Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս Բաքվում Կանադայի նորանշանակ դեսպան Քևին Հեմիլթոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե պետք է ապահովել «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների Հայաստան վերադառնալու իրավունքը։ Նա նշել էր նաև, որ հայերի և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար։
Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Իլհամ Ալիևի ներկայացրած նոր պահանջը՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը նվիրեց Ադրբեջանին՝ հույս ունենալով, որ Ալիևը փախստականների վերաբնակեցման պահանջ չի ներկայացնի, սակայն սխալվեց, զիջումներից Ալիևի ախորժակը բացվել է։
«Պատերազմից 1-1,5 տարի հետո ադրբեջանական մամուլում հրապարակումներ եղան, որտեղ Ադրբեջանն իր տեսլականն էր ներկայացնում, թե ինչպես է պատկերացնում խաղաղությունը Հայաստանի հետ։ Եվ, իհարկե, այդ տեսլականը խայտառակություն է, դա ամբողջապես կապիտուլյացիա է Հայաստանի համար։
Ցավոք պիտի նշեմ՝ այդ նույն կետերը, որոնք հիմա կյանքի են կոչվում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, ամբողջությամբ ներառված են եղել Ադրբեջանի իշխանությունների կողմից ներկայացված 7-8 կետանոց խաղաղության պայմանագրի մեջ։
Կարդացեք նաև
Ինձ համար բացարձակ զարմանալի չէ, որ Ադրբեջանը բացի նրանից, որ պահանջում է փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որը իբր տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանին, հիմա էլ նոր պահանջով է հանդես գալիս։
Միևնույն ժամանակ պաշտոնական Բաքուն որևէ նպատակ չունի փոխելու իր սեփական Սահմանադրությունը, որը տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը․ պաշտոնական Երևանը չի պահանջում այն փոխել։
Ադրբեջանը իրեն հռչակել է 1918-1920 թվականի Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ժառանգորդ, իսկ դրա մեջ մտնում են ամբողջ Սյունիքը, Վայոց Ձորը, Գեղարքունիքի մարզի կեսը՝ Սևանա լճի արևելյան ափերով, Տավուշի մարզը և Արարատի մարզի հարավը։
Հիմա անցնենք Ալիևի շանտաժ-պահանջին, ըստ որի՝ Հայաստան պիտի վերադառնան այն ադրբեջանցիները, որոնք Հայաստանը լքել են 1988-1999 թվականին։
Ես կարծում եմ, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ Արցախը հանձնեց Ադրբեջանին և հայաթափեց՝ հույս ունենալով, որ պաշտոնական Բաքուն չպետք է պահանջի թուրքերի վերադարձ Հայաստան։ Իսկ թուրքերն ապրել են Հայաստանի Հանրապետության, հատկապես երկրորդ Հանրապետության տարածքում՝ տարբեր վայրերում՝ սկսած Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի տարածաշրջանից մինչև Սյունիքի, Արարատի մարզեր՝ Մասիսի շրջան, Գեղարքունքի մարզի Վարդենիսի տարածաշրջան։
Բայց խնդիրն այն է, որ եթե Ադրբեջանում, 1989 թվականի Խորհրդային Միությունում անցկացված վերջին մարդահամարի տվյալներով՝ բնակվել է կես միլիոն հայ, որից ընդամենը 150 հազարն է բնակվել Արցախում, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզում, իսկ 350 հազարը հիմնականում բնակվել են Ադրբեջանի խոշորագույն քաղաքներում, ինչպիսիք են՝ Բաքուն, որը 200-250 հազար հայ բնակչություն է ունեցել, Սումգայիթը, որտեղ մոտ 30-35 հազար հայեր են ապրել, Գանձակը՝ Գյանջան՝ Կիրովաբադը, որտեղ մոտավորապես ապրել են 60 հազար հայ։ Այս քաղաքն ունեցել է ընդամենը 250 հազար բնակչություն՝ խորհրդային մարդահամարի տվյալներով։
Ադրբեջանցիները Հայաստանում կազմել են ընդամենը 168 հազար, որոնք ապրել են մեծ մասամբ շրջաններում, զբաղվել են գյուղատնտեսությամբ։ Ադրբեջանցիների ապրելակերպը պատկերացնելու համար մեզ բացարձակապես պետք չէ լուրջ ուսումնասիրություններ կատարել, ընդամենը կարելի է գնալ Շիրակի մարզի հյուսիսային Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների կիսադատարկ գյուղեր և տեսնել ադրբեջանցիներն ինչ մակարդակով են ապրել։
Հայերը Բաքվում ապրել են թանկարժեք բնակարաններում՝ լավ վերանորոգված, լավ կահավորված, լավ պաշտոններ են զբաղեցրել, եղել են ադրբեջանական ինտելիգենցիայի մեծ մասը, ինչպես հրեաներն ու ռուսները Խորհրդային Միության տարիներին։ Ասենք նրանց ապրելաձևն ու ադրբեջանցիների ապրելաձևը Հայաստանում նու՞յնն են»։
