ամսի 24-ից, ինչպես նշում էին բնակիչները, «նրանք գալու են»։ Անընդհատ հիշատակում էին այդ 24-ը՝ ասես փորձելով մտովի չափել ու գիտակցել իրենց այդ ճակատագրական օրվանից բաժանող ժամանակային հեռավորությունը։
Ինչ պատմեցին
Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը, ում գրառումներին՝ գյուղում տիրող իրավիճակի մասին, շատ շատերն են հետևում՝ ամենաթարմ զարգացումներից տեղյակ լինելու ակնկալիքով, մեզ ներկայացնում է առկա պատկերը․ «Մենք ադրբեջանցիներին մեր տներից, մեր աչքով դեռ չենք տեսել։ Միայն գիտենք, որ, այս պահի դրությամբ, նրանց ամենամոտ տեղակայված ուժերը մեզնից 200 մետր հեռավորության վրա են։ Մեկ ամիս հետո նրանք կանգնելու են նոր կառուցված դպրոցից 50 մետր հեռավորությամբ։ Բոլորս էլ նույն մտավախությունն ունենք՝ գյուղը ամսի 24-ից հետո կկարողանա՞ ապրել իր սովորական, խաղաղ առօրյայով, թե՞ ոչ։
Կամրջի կողքով անցնող շուրջ մեկ կիլոմետրանոց ճանապարհահատվածն, ըստ կառավարության հրապարակած քարտեզի, հանձնվում է ադրբեջանցիներին։ Եթե նրանք արդեն եկած կանգնած լինեին, Հայաստան-Վրաստան ճանապարհը չէր գործելու․ այլ ճանապարհ այս պահին չկա, եթե չհաշվենք այժմ վերանորոգման փուլում գտնվող գրունտային նեղ ճանապարհը՝ այլընտրանքայինը։ Այժմ գյուղում զուգահեռաբար ընթանում է երկու ճանապարհի շինարարություն․ մեկը դեպի գյուղ ուղղվող լրիվ նոր ճանապարհն է՝ կամրջից 100 մետր հեռավորությամբ, մյուսը Կիրանց-Աճարկուտ ճանապարհն է, որը նաև միանալու է միջպետական ճանապարհին։ Սահմանազատման գործընթացը բանակցությունների արդյունքում երկարել է հենց այս շինարարական աշխատանքների պատճառով։ Նոր կառուցվող ճանապարհը սահմանից ընդամենը 10 մետր է հեռու, տեղ-տեղ՝ 5 մետր։ Իրար այսքան մոտ լինելը մեզ կարո՞ղ է չանհանգստացնել, հատկապես՝ եթե մեզ ոչ ոք չի տալիս անվտանգության արժանահավատ երաշխիքներ․․․»։
Դպրոցի հարցը ևս մնում է անորոշ։ Հին շենքը, որն ի սկզբանե կառուցված է եղել որպես մանկապարտեզ, ապա հարմարեցվել է որպես դպրոց ծառայելուն, այժմ երրորդ կարգի վթարային, խարխուլ շինություն է, որտեղ նույնիսկ մինչ վերջին իրադարձությունները ոչ բոլոր դասասենյակներն էին օգտագործվում, իսկ նոր կառուցված դպրոցի շենքը սեպտեմբերից հազիվ թե ծառայի իր նպատակին, քանի որ ադրբեջանցիների ուղիղ տեսադաշտում է։