Ըստ Գագիկ Համբարյանի, հայերը մազապուրծ են փրկվել՝ լքելով Ադրբեջանը, 1988 թվականի փետրվարին սումգայիթյան ջարդերը տեղի ունեցան, իսկ 1990 թվական հունվարի 13-20-ը մեկշաբաթյա ջարդեր տեղի ունեցան Բաքվում։
Հայերը, ըստ մեր զրուցակցի, ի տարբերություն Հայաստանում բնակվող ադրբեջանցիների, ամեն ինչ թողեցին ու փախան Ադրբեջանից։
Իսկ Հայաստանում բնակվող ադրբեջանցիները հնարավորություն ունեցան վաճառել իրենց ունեցվածքը, ավելին՝ 1989 թվականի պետական բյուջեի հաստատման ժամանակ (ԽՍՀՄ-ի կազմի մեջ գտնվող պետությունների բյուջեն հաստատվում էր մայրաքաղաք Մոսկվայում) Հայաստանի Խորհրդային Հանրապետության բյուջեից բավական մեծ գումար՝ 72 միլիոն ռուբլի կամ 110 միլիոն դոլար է հատկացվել Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությանը՝ որպես փոխհատուցում ադրբեջանցիների կրած վնասների։
Խորհրդային իշխանությունները Հայաստանի բյուջեով հովանավորել են նաև ադրբեջանցիների տեղահանումը դեպի բուն Ադրբեջանի տարածք, մեքենաներ են վարձակալել, գույքն ու կահ-կարասին են տեղափոխել։
«168 հազար ադրբեջանցիները, որոնք լքել են Հայաստանի տարածքը 1988-1989 թվականներին, չեն կարող կոչվել փախստականներ, որովհետև իրենք ստացել են Հայաստանի Խորհրդային Հանրապետության բյուջեից փոխհատուցում հենց տեղափոխման համար՝ ի տարբերություն Ադրբեջանը լքած 350 հազար հայերի, որոնք մազապուրծ են փախել Ադրբեջանից, էլ չասեմ հազարավոր զոհերի մասին։
Խորհրդային պատմագրության մեջ անընդհատ կեղծիքներ են տարածում, հեքիաթային փոքրիկ թվեր են ասում Սումգայիթում ու Բաքվում զոհված հայերի թվի մասին՝ իբր թե փորձելով քողարկել Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետության հանցագործությունը հայերի նկատմամբ։ Բայց փաստերն այլ բան են ասում։
Ալիևի արտահայտած մտքերն ապօրինի են, նա փորձում է 300 հազար ադրբեջանցիների ներկայացնել որպես 168 հազար ադրբեջանցիների սերունդ»։
Գագիկ Համբարյանի ասելով՝ Բաքվում բացարձակ հաշվի չեն առնելու Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը նվիրելու փաստը ու պնդելու են իրենց պահանջը, հարկադրելու են ստորագրել փախստականների փոխադարձ վերադարձի մասին կետը՝ հոյակապ իմանալով, որ ոչ մի հայ Բաքու, Սումգայիթ չի վերադառնա։ Ըստ քաղաքագետի, գուցե Արցախը լքած 120 հազար հայերից մի քանի հարյուրը որոշեն վերադառնալ Արցախ։
«Համոզված եղեք, որ Ադրբեջանի իշխանությունները միլիոնավոր դոլարների ֆինանսավորում են տրամադրելու իրենց այն քաղաքացիներին, որոնք չակերտավոր ասած Հայաստանի ծագում ունեն, որպեսզի նրանք գան այստեղ ու հաստատվեն իրենց ուզած ձևով։
Առաջնայինը Ադրբեջանի իշխանությունները փորձելու են ադրբեջանցիներով բնակեցնել Սյունիքի մարզը, Վայոց Ձորը և Գեղարքունիքի մարզը։
Ի դեպ, նշեմ, որ 1,5 տարի առաջ Ադրբեջանի կառավարությանը կից բացվեց մի կոմիտե, որը զբաղվելու էր Արևմտյան Ադրբեջանի վերաբնակեցման հարցով։ Կա կոմիտեի նախագահ, նույնիսկ տարածաշրջանների համար պատասխանատուներ, բացեք Ադրբեջանի կառավարության պաշտոնական կայքէջը ռուսերեն լեզվով, բացեք կոմիտեի կայքէջը, կտեսնեք, որ այնտեղ կա Ամասիայի և Ղուկասյանի տարածաշրջանների վերաբնակեցման հանձնակատար, նշված է հեռախոսահամարը։
Այն մարդիկ, որոնք 1988 թվականին Հայաստանի տարածքը լքելու համար գումար են ստացել, հիմա Ադրբեջանի իշխանություններն ասում են՝ կապ չունի, որ դուք գումար եք ստացել, զանգահարեք և ամեն ինչ անելու ենք, որ դուք կրկին բնակվեք Ամասիայի, Վարդենիսի կամ Մասիսի տարածաշրջանում։
Եվ դուք կտեսնեք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարելու է՝ էհ, հա, ինչ անենք, ադրբեջանցիները գալու են Հայաստան, դուք էլ գնացեք Ադրբեջան, ես մեղավո՞ր եմ, որ դուք չեք գնում։
Եվ այս մեթոդով Նիկոլ Փաշինյանը, լինելով Ադրբեջանի նախագահի կամակատարը Հայաստանում, ընդամենը 10 տարում փոխելու է ամբողջ ժողովրդագրական պատկերը, հատկապես Հայաստանի այն տարածքներում, որի նկատմամբ Ադրբեջանն ունի պահանջներ։
Ադրբեջանն այժմ կոնկրետ սևեռված է Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում ադրբեջանցիների վերաբնակեցման հարցի վրա։
Եվ, ինքնըստինքյան, սա աղետ է բերելու Հայաստանի Հանրապետության գլխին»,-ասում է Գագիկ Համբարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