Գոհար Վարդանյանը, ով իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի դեպքում, իր իսկ խոսքերով, չի լքելու գյուղը, պատմում է նաև գյուղացիների՝ իրենց սեփական վարելահողեր հասնելու խնդրի մասին․ «Դեպի մեր վարելահողեր տանող ճանապարհն այժմ անցնում է Ադրբեջանով։ Ես, օրինակ, ինձ պատկանող վարելահող վերջին անգամ ոտք եմ դրել մարտ ամսին։ Մարդիկ 35 հեկտար ցորեն են ցանել, մեկ ամսից արդեն պիտի հնձեին, բայց ինչպե՞ս։ Վարելահողերը պատկանում են մեզ, բայց այնտեղ տանող ճանապարհը նույնպես անցել է ադրբեջանցիներին։ Հասնելու համար պիտի անցնես գետով, իսկ գետով ամեն մի մեքենա չի կարող անցնել, էլ չխոսենք կոմբայնի մասին։ Տարածքը երեք կողմից շրջապատված է ադրբեջանցիներով, չորրորդն էլ գետն է, որի վրայով գոնե կամուրջ պիտի կառուցվի, որպեսզի կարողանաս հասնել վարելահողեր ու աշխատանք կատարես։ Այսքանը նկատի ունենալով՝ մենք առաջարկում էինք սահմանազատման այլ տարբերակներ, օրինակ՝ մեզ պատկանող 60 հեկտար վարելահողը հանձնել նրանց, ինչը կլիներ ի վնաս մեզ, բայց իրենց համար՝ շահեկան, փոխարենը՝ պահպանել բուն գյուղից տարածքներ, որպեսզի գոնե 100 մետր հեռու քաշվեին, մեր տներին այդքան մոտիկ չլինեին։ Չհամաձայնեցին։ Տեղի ունեցած բանակցություններն ու սահմանազատումը մեզ ոչինչ չեն տվել՝ բացի նոր վտանգներից ու խնդիրներից։ Խաղաղության մասին են խոսում, բայց խաղաղության հաստատումն այսպիսին չի լինում․․․»։
Փոքրաթիվ բնակչություն, բայց մեծաթիվ հերոսներ ունեցող գյուղը դեռևս 1990-ականների պատերազմի ժամանակ կարողացել է կյանքի գնով պաշտպանել իր տարածքի անձեռնմխելիությունը։ Այսօր երբեմնի անվտանգության գոտին այլևս չկա։ Գյուղում, Գոհար Վարդանյանի վկայությամբ, չկա ընտանիք, որ այն տարիներին հարազատի կորուստ ունեցած չլինի․ «Ես ինչպե՞ս հավատամ խաղաղության մասին խոստումներին։ Մենք երազում ենք խաղաղության մասին, բայց իրատեսությունն այլ բան է հուշում։ Իրական խաղաղության ձգտողն այսպիսի սահմաններ չէր պարտադրի»։
Մեծի ու փոքրի աչքերով
Կիրանցում, ինչպես տեղեկացանք գյուղապետարանից, մանկահասակ երեխաներ ունեցող 2-3 բազմազավակ ընտանիք է բնակվում։ Մեր այցելության պահին գյուղում էր այդ ընտանիքներից միայն մեկը՝ Սիմոնյաններինը։ Չորս երեխայի մայր Հայկուհի Ամիրխանյանի հետ զրույցն ամենատարբեր թեմաներով էր՝ նրա երեք դպրոցահասակ երեխաների աշխույժ մասնակցությամբ, քանի դեռ քնած էր ամենակրտսերը։ Ընտանիքը, երկար ժամանակ բնակվելով Ռուսաստանում, Կիրանց է վերադարձել 2019-ին։
Հայկուհին հարևան Սարիգյուղից է, ամուսնանալով՝ տեղափոխվել է Կիրանց, այնուհետև երիտասարդ ընտանիքը բնակություն է հաստատել Ռուսաստանում, որտեղ ծնվել են նրանց ավագ որդին ու երկու դուստրերը, իսկ կրտսեր որդին ծնվել է արդեն Կիրանց վերադառնալուց հետո։ Ռուսաստանում Հայկուհու ամուսինը զբաղվել է շինարարական աշխատանքով, կենսապայմաններից դժգոհ չեն եղել, բայց հետո, այնուամենայնիվ, վերադարձել են հայրենի գյուղ, որպեսզի երեխաներն այստեղ հաճախեն դպրոց։ Վերանորոգել են խարխլված հայրական տունը, կյանքն ընթացել է սովորական հունով, հետո սկսվել է անորոշությունը։ Հայկուհին ասում է, որ այս պահին վտանգի զգացողություն չունի, բայց իրեն մտահոգում է երեխաների՝ դպրոց հաճախելուն առնչվող խնդիրը, որը դեռևս լուծված չէ։
Դժվար չէ՞ր օտար երկրում երեխաներ ունենալն ու մեծացնելը․ Հայկուհին ասում է, որ երբևէ չի մտածել 1-2 երեխայով սահմանափակվելու մասին, չի «հաշվարկել» նաև՝ տղա՞, թե՞ աղջիկ է ունենալու, պարզապես նրանցից յուրաքանչյուրի ծնունդն ընդունել է որպես Աստծո պարգև՝ չխուսափելով ևս մեկ անգամ մայրանալու առաքելությունից։ «Կուզենայի, որ երբ մեծանան ու իրենց ընտանիքներն ունենան, ինձնից հեռու չլինեն, մնան այստեղ։ Հարազատներից ու հարազատ միջավայրից հեռու ապրելը, սեփական փորձից գիտեմ, հեշտ չէ»,- ասում է նա։ Երեխաներն էլ, միջամտելով, շտապում են պատմել, որ շուտով մեկնելու են ամառային ճամբար։ Ուզում են, որ իրենց գյուղում գործեն թատերական, նկարչական ու այլ խմբակներ, որովհետև արդեն որոշել են, թե ինչ մասնագիտություն են ընտրելու։ Նրանցից երկուսը՝ քույրեր Ելենան ու Եվան, նամակ են գրում ու հանձնում մեզ՝ նախապես հարցնելով, թե ինչի՞ մասին կարելի է գրել։ «Ինչի մասին որ կուզենայիք՝ բոլորն իմանան»,- հետևում է պատասխանը։ Դպրոցական տետրի էջերին գրված նամակները ներկայացնում ենք առանց խմբագրման։
«Մեր ընտանիքը ամենախելացի ընտանիքն է։ Մեր գյուղն ունի շատ, շատ գեղեցիկ վայրեր։ Հիմա ինձ ամենաշատը անհանգստացնում է, որ թուրքերը գալու են մեր սահմանը վերցնեն, բայց մենք՝ հայերս, թույլ չենք տա, որ թուրքերը վերցնեն մեր սահմանը։ Ես կուզեի, որ մեր երկիրը շատ ամրապնդենք, որ նրանք չկարողանան գալ։ Ես ուզում եմ դառնալ դերասանուհի։ Կուզեի, որ մեր գյուղում թատերական խմբակ լիներ։ Որ ես գնամ այդ խմբակ ու դառնամ դերասանուհի։
Սիրով՝ Ելենա Սիմոնյանից»։
«Իմ ընտանիքը շատ ուրախ ընտանիք է։ Ես շատ եմ սիրում իմ ծնողներին, իմ քույրիկին ու իմ եղբայրներին։ Ես նաև շատ եմ սիրում իմ գյուղն ու իմ Հայրենիքը։ Ես ուզում եմ կռվել թուրքերի դեմ, բայց գիտեմ, որ չեմ կարող։ Երբ մեծանամ, ուզում եմ դառնալ նկարչուհի և ծաղիկների դիզայներ։ Բայց ավելի շատ ուզում եմ դառնալ նկարչուհի ու կդառնամ։ Ինձ դուր չի գալիս այն, որ մեր գյուղում կան տներ, որոնք քանդելու են։ Իմ վախն այն է, որ չեմ ուզում կորցնել իմ ընկերներին ու ընկերուհիներին։ Ու ես իմ գյուղը սիրում եմ, որովհետև իմ գյուղում կան եկեղեցիներ ու շատ գեղեցիկ տեղեր։ Իմ ծնողներն ամենալավն են, նրանք անում են այն ամենը, ինչը մեզ դուր է գալիս։ Նրանք աշխարհում ամենալավն են, մենք պիտի սիրենք նրանց, նրանք մեր սրբությունն են։
Սիրով՝ Եվա Սիմոնյանից»։
Անուշ Բաբայան
Կիրանց – Երևան
լուսանկարները՝ Գոհար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից